Հայերեն   English   Русский  

​Մկրտիչ Սերթշիմշեք. Թուրքիայի մետաղների երեսպատման խոշորագույն ընկերություններից մեկի հայ հիմնադիրը


  
դիտումներ: 1455

Մկրտիչ Սերթշիմշեքը ստամբուլահայ է: 1973 թվականին Ստամբուլում հիմնել է «Գալվանո Սիմսեք» ընկերությունը, որն այսօր Թուրքիայում այդ ոլորտում գործող 4 խոշորագույն ընկերություններից մեկն է:

Ընկերությունը զբաղվում է մետաղների ամեն տեսակի արտաքին մշակման և երեսպատման գործով: 28 իտալական ընկերություն Թուրքիայում իր արտադրանքը երեսպատելու գործը վստահում է այս ընկերությանը:

1984 թ. Մկրտիչ Սերթշիմշեքը Ստամբուլում հիմնել է մի ուրիշ ընկերություն՝ «Գալվանո Թեքնիքը», ավելի ուշ՝ «Գալվանո Մոնդո» ընկերությունը, որը փոխանցել է որդուն՝ Սարվենին և նրա գործընկերոջը: Ընկերությունն այսօր արտադրում է ավելի քան 400 քիմիական նյութ և մասնաճյուղեր է բացել Եգիպտոսում, Իրանում և Բուլղարիայում:

Մկրտիչ Սերթշինշեքը համատեղ ընկերություն է հիմնել նաև իտալական TFM ընկերության հետ և մետաղապատման ոլորտում նշանակալի հաջողություններ ունի: Իտալական մեկ այլ ընկերության հետ համագործակցության շնորհիվ Թուրքիայում և եվրոպական 7 երկրներում արտադրում է փռերի և սառնարանների բռնակներ, իսկ որդին ստեղծել է Թուրքիայում առաջին մետաղներ փայլեցնող ռոբոտը:

1997 թ. Ստամբուլի ճարտարվեստի վարչությունը Մկրտիչ Սերթշիմշեքին է վստահում իր կառույցում ձևավորված աշխատանքային հանձնախմբի ատենապետությունը, որը պատասխանատու էր մետաղների մաքրության և յուղազրկման բարդ ծրագրի մշակման ու Եվրամիությանը ներկայացնելու գործում:

Ի դեպ, Մկրտիչ Սերթշիմշեքը միակ հայն է Թուրքիայում, որ երիտասարդ տարիներին զինվորական ծառայության ընթացքում ստացել է ռազմածովային սպայի կոչում: Նա առաջին ծովային հայ սպան է։

Մկրտիչ Սերթշիմշեքն ակտիվորեն ներգրավված է ստամբուլահայ համայնքի կյանքում: Նա Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի ատենադպիրն է, համայնքի ամենաակտիվ անդամներից մեկը: Ստամբուլի բոլոր եկեղեցիներում Մկրտիչ Սերթշիմշեքի՝ տաղանդավոր ու ճաշակավոր այդ արվեստագետի, քիմիկոսի ձեռքն է զգացվում. արծաթե սպասք, ջահեր, եկեղեցական գործածության պարագաներ, անգամ եկեղեցու սպասավորների որոշ հագուստներ, խորանն ամբողջությամբ՝ ոսկյա ու արծաթե իրերով, եկեղեցու վերականգնված, մաքրված որմնանկարներ, սրբապատկերներ, պատերի ոսկեզօծ խոյակներ ու սյուներ, պատրիարքական գահեր։ Նա իր մեծ ներդրումն ունի Ստամբուլի Հայոց պատրիարքարանի թանգարանի հիմնադրման ու հավուր պատշաճի ներկայացման գործում։ Նույնպիսի սիրով ներդրում է ունեցել Արևմտյան Հայաստանի մի քանի եկեղեցիների բացման ժամանակ՝ իր ձեռքով պատրաստելով անհրաժեշտ ոսկե ու արծաթե իրերը, զարդարելով խորանները։

Սերթշիմշեքի բարեգործական գործունեությունը հաջողությամբ շարունակում է որդին, որ իր հերթին նյութական մեծ զոհողություններ է կատարում՝ թաղային, եկեղեցական հաստատություններում իր ներդրումն ունենալով, մասնավորապես՝ դպրոցներին հովանավորելու խնդրում։

Մկրտիչ Սերթշիմշեքը բնական հանածոների, հազվագյուտ ու կիսաթանկարժեք քարերի եզակի հավաքածու ունի, որն ուզածդ երկրաբանական թանգարանի զարդը կարող է դառնալ։ Սակայն ստամբուլահայ գործարարը հայտնի է հատկապես եկեղեցիների վերանորոգման և բարեզարդման աշխատանքներով, որը սկսել է 1981 թվականին և շարունակում է մինչ օրս:

Մկրտիչ Սերթշիմշեքը օրերս Հայաստանում էր: Նա հաճախ է այցելում հայրենիք, վերջին շրջանում նույնիսկ՝ տարեկան մի քանի անգամ:

Հիշում է՝ առաջին անգամ ինքն ու կինը Հայաստան եկան 2001 թվականին՝ մասնակցելու Սուրբ Էջմիածնում մեռոնօրհնեքի արարողությանը: Խորապես տպավորվեցին՝ այցելելով հայկական եկեղեցիները, միաժամանակ տխրեցին՝ տեսնելով, թե ինչ անմխիթար վիճակում են եկեղեցիների սպասքն ու մետաղական պարագաները: Սակայն ստամբուլահայ ամուսինները նույնչափ ազդվում են Հայաստանում տիրող սոցիալական վիճակից: Պարոն Մկրտիչը հիշում է, որ իրենց հետ բերած դրամը մինչև վերջին լուման բաժանել էին և օդանավակայանից տաքսիով տուն հասնելիս պարզում են, որ անգամ գումար չունեն տաքսուն վճարելու. «Ես մեքենայի մեջ մնացի, կինս գնաց տուն, դրամ բերեց, վճարեցինք»:

Հաջորդ այցի ժամանակ՝ 2006 թ., Մկրտիչ Սերթշիմշեքն իր ձեռքով փայլեցնում է Էջմիածնի կանթեղներն ու աշտանակները: Այցելում է նաև Առինջ գյուղի եկեղեցի և սարսափում՝ տեսնելով եկեղեցու անմխիթար վիճակը: Հանձն է առնում նորոգել, որի համար նաև ստամբուլահայ այլ բարերարների է ներգրավում: Այդ ժամանակվանից ի վեր նա դառնում է հայաստանյան եկեղեցիների բարերարներից մեկը և ինչպես Թուրքիայում ու աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում սկսում է իրականացնել հայկական եկեղեցիների վերանորոգման, արծաթյա պարագաներով համալրման և խորանների զարդարման աշխատանքներ:

Այս ոլորտում իր գործունեությունը նա ամփոփել է 306-էջանոց ծավալուն գրքում, որի շնորհանդեսը կատարվեց վերջերս Ստամբուլում։ Ասում է՝ այդ աշխատանքն իր ուխտն է, որը շարունակելու է մինչև կյանքի վերջը: Եկեղեցու ջահեր, կանթեղներ, խաչեր, գավազաններ, աշտանակներ, արծաթե, ոսկեզօծ պարագաներ ամեն տարի նվիրաբերում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական եկեղեցիներին, նորոգում է եկեղեցիների խորաններ: Իսկ եկեղեցիների խունացած ու փայլը կորցրած պարագաները կրկին շունչ ու փայլ են ստանում նրա ձեռքերով: Ասում է՝ այդ գործը վարպետություն է պահանջում, այդ պատճառով ուրիշներին չի վստահում, անձամբ է անում: Իր ձեռքերով է ոսկեզօծում խորանները: Այդ աշխատանքների համար բարերարն աշխարհի 200-ից ավելի երկրների հայկական եկեղեցիներից շնորհակալական նամակներ է ստացել: Սակայն նման նամակներ ունի ոչ միայն հայկական, այլև Բուլղարիայի, Իտալիայի, Մալթայի, ռուսական եկեղեցիներից: Նա երբեք չի մերժում օգնության խնդրանքները։

Մկրտիչ Սերթշիմշեքը նպատակ ունի նաև Հայաստանում մետաղների երեսպատման գործունեությամբ զբաղվել: Ասում է՝ Հայաստանում այղ առումով շատ հետ են մնացել, աշխատում են հին սարքերով ու մեթոդներով, և եթե իրեն հաջողվի այստեղ ներդնել իր սարքավորումներն ու տեխնոլոգիան, ապա ոլորտն ակնհայտորեն կզարգանա: Մտածում է անգամ սարքավորումների արտադրանքն այստեղ կազմակերպելու և արտահանելու մասին: Նա արդեն սկսել է այդ նպատակի իրագործումը։ Մի խոսքով, Հայաստանի հետ կապված ծրագրերը շատ են և չեն սահմանափակվում եկեղեցական ոլորտով:

Մկրտիչ Սերթշիմշեքը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նաև բնակարան է գնել Երևանում, ինչը նշանակում է, որ հայրենիքի հետ կապն ամրապնդվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: