Հայերեն   English   Русский  

​Զինվորի տուն. ոչ միայն առողջության, այլև հպարտության ու բարոյականության վերականգնում


  
դիտումներ: 3151

Այսուհետ կարող ենք բաց ճակատով նայել ոչ միայն մեր զինվորին, այլև աշխարհին:

Մի քանի անհատների համոզմունքի և համազգային համախմբման շնորհիվ Երևանում զինվորական հաշմանդամների համար տեղծվեց մի վերականգնողական կենտրոն, որն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Թերևս մեկ-երկու «մրցակից» կարող է ունենալ:

9000 և ավելի զինհաշմանդամ՝ Արցախյան պատերազմից մինչ օրս

Ապրիլյան պատերազմը մի փորձություն էր, որը բացահայտեց նախկին չսերտած դասերի մի ողջ փունջ: Դրանցից մեկն էլ զինվորական հաշմանդամների տասնամյակներով կարծրացած խնդիրն էր:

Картинки по запросу Հայկուհի ՄինասյանԵրբ լրագրող Հայկուհի Մինասյանը սկսեց հետաքրքրվել զինհաշմանդամների խնդիրներով, չափազանց ցավոտ պատկեր բացահայտեց՝ վերականգնողական լուրջ բացթողումներից մինչև սոցիալական ծայրահեղ ծանր վիճակ:

Հայկուհին ստեղծեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» նախաձեռնությունը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն և սկսեց տարբեր միջոցներով աջակցել զինհաշմանդամներին:

«Մենք ունեինք Կարմիր խաչի հիվանդանոցը, որտեղ հաշմանդամները բավական լավ վերականգնողական բուժում էին ստանում, բայց չունեինք հենց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն: Հարցը սուր դրվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ տղաներին ուղարկում էին արտերկիր վերականգնողական բուժման: 2016 թվականին Արմեն Մուրադյանի հետ, որն այն ժամանակ առողջապահության նախարարն էր, շրջեցինք մարզերով, մոտ 100 ընտանիքի այցելեցինք և փորձեցինք հասկանալ զինհաշմանդամների խնդիրները: Մեր կամավոր կինեզիստներ Դավիթները, որոնք ապրիլի դեպքերից հետո կամավորության սկզբունքով մտան զինվորական հոսպիտալ և սկսեցին տղաների հետ աշխատել, փայլուն արդյունքներ գրանցեցին: Արմեն Մուրադյանը խոստացավ աջակցել: Իսկ երբ 9 տարի սայլակին գամված Արկադի Մկրտչյանն այդ աշխատանքի շնորհիվ կարողացավ քայլել, պարոն Մուրադյանի վստահությունն էլ ավելի բարձրացավ այս ծրագրի նկատմամբ, և արդեն ինքն առաջարկեց, որ Հայաստանում պետք է ստեղծվի վերականգնողական կենտրոն»,-պատմում է Հայկուհի Մինասյանը:

Երազանք, որ իրականություն դարձավ ընդամենը 10 ամսում

Զինվորի տուն

Այս տարվա հունվարի 29-ին պաշտոնապես բացվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որի տնօրենը Հայկուհի Մինասյանն է, իսկ կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներքո, որն էլ իր հերթին համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի հետ:

«Ամեն ինչ սկսվեց տղաների ձեռքով պատրաստած բացիկներից, որոնց վաճառքից գոյացած գումարը՝ մոտ 5 միլիոն դրամ, մենք ուղղեցինք կենտրոնին տրամադրված շենքի վերանորոգմանը: Դրանից հետո մեզ միացավ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը գումարներ հայթայթեց ծրագրի համար, հետո պաշտպանության նախարարությունը տեղեկացավ ու սկսեց աջակցել, նախարարն անձամբ ամբողջ ընթացքում հետևում էր կենտրոնի կառուցման աշխատանքներին: Հանրապետության նախագահի աջակցությամբ կենտրոնին տրամադրվեց ողջ սարքավորումների ձեռքբերման գումարը՝ շուրջ 1 միլիոն 380 հազար ԱՄՆ դոլար, շատերը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, միացան այս գործին: Սա համաժողովրդական ջանքերով իրականացած ծրագիր է՝ անկախ նրանից՝ մարդիկ 1000 դրամով են մասնակցել, թե 10 հազար դոլարով»:

Հայկուհի Մինասյանը Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը կյանքի կոչելու հարցում անգնահատելի է համարում հատկապես Արմեն Մուրադյանի դերը: Նա առաջինն էր, որ հավատաց իրենց, միացավ ու ամեն ինչ արեց, որ նպատակն իրականություն դառնա:

Գերժամանակակից վերականգնողական կենտրոն, որին կնախանձեն անգամ ամենազարգացած երկրներում

Զինվորի տուն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնելու նպատակով պետությունը «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանն է տրամադրել շուրջ 1700 քմ տարածք Աբովյան 58 հասցեում գտնվող «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պատմամշակութային հուշարձան հանդիսացող համալիր-շենքի մի հատվածում, որը տասնամյակներ ի վեր անմխիթար ու աղետալի վիճակում էր և վերականգնման խիստ անհրաժեշտություն ուներ:

«2017 թվականի ապրիլի 25-ին սկսեցինք վերանորոգման աշխատանքները: Շենքն ամբողջությամբ բաղդատից էր, ամեն ինչ քանդեցինք, միայն արտաքին պատերն էինք թողել, ամրացրինք, վերանորոգեցինք: Փաստորեն և՛ շենքը փրկվեց, և՛ զինվորները քաղաքի կենտրոնում ունեցան եզակի վերականգնողական կենտրոն»,-ասում է Հայկուհի Մինասյանը:

4 հարկ՝ գերհագեցած ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից բերված ժամանակակից բժշկական լավագույն սարքավորումներով, բուժական տարբեր ծառայությունների համար նախատեսված սրահներով, հանգստի ու գիշերակացի սենյակներով, անգամ զինվորների պատվո սենյակով:

Կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, բժիշկ-ռեաբիլիտոլոգ Անահիտ Իսախանյանի հետ շրջում ենք կենտրոնում: Նախ անցնում ենք 3 կինեզոդահլիճներով, որտեղ բժշկուհին հպարտությամբ ցույց է տալիս նորագույն սարքավորումները: Առանձնակի հիացած է Zero G սարքով, որը բացառիկ հնարավորություններ է տալիս ինչպես քայլել կարողացողներին՝ շտկելով քայլքի խնդիրները, այնպես էլ սայլակով տեղաշարժվողներին: Ի դեպ, այս սարքը ստեղծողը նույնպես հաշմանդամ է: Նա անձամբ է եկել Հայաստան, որպեսզի ներկայացնի իր սարքը հայ մասնագետներին:

«23 անուն սարք է բերվել և բոլորի մասնագետները եկել են, մոտ 10 օր մնացել, վերապատրաստել մեր կենտրոնի մասնագետներին»,- ասում է բժշկուհին:

Դրսից եկած մասնագետներն ու առհասարակ օտարերկրյա հյուրերը հիացած են մնացել այս կենտրոնով՝ նշելով, որ առաջին անգամ են տեսնում նման վերականգնողական բուժհաստատություն ոչ միայն սարքավորումների հագեցածության ու ամբողջականության, այլև տղաների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից:

Նկուղային հարկում լողավազաններն են: Դրանցից մեկը նախատեսված է քայլելու խնդիր ունեցող հիվանդների համար: Բժշկուհին կարևորում է ջրային մարզումները հենաշարժողական և մկանային համակարգի համար:

Կենտրոնում զինհաշմանդամներին տրամադրվում է կինեզոթերապիայի, ասեղնաբուժության, գալոթերապիայի (աղաբուժություն), մերսման, էրգոթերապիայի, էլեկտրաֆիզիոթերապիայի, տորֆոթերապիայի և այլ վերականգնողական ծառայություններ:

«Նախկինում գրեթե ամեն ինչ արվում էր ձեռքով, որոշ սարքավորումներ ունեինք, որոնք տղաներն էին իրենց ձեռքով պատրաստել: Մենք երկար ժամանակ էինք կորցնում, իսկ այս սարքավորումների միջոցով վերականգնումը կլինի անհամեմատ արագ ու արդյունավետ: Սա ոչ միայն տղաների, այլև առհասարակ մեր երկրի համար անչափ կարևոր բուժհաստատություն է, քանի որ բժշկության մեջ վերականգնողական գիծը կզարգանա»,- ասում է բժշկուհին:

Կենտրոնի ստեղծումը հսկայական բեռի թեթևացում է զինհաշմանդամի ու պետության համար. միևնույն վերականգնողական բուժման մեկ օրվա ծախսը Եվրոպայում կազմում է մոտ 3 հազար դոլար, իսկ Հայաստանում այդ գումարով հնարավոր է շուրջ 2 ամիս բուժվել, ինչը, իհարկե, զինհաշմանդամի համար իրականացվում է պետպատվերի շրջանակում:

Վերականգնողական կենտրոնի ստեղծման համար ներդրվել է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Սակայն վստահ կարելի է ասել, որ ստացած արդյունքն ավելին է, քան ծախսած գումարը:

Ոչ միայն բուժհաստատություն, այլև տուն

Տղաների համար սա պարզապես բժշկական հաստատություն չէ, այն միջավայր է, որտեղ նրանք իրենց բավարարված ու հանգիստ են զգում, հույսով, որ լիարժեք կվերականգնվեն, ամենակարևորը՝ սիրված ու գնահատված են: Պատահական չէ, որ կենտրոնը նաև Զինվորի տուն են կոչում: Ճաշակով կահավորանքը, գեղեցիկ ձևավորումը, զինհաշմանդամին հարազատի պես վերաբերվող բուժանձնակազմն այնպիսի դրական միջավայր են ստեղծում, որ զինվորն այստեղ վերականգնվում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ու բարոյապես: Տղաներն այստեղ նաև սնվում են, հանգստանում, ժամանակ անցկացնում: Պատվո սենյակի շքեղ կահավորանքն առաջին հայացքից տպավորություն է ստեղծում, թե բարձրաստիճան պաշտոնյայի աշխատասենյակում ես գտնվում, իսկ ճաշասենյակը երևանյան ուրախ սրճարան է հիշեցնում:

Սակայն կենտրոնի առաքելությունը շատ ավելին է, քան այն ամենը, ինչ ներկայացվեց ու թվարկվեց:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվելու են զինվորական հաշմանդամների ոչ միայն առողջական ու վերականգնողական, այլև սոցիալական, կրթական, աշխատանքային և այլ խնդիրները:

Մի խոսքով, սա վերականգնողական կենտրոն է բառի ամենալայն ու ամենադրական իմաստով: Սա, կարելի է ասել, բոլորիս բարոյական պարտքի արժանապատիվ վերադարձն է նրանց, ովքեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին են դրել իրենց թանկագին առողջությունը: Սա նաև հպարտության վերականգնման կենտրոն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: