Հայերեն   English   Русский  

«Երևանն ու Բաքուն պետք է պայմանավորվեն». Զախարովան` Ադրբեջանի առաջարկության մասին


  
դիտումներ: 384

Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը։

Ռուսաստանը կողջունի ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, սակայն հակամարտության կողմերը նախևառաջ պետք է միմյանց հետ պայմանավորվեն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Միաժամանակ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հայաստանում ադրբեջանական գերիներ չկան, կան միայն դիվերսանտներ։

Մեկնաբանելով Բաքվի առաջարկությունը` Զախարովան ասաց, որ Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը։

«Բայց պայմանավորվածությունները փոխադարձ համաձայնություն են ենթադրում։ Նախաձեռնությունը կարելի է ողջունել, բայց այդ գործնականում պետք է իրագործվի միայն երկու կողմի համաձայնությամբ», – նշեց է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաև դրական գնահատեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գաղափարը։ Նախարարների բանակցությունները կարող են կայանալ Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։

Տվյալ պահին Ադրբեջանում Հայաստանի երեք քաղաքացի կա` Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանն ու Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն դիվերսանտ ու ռազմական հանցագործ է համարում։

Հիշեցնենք` Արցախում պատիժ են կրում Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասքերովը (ցմահ) և Շահբազ Գուլիևը (22 տարի ժամկետով)` սահմանն ապօրինի հատելու և մարդասպանության համար։ Երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, որը ձերբակալվել է 2017թ–ին Թալիշ գյուղի մոտ։ Հուսեյնզադեն, պաշտոնական վարկածի համաձայն, ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: