Հայերեն   English   Русский  

2013 թվականի ամենաազդեցիկ 10 կանայք` ըստ «Ֆորբս»-ի


  
դիտումներ: 1936

Անգելա Մերկել

Նախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում` եզրափակելով պատվավոր հնգյակը:

Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը:

Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի` աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել:

Անգելա Մերկել







Դիլմա Ռուսսեֆ

Դիլմա Ռուսսեֆ

Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է:

Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է:

Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:

Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել:





Մելինդա Գեյթս

Մելինդա Գեյթս

48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը:

«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը:

Բարեգործական նպատակով իրականացված ընկերության ծախսերը կազմել է 3,4 միլիարդ դոլար, որից մեծ մասը` առողջապահական ծրագրերի ուղղությամբ: 2000 թվականին` հիմնադրամի ստեղծման պահից սկսած, Բիլլ և Մելինդա Գեյթսերը բարեգործական նպատակներով շուրջ 26 միլիարդ դոլար են ծախսել:

Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:


Միշել Օբամա

Միշել Օբամա

ԱՄՆ 49-ամյա առաջին տիկինը 2012 թվականին վարկանշային նույն աղյուսակում գրավում էր 7-րդ տեղը, սակայն նախորդ տարի նա բավականին մեծ քայլ է կատարել` հասնելով 4-րդ տեղին: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլ ինքն իր հերթին հանդիսանում է ազդեցիկ կերպար քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը:

Բարաք Օբամայի իմիջին քիչ չի նպաստում նաև այն փաստը, որ ամերիկացիների գրեթե 70 տոկոսը դրական է տրամադրված նրա կնոջ հանդեպ: Իսկ անձամբ նախագահի վարկանիշը ակնհայտ պակաս է` 47 տոկոս: Նման տարբերությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք Միշել Օբամայի հաճախակի հայտնվելը հանրաճանաչ հեռուստաշոուներում:



Հիլլարի Քլինթոն

ԱՄՆ 65-ամյա նախկին պետքարտուղարը, ըստ «Ֆորբս»-ի, 2013-ին գրավում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` չնայած որ սա նրա համար հետընթաց է. Հիլլարին 2012-ին աղյուսակում 2-րդն էր:

Դա ինչ որ տեղ նաև հասկանալի է, քանի որ Քլինթոնն այսօր հանգստանում է քաղաքական «ճակատամարտերից»: Սակայն «Քվեարկիր Հիլլարիի օգտին» նախագահական «կոմպանիայի» սպասումն ամենևին էլ անհիմն չէ. դեմոկրատների 65 տոկոսը պատրաստ է սատարել էքս-պետքարտուղարին` որպես կուսակցության միակ թեկնածու: Այո, Հիլլարի Քլինթոնի ռեզյումեն ավելի, քան ազդեցիկ է` առաջին տիկին, պետության ղեկավարի թեկնածու, պետքարտուղար:


Շերիլ Սենդբերգ

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում 6-րդ տեղը զբաղեցնող 43-ամյա Շերիլը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործառնությունների գլխավոր տնօրենն է:

Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Նախորդ տարվա մարտ ամսին Սենդբերգը թողարկել է ֆեմինիզմի իր հռչակագիրը. «Ներսից. կանայք, աշխատանքը և առաջնորդությունը»: Գրքի 150 000 օրինակը վաճառվել է առաջին մեկ շաբաթվա ընթացքում և մինչ օրս չի լքում բեսթսելլերների ցուցակները:

«Ֆեյսբուք»-ի թոփ մենեջերի առանցքային հաջողությունը 2012-ին, այնուամենայնիվ, կապված է իր գլխավոր աշխատանքի հետ. սոցցանցի բջջային տարբերակի լուրերում գովազդային բլոկի ավելացումից ընկերության եկամուտը բջջայինների գովազդից նոր ռեկորդ սահմանեց:

Ի դեպ, նա նաև այն կանանցից է, որոնք կարողանում են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու կարիերան:



Քրիստին Լագարդ

Վարկանշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար ֆրանսիացի 57-ամյա Քրիստին Լագարդն է: Նա ամուսնացած չէ, սակայն երկու երեխա ունի: Պատմության մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին կին ղեկավարն արդեն երկու տարի է` իրեն նվիրել է Եվրագոտում երկարատև ճգնաժամի դեմ պայքարին և համակարգում է տնտեսական կայուն աճի խթանմանն ուղղված միջազգային հանրության ուժերը: Մինչ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելը Լագարդը Միացյալ նահանգներում փաստաբանի հաջող կարիերա է կառուցել և հասցրել ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցնել հարազատ Ֆրանսիայում: 2013-ին զանգվածային միջոցներում լուրեր սողոսկեցին, թե իբր ԱՄՀ-ի ղեկավարը կարող է մասնակցել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին:

Ջանեեթ Նապոլիտանո

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարը, որը սակայն, նախորդ տարվա հուլիս ամսին հրաժարվել է իր պաշտոնից, 55 տարեկան է և 2012 թվականի համեմատ նա ազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերը` 9-րդ տեղից բարձրանալով 8-րդ տեղը: Սակայն հայտնի չէ, թե նրա հրաժարականը ինչ ազդեցություն կունենա այս վարկանիշի վրա:

Նապոլիտանոն ղեկավարել է ամերիկյան քաղաքական համակարգի երրորդ ազդեցիկ գերատեսչությունը` 48 միլիարդ դոլարով, 240 000 աշխատողով, 22 դուստր գործակալությունների ցանկով` ներառյալ հատուկ ծառայությունները:

Նախկին նախարարի կառավարչական կարգախոսը հետևյալն էր. «Մտածիր հեռանկարի մասին, մինչ զբաղված ես ամենօրյա հոգսերով»:

«Ֆորբս»-ի մայիսյան գագաթաժողովին Նապոլիտանոն նշել է. «Երկրի համար այս ճգնաժամային պահին կանայք քաղաքական գործընթացներում կարևոր են ավելի, քան երբևէ»:

Այժմն նա Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարն է:

Սոնյա Գանդի

Սոնյա Գանդի

«Ֆորբս»-ի վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբեղեցնող 66-ամյա Սոնյա Գանդին, որը Հնդկաստանի հայտնի վարչապետ Ինդիրա Գանդիի հարսն է, ղեկավարում է Հնդկական ազգային կոնգրեսը:

Նա այրի է, ունի երկու երեխա: Գանդին Հնդկաստանի իշխող կուսակցությունը ղեկավարելու երկարաժամկետության ռեկորդակիր է: Նա իր ձեռքերում է պահում աշխարհում բնակչության թվով երկրորդ, իսկ տնտեսությամբ` 10-րդ տեղում գտնվող երկրի ղեկավարման լծակները: Ըստ լուրերի, նա սառը հարաբերությունների մեջ է Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի հետ:

Ինդրա Նույի

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց տասնյակը եզրափակում է 57-ամյա Ինդրա Նույին: Այս բիզնես լեդին Միացյալ նահանգների ամենաազդեցիկ հնդկուհին է: Նա աշխարհում ըմպելիքների արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «ՊեպսիԿո»-ի գլխավոր տնօրենն է:

Նույյի` ընկերություն ոտք դնելուց հետո ընկերության եկամուտն էականորեն ավելացել է` 1,2 միլիարդ դոլարից հասնելով 13 միլիարդի: «Ես այնքան շատ ժամանակ եմ կորցնում մանրուքների վրա, որ դա կարող է անգամ անմտություն թվալ, սակայն հենց մանրուքներն են կարևոր կազմակերպության կառավարման համար»,-մի անգամ նշել է նա:

Բիզնես աշխարհում առաջադիմական ու նորարարական հայացքներով առաջնորդվող Ինդրա Նույին անձնական հարցերում ազգայինի կրողն է: Դա է պատճառը, որ նա ամուսնանալիս սկզբունքորեն ընտրել է իր ազգակցին, որի հետ ապրում է մինչ օրս և որից ունի երկու դուստր: Նա այսօր էլ երբեմն կրում է հնդկական ավանդական տարազ` սարի, որը նրան առավել հմայիչ ու նրբագեղ է դարձնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: