Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել Մարզահամերգային համալիրում


  
դիտումներ: 692

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

Ըստ որոշման նախագծի` Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում և գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը: Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: