Հայերեն   English   Русский  

​1000 դրամների վերադարձը. արհեստական խոչընդոտնե՞ր, թե՞ «օրինական» բյուրոկրատիա


  
դիտումներ: 2939

Մի քանի տեղ աշխատող ու մեկից ավելի անգամ դրոշմանիշային վճար կատարող քաղաքացիները սպասում էին 2018-ի սկզբին, երբ պարզ կդառնար, թե երբ և ինչպես կարող են հետ ստանալ ավելի վճարած գումարները։ Երկար սպասված պահը, սակայն, հիասթափության պահ դարձավ․ կարգն այնքան խճճված է, որ քաղաքացին շատ ժամանակ ու գուցե նաև գումար պետք է ծախսի իր իսկ գումարը վերադարձնելու համար։

Այսպես, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի www.1000plus.am կայքում հրապարակված դրոշմանիշային վճարների կամ 1000 դրամների վերադարձման համար դիմելու ուղեցույցի համաձայն՝ գումարների վերադարձման վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 28-ը։

Օրենքով սահմանված կարգով դրոշմանիշային վճարից ազատված քաղաքացիները (զինծառայության մեջ գտնվող զինվորի կամ զոհված զինծառայողի ծնող կամ ամուսին) և մի քանի տեղում աշխատող և օրենքով սահմանվածից ավելի վճարած քաղաքացիները գումարը հետ ստանալու համար մի քանի ատյան պետք է անցնեն։

Նախ, բոլոր գործատուներից հարկավոր է տեղեկանք ստանալ այն մասին, որ դրոշմանիշային վճարները կատարվել են քաղաքացու կամ աշխատակցի հաշվին։ Տեղեկանքներն անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի հետ պետք է ներկայացնել ՊԵԿ-ի որևէ ստորաբաժանում։ ՊԵԿ-ից քաղաքացուն տեղեկանք կտրամադրեն նախորդ տարում վճարած դրոշմանիշային վճարների չափի մասին։ Այդ տեղեկանքը հիմնադրամի կայքում տեղադրված դիմումի լրացված ձևաչափի և անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ պետք է ներկայացնել հիմնադրամ։ Զինծառայության մեջ գտնվող կամ զոհված զինվորի ընտանիքի անդամները նաև հավելյալ այդ մասին տեղեկանք պետք է ներկայացնեն։ Փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում հավելյալ վճարված գումարը երկօրյա ժամկետում կփոխանցվի քաղաքացու հաշվեհամարին։

Նշենք, որ օրենքի համաձայն՝ անկախ այն հանգամանքից, թե քանի տեղում է քաղաքացին աշխատում և աշխատավարձ ստանում, յուրաքանչյուր ամիս միայն հազար դրամ պետք է վճարի։ Ներկայումս, սակայն, մի քանի տեղ աշխատող քաղաքացիներից պահումներ են կատարվում բոլոր աշխատավայրերում։

Բավական չէ, որ քաղաքացուն, հակառակ օրենքի, սահմանվածից ավելի են հարկում, դեռ այդ գումարը հետ ստանալու համար էլ քաղաքացին պետք է դռնեդուռ անցնի, բազում տեղեկանքներ ստանա ու ներկայացնի։

Առկա կարգն արդեն իսկ քաղաքացիների շրջանում քննարկման տեղիք է տվել, թե այդ ամենը միտումնավոր է արված, որպեսզի ավելորդ բյուրոկրատիայից, քաշքշուքից ու ժամանակի կորուստից խուսափելու համար քաղաքացիները չդիմեն գումարների վերադարձի համար։

Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը, սակայն, հերքում է այդ տեսակետը։ Նա ասում է, որ որևէ արգելք չկա և ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվում։ Ավելին, ասում է, որ ժամանակ ու ռեսուրս են հատկացրել՝ քաղաքացիներին հնարավորինս մատչելի կերպով բացատրելու, թե ինչպես դիմեն գումարների վերադարձի համար։

Գործատուից տեղեկանքի անհրաժեշտությունը բացատրելով՝ Ավետիքյանն ասում է, որ նվազագույն աշխատավարձ կամ դրանից քիչ վարձատրություն ստանալու դեպքում գործատուն է վճարում դրոշմանիշային վճարը։ Իսկ այդ պարագայում գումարը չի վերադարձվում ո՛չ գործատուին, ո՛չ քաղաքացուն։ Հետևաբար գործատուի տեղեկանքն անհրաժեշտ է՝ փաստելու, որ հենց աշխատակցի հաշվից է պահումն իրականացվել։

Իսկ ՊԵԿ-ից տեղեկանքը, նրա խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի ապացուցվի, որ աշխատակիցը բոլոր ամիսների համար վճարել է։ «Կան քաղաքացիներ, որ որոշ ամիսներին չեն վճարել»,- ասում է նա։

Ավետիքյանը վստահեցնում է՝ ամբողջական դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը կփոխանցեն քաղաքացու հաշվեհամարին առանց որևէ խոչընդոտի։ Իսկ մինչ դիմումը ներկայացնելը տարբեր ատյաններով անցնելն Ավետիքյանը խոչընդոտ չի համարում։

Հարցին, թե հնարավոր չէ միասնական օն-լայն համակարգ ստեղծել՝ տարբեր ատյաններով անցնելու, հավելյալ պահումների ու գումարների վերադարձի խնդրից խուսափելու համար, Ավետիքյանն ասում է՝ ցանկալի կլիներ, որ նման համակարգ լիներ, սակայն դա լրացուցիչ գումար է պահանջում։ Նա միաժամանակ չի բացառում այն հնարավորությունը, որ ինչ-որ ժամանակ նման համակարգ կարող է ստեղծվել։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի գումարների հետ, որոնց վերադարձի համար քաղաքացիները չեն դիմի, Ավետիքյանն ասում է, որ դրանք կմնան հիմնադրամի հաշվեհամարին։

Ադրիանան, որ մասնագիտությամբ հաշվապահ է ու նախորդ տարվա ընթացքում մի քանի տեղերից է վճարել գումարը, անպայման դիմելու է, չնայած խճճված ընթացակարգին։ «Դիմելու եմ, որ հասկանան՝ չեն կարող նման խճճված ընթացակարգերով ստիպել հրաժարվել գումարից»,- ասում է նա՝ հավելելով, որ հնարավոր էր հենց սկզբից գործընթացը պարզեցված ձևով կազմակերպել՝ առանց հավելյալ պահումների։

«Համակարգում հստակ տեսանելի է, թե ով քանի տեղում է աշխատում։ Կարելի էր պահումը միայն հիմնական աշխատավայրից կատարել, և նման խնդիր չէր առաջանա»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: