Հայերեն   English   Русский  

​Սլավիկ Հայրապետյան. «Աբու Դաբիում գրանցած արդյունքը վստահություն է ներշնչում»


  
դիտումներ: 2815

Հունվարի 4-7-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացավ գեղասահքի FBMA Trophy միջազգային մրցաշարը, որը մարզաձևի 2018 թվականի առաջին ստուգատեսներից է:

ԱՄԷ-ում Հայաստանի առաջատար մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը ծրագիրը լավ կատարեց՝ կարճ (65,49 միավոր) և կամավոր (143,14 միավոր) ծրագրերի ընդհանուր հաշվարկով վաստակելով 208.63 միավոր: Երիտասարդ մենասահորդն առաջ անցավ Իռլանդիայի ներկայացուցիչ Քոնոր Ստակելումից և իր համար ռեկորդային արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող՝ արժանանալով գլխավոր մրցանակին:

«Անկախի» հետ զրույցում Սլավիկ Հայրապետյանը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների և առաջիկա մրցելույթների մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ: 2018 թվականի մեկնարկը հաջողված էր: Աբու Դաբիում արձանագրած ցուցանիշները Ձեր կարիերայում առայժմ լավագույններն են:

- Այո, հաջող հանդես եկա Աբու Դաբիի մրցաշարում, միջազգային ասպարեզում առաջին անգամ վաստակեցի 200 միավորից բարձր, արդյունքը գոհացուցիչ է: Սա 2018 թվականի առաջին մրցելույթն էր: Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կարևոր էր այս մրցաշարը ուժերը գնահատելու և սառույցը պաշտոնական իրավիճակում զգալու համար: Եղան նաև որոշ վրիպումներ, որոնք առաջիկայում կփորձեմ շտկել:

- Հանգստանալու գրեթե ժամանակ չունեցաք: Հունվարի 15-21-ը Մոսկվայում անցկացվելու է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

- Գեղասահորդները գրեթե հանգիստ չեն ունենում այս ժամանակաշրջանում. մրցաշարերը և ուսումնամարզական հավաքները հաջորդում են իրար: Վերադառնալով Հայաստան՝ հունվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուսումնամարզական հավաքի մասնակցեցի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում: Դպրոցն ունի բոլոր հնարավորությունները լիարժեք մարզումներ անցկացնելու համար:

Ուրախ եմ, որ այս տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Մոսկվայում: Կարծում եմ՝ հաջող հանդես կգամ: Եվրոպայի առաջնությանը մասնակցում են առաջատար մարզիկներ տարբեր երկրներց: Թեժ պայքար է սպասվում: Աբու Դաբիում գրանցած արդյունքը վստահություն է ներշնչում: Հույս ունեմ, որ Եվրոպայի առաջնությունում էլ ինձ անպայման լավագույն կողմերով կդրսևորեմ:

Երբ մարզիկը հաջող է հանդես գալիս այս կամ այն մրցաշարում, վստահություն է ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ և լավատեսորեն է տրամադրվում հաջորդ մրցումներին: Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարող եմ նաև ավելին անել:

Ասեմ, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես կգա նաև Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը:

- Գեղասահորդների հաջողության գրավականը մեծապես կախված է ընտրված ծրագրերից: Ի՞նչ ծրագրով եք ներկայանում այս մրցաշրջանում:

- Գեղասահքում մրցաշրջանը սկսվում է սեպտեմբերից: Ուստի մրցաշրջանին նախապատրաստվել ենք ամիսներ առաջ՝ մանրակրկիտ աշխատելով ծրագրերի վրա, երաժշտությունն ընտրելով և տարրերը մշակելով ու հղկելով:

Կարճ ծրագիրս Ֆրենկ Սինատրայի Strangers In The Night երգի հիման վրա է, կամավոր ծրագիրը՝ Վիգ Զարթմենի God Bless Armenia ստեղծագործության: Պատասխանատվությունն անչափ մեծ է, երբ ներկայացնում ես երկիրդ: Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է պատվով ներկայանալ: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը՝ հանդես գալով գեղասահքի հավաքական թիմի կազմում:

- Եվրոպայի առաջնությունից հետո ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:

- Տարին հագեցած է լինելու բազմապիսի մրցաշարերով: Եվրոպայի առաջնությունից հետո հաջորդ կարևոր ստուգատեսն աշխարհի առաջնությունն է, որը կայանալու է մարտին Միլանում: Մինչ աշխարհի առաջնությունը՝ կմասնակցեմ Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող այլ մրցաշարերի:

- Գեղասահքը խիստ կենտրոնացում պահանջող մարզաձև է: Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը մրցելույթների ժամանակ:

- Հուզմունքը լրիվ հաղթահարել հնարավոր չէ: Ամեն անգամ, երբ մտնում եմ սահադաշտ, հուզմունքն առկա է լինում: Փորձում եմ չլարվել, անտեղի ուժերս չվատնել և հանգստություն պահպանել: Հուզմունքն ու լարվածությունը հաղթահարելու համար պետք է անընդհատ մարզվել, կատարելագործվել: Բացի այդ, տարիների ընթացքում մարզիկը փորձ է ձեռք բերում, որը շատ է օգնում:

- Սպորտում հաջողության կարելի է հասնել հմուտ և փորձառու մարզչի շնորհիվ: Դուք մարզվում եք Ձեր հոր՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Հայրապետյանի և ռուսաստանցի նշանավոր մարզիչ Ալեքսեյ Ուրմանովի գլխավորությամբ:

- Հայրս մեծ ներդրում ունի մարզաձևի ընտրության գործում, նրա շնորհիվ եմ սիրել մարզաձևը, ինձ փոխանցվել է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ: Ուրախ եմ, որ հայրս է իմ մարզիչը: Նա մշտապես ինձ ուղղորդում է իր խորհուրդներով: Հետևողական է, որ սխալներ թույլ չտամ, անընդհատ կատարելագործվեմ:

Ալեքսեյ Ուրմանովը 1994 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Այժմ նա փորձառու մարզիչ է: Մեծ պատիվ է ինձ համար աշխատել նրա հետ: Համատեղ մարզումները մասնագիտական որակները բարձրացնելու հնարավորություն են տալիս: Ես ընդունում եմ մարզիչներիս բոլոր դիտողությունները, լսում եմ խորհուրդները և անընդհատ կատարելագործվում եմ:

- Գեղասահքում շատ հաճախ մրցավարների գնահատականը չի արտացոլում մարզիկների ելույթի իրական պատկերը: Այս խնդրին բախվե՞լ եք Ձեր կարիերայի ընթացքում:

- Սուբյեկտիվ մարզաձև է գեղասահքը: Հնարավոր է՝ շատ լավ ելույթ ունենաս, սակայն մրցավարները լիարժեք չգնահատեն: Հաճախ պատահում է, որ մարզիկի անթերի ելույթը ցածր են գնահատում և հակառակը՝ սխալներով, ոչ մաքուր ելույթին տալիս են բարձր գնահատական:

Այս խնդրի միակ ելքն այն է, որ մի քանի անգամ բարձր լինես մրցակցից և գերազանցես նրան, որպեսզի ակնհայտ լինի առավելությունը և մրցավարը ոչինչ չկարողանա անել: Ցանկալի է, որ մրցավարների շարքերում լինեին նաև Հայաստանի ներկայացուցիչներ: Այդ պարագայում պատկերը հավանաբար այլ կլիներ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: