Հայերեն   English   Русский  

​Պետական հոգածությունը նախ և առաջ դրսևորվում է ֆինանսավորման ծավալներով. գիտնական


  
դիտումներ: 3729

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ԳԱԱ կազմած ինովացիոն առաջարկների 2017 թ. փաթեթում երեք առաջարկ ունի։ Գիտական կենտրոնն առաջարկում է Հայաստանում ներդնել ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների դեմ բուժկանխարգելիչ միջոցներ, մշակել կենսաբանական պայքարի մեթոդ գյուղատնտեսական բույսերի վնասատուների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Խաչատրյանի խոսքով՝ առաջին առաջարկի կիրառման դեպքում կմեծանա ոչխարների մսատվությունն ու կաթնատվությունը, իսկ կենսաբանական պայքարի մեթոդի կիրառման դեպքում սպառողին կհասնի թունաքիմիկատներով չմշակված, հետևաբար՝ առավել անվնաս գյուղմթերք։

Խաչատրյանը նշում է, որ ֆերմերային տնտեսությունների հետ աշխատել դժվարանում են. գյուղացու համար ավելի հեշտ է թունաքիմիկատներով պայքարել վնասատուների դեմ կամ մշակաբույսերի պարագայում օգտագործել ներմուծված առավել դիմացկուն տեսակներ, քան թե ներդրում անել գիտական հետազոտություններում ու երկարաժամկետ կտրվածքով միայն գումարի վերադարձ ակնկալել։

Ասում է, որ փորձել են համագործակցել գյուղատնտեսության նախարարության հետ։ Եթե սկզբում հետաքրքրվել են առաջարկներով, ապա շուտով հետաքրքրությունը մարել է, երբ ֆինանսական կողմին է անդրադարձ եղել։ Նախարարությունից առաջարկել են մեկ տարի շարունակել հետազոտությունները՝ խոստանալով ամեն եռամսյակի համար հատկացնել 80 հազար դրամ։

Հարցին, թե արդյոք գիտական կենտրոնի առաջարկների կիրառելիությունը սահմանափակվում է Հայաստանով, Խաչատրյանը պատասխանում է՝ ոչ։ Ասում է, որ արտերկրում գաղափարներն առևտրայնացնելու փորձերին խանգարում են սուղ ֆինանսական միջոցները. չեն կարողանում հետազոտությունները, մշակումները հասցնել մինչև սպառող, ինչը դժվարացնում է ներդրողներին ներկայանալի, մրցունակ առաջարկ անելը։

Միաժամանակ Խաչատրյանը նշում է, որ գիտնականը չէ, որ պետք է զբաղվի առևտրայնացման հարցերով։ Շեշտում է՝ ամեն մարդ բիզնեսով զբաղվել չի կարող, չէ՞, հետևաբար առևտրայնացմամբ էլ ամեն գիտնական զբաղվել չի կարող։ Նրա խոսքով՝ այդ գործը պետք է վստահվի մասնագետներին, մինչդեռ հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն անգամ նման մասնագետներ չի պատրաստում։

Խաչատրյանը նաև դժգոհում է ամեն ինչ առևտրայնացնելու, նյութականի վերածելու մոտեցումից։ Ասում է, որ իրենց գիտական կենտրոնի բոլոր հետազոտություններն ունեն կիրառական նշանակություն, մինչդեռ շահութաբերության առումով խնդիր կա։ «Օրինակ՝ կենսաբազմազանության ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է բնապահպանական կիրառություն չունենալ, Սևանի գիտական ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է չծառայել Սևանի հիմնախնդրի լուծմանը։ Սրանք մի՞թե կիրառական նշանակություն չեն։ Արդյոք մեր տվյալները հիմք չե՞ն ծառայում բնօգտագործումը ճիշտ կազմակերպելու համար»,- ասում է նա։

Խաչատրյանը նաև հավելում է՝ եթե ժամանակին ամեն գիտական հետազոտություն նախաձեռնելիս մտածեին առևտրայնացման ու ստացվելիք շահույթի մասին, այսօր չէինք ունենա մեզ համար սովորական դարձած տեխնոլոգիաներով հագեցած կենցաղը։

«Ամեն գիտական հիմնարկի համար առաջնահերթ խնդիր է տեսական հարցերի ուսումնասիրությունը և հիմնարար գիտության զարգացումը։ Ցանկացած հիմնարար գիտություն վաղ թե ուշ ստանում է կիրառական նշանակություն, և արդյունքները ներդրվում են տնտեսության մեջ, բայց շատ հաճախ այդ արդյունքները կանխատեսել հնարավոր չէ։ Երբ ատոմի կառուցվածքն էր ուսումնասիրվում, որևէ մեկը չի պատկերացրել, որ դա հետագայում կօգտագործվի ատոմային զենք կամ ատոմայականներ ստեղծելու համար,- ասում է նա։- Գիտությունը մեծ ներդրումներ է պահանջում և կարճաժամկետ առումով եկամուտ չի ապահովի։ Եկամուտ ունենալու համար էլ ամբողջական շղթա պետք է ապահովվի գիտությունից մինչև սպառող»։

Գիտնականը նաև շեշտում է, որ առևտրայնացման մասին մտածելուց բացի, պետք է մտահոգվել նաև առաջարկների գիտական մասի ապահովմամբ. առկա ֆինանսավորումը և խնդիրներն ավելի ու ավելի են բարդացնում դրա հնարավորությունը։

«Մեր ողջ աշխատանքը դաշտային գիտարշավների հետ է կապված։ Պետք է գնանք, նյութ հավաքենք, բերենք և ուսումնասիրենք։ Բայց մեզ դրա համար գումար չի հատկացվում, տնտեսական ծախսերի հաշվին պետք է կարողանանք կոմունալները հոգալ, աշխատանքային պայմաններ ստեղծել և դաշտային հետազոտություններն իրականացնել։ Միջազգային գրանտների ենք դիմում. մի տարի կարող է շատ ունենանք, մի տարի էլ՝ քիչ։ Այդ ֆոնդերի գումարներն էլ են գնալով կրճատվում, իսկ հնարավորությունները՝ պակասում»,- ասում է նա։

Անդրադառնալով ֆինանսավորման կրճատմանը՝ ասում է, որ այս տարվա կրճատված ֆինանսավորման մեջ գիտական կենտրոնի գործունեությունը տեղավորելու համար ստիպված են եղել վերանայել գիտարշավների ծրագիրը՝ ծախսերը կրճատելու նպատակով ընտրելով հնարավորինս մոտ վայրեր։ Կրճատել են նաև տարեց աշխատակիցներին։ Չեն ունենա նաև նոր սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն։

Գիտնականը շեշտում է՝ եթե գիտական արդյունք ենք ուզում, ապա ֆինանսավորումն էլ պետք է լինի համապատասխան. «Գիտությունը զարգացնելու, կիրառական ոլորտը զարգացնելու, առևտրայնացումը խթանելու համար համապատասխան մասնագետներ, միջավայր և ֆինանսավորում է հարկավոր։ Այդ ամենը պետք է ճիշտ հաշվարկվի»։

Խաչատրյանը նշում է, որ խնդրահարույց է նաև երիտասարդներին գրավելու հարցը։

«Հիմա անգամ պահանջում են ասպիրանտների հետ պայմանագիր կնքել, որով կպարտավորվեն պաշտպանելուց հետո մնալ և աշխատել ինստիտուտում։ Բայց ասենք՝ ասպիրանտը հաջողությամբ ավարտեց։ Եթե նոր հաստիք չի իջեցվում, ֆինանսավորումը չի ավելացվում, ինչպե՞ս պետք է նրան աշխատանքի ընդունենք։ Նշանակում է մեկ այլ մարդու պետք է հեռացնենք, որ երիտասարդին էլ ընդունենք»,- ասում է Խաչատրյանը։

Նշում է, որ չնայած առկա խնդրին՝ գիտական կենտրոնում երիտասարդների ներկայացվածությունը 30 տոկոս է կազմում։

Սակայն չափազանց ցածր ֆինանսավորման պայմաններում խնդիր է նաև նրանց գիտությունում պահելը։ «Նվազագույն աշխատավարձով մարդ միայն իր կարիքները չի կարող հոգալ, ուր մնաց, թե ընտանիք պահի»,- ասում է նա։

Ամփոփելով՝ Խաչատրյանը հիշեցնում է, որ առանց գիտության և կրթության որևէ պետություն ապագա չունի, իսկ պետական հոգածությունը նախ և առաջ դրսևորվում է ֆինանսավորման ծավալներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: