Հայերեն   English   Русский  

​Խեղճ նախագահ, մենակ Սպիտակ տանը


ԱՄՆ նախագահը սպասում է Դեմոկրատական կուսակցության հետ համաձայնությանը միջոցներ հատկացնելու համար Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը:


  
դիտումներ: 493

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է թվիթերյան իր էջում, թե Ծննդյան տոնից առաջ լրիվ մենակ է մնացել Սպիտակ տանը, որովհետև սպասում է Դեմոկրատական կուսակցության հետ համաձայնություն կնքելուն Մեքիկայի հետ սահմանին պատի շինարարությանը միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

«Դժբախտ նախագահը Սպիտակ տանը սպասում է դեմոկրատների վերադարձին, որպեսզի գործարք կնքի՝ խիստ անհրաժեշտ սահմանների անվտանգության համար: Դեմոկրատների՝ գործարքը կնքելու չկամությունը մեր երկրի համար ավելի թանկ կնստի, քան խնդրո առարկա պատի շինարարությունը: Խելագարություն»,- գրել է երեկ ամերիկացի առաջնորդը:

Անցած ուրբաթ Սենատում Դեմոկրատական կուսակցության անդամները և Թրամփի վարչակազմը ամերիկամեքսիկական սահմանին պատ կառուցելու վերաբերյալ տարաձայնությունների պատճառով չկարողացան պայմանավորվել փաստաթղթի կապակցությամբ, որը ժամանակավորապես երկարացնում է դաշնային կառավարության ֆինանսավորումը: Հետևանքն այն է, որ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է իր աշխատանքը: Ինչպես սպասվում է, բանավեճերը Սենատում կառավարության ֆինանսավորման շուրջ կշարունակվեն դեկտեմբերի 27-ից ոչ շուտ, երբ օրենսդիրները կվերադառնան ծննդյան արձակուրդից:

Այժմ առանց ֆինանսավորման է մնացել կառավարության մոտ քառորդ մասը, մասնավորապես՝ պետդեպարտամենտը, ֆինանսների, առևտրի և ներքին անվտանգության նախարարությունները: Մնացած հաստատությունների համար Կոնգրեսը հասցրել է հավանություն տալ միջոցների հատկացմանը մինչև 2019 թ. սեպտեմբերը:

Մինչև հինգշաբթի պետական հաստատությունների գրեթե 420 հազար աշխատակից կաշխատի առանց վճարման, սակայն հետագայում հավանաբար փոխհատուցում կստանա: Եվս 380 հազար մարդ չվճարվող արձակուրդի է գնացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: