Հայերեն   English   Русский  

Կատարսիս կամ մարդու մեջ ապրող լույսը


  
դիտումներ: 3376

ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկեցին «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ Թատերականարվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնին կարող են մասնակցել 16-35տարիքային սահմանում գտնվող քաղաքացիներ: «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկոսկե, երկուարծաթե, երեքբրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը:

Վերջերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի սաները Համազգային թատրոնի բեմում ցուցադրեցին Դենիս Ամիրնովի «Դ.Ո.Ն.Ո.Ր» հոգեբանական դրաման:

Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման գլխավոր դերակատարը միայնակ տղամարդ է, ով զրկված է սիրուց, ընկերներից, հարազատներից, մորից.

«Աշխարհից երես թեքած ու փախուստի դիմած այս մարդը փորձում է արդարացնել իր արած սխալ քայլերը, բայց արդարացումն անհնար է: Նա դիմում է իր խղճին, ով մարդու կերապարանքով է հայտնվում եւ մատնացույց անում տղամարդու կողմից արված «հանցագործությունները»: Նա վերհիշում է, փորձում փոխել կամ իրերին այլ ընթացք տալ, սակայն ոչինչ չի ստացվում, եղածն արդեն եղել է: Մի օր գալու է լույսը, այն ներքին լույսը, որը բնորոշ է տղամարդուն: Նա նորից ապրելու է, դառնալու է այն մարդը, ում կարիքը ունեն»:

Ռաֆայել Ասատրյանը համոզված է՝ ցանկացած իրավիճակում չպետք է կորցնել հավատը այն լույսի նկատմամբ, որը կարող է մեզ ապրելու երկրորդ հնարավորություն տալ:

Ինչ վերաբերում է գլխավոր հերոսի ընտրությանը ռեժիսորը նշեց, որ մեծ դժվարությամբ է կատարել, կերպարը բարդ էր, իսկ ասելիքը հասցնել հանդիսատեսին՝ ոչ դյուրին:

Գլխավոր դերակատար Կարապետ Եղոյանը Ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իր կերպարը հիվանդ է, որը ունի անձի երկատում, իսկ աչքերի առջեւ հայտնվում են տեսիլքներ: Պիեսում հերոսն անգամ անուն չունի, նա մի տղամարդ է, որը դարձել է ոչինչ: Մարդը կայացած չէ, չի հասել ոչնչի, իր փոխարեն ամեն ինչ արել է մայրը, ով այդ կերպ փափուկ բարձ է դրել տղայի գլխի տակ: Թվացյալ արջի ծառայությունները անիմաստ էին, եկավ մի ժամանակ, երբ հերոսը հասկացավ, որ պարզապես բույս է, ում ջրում էին ու խնամում.

«Յուրաքանչյուրիս մեջ կա լույս, ներկայացումը դրա մասին է: Ինքնամաքրագործման /կատարսիս/ երեւույթը մեզ սպասում է: Ապրում ենք, սխալվում, դառնում ամենավերջին տականքը, բայց ունենք ներսում թաքնված մի լույս, որն ի վերջո սպասելու է մեզ, ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: