Հայերեն   English   Русский  

​Գիտության ֆինանսավորումը միշտ պետք է ավելացնել, բայց ոչ երբեք պակասեցնել. Ջոն Կարապետյան


  
դիտումներ: 13802

Ջրային էկոհամակարգերի մշտադիտարկման համար նախատեսված գեոֆիզիկական դիտակայանի հիմնում, հսկման և իրազեկման սեյսմիկ համակարգի ստեղծում և սեյսմիկ տվիչների բրենդային արտադրություն:

Սրանք Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի այն երեք առաջարկներն են, որոնք ընդգրկված են կառավարությանը ներկայացված ԳԱԱ ինովացիոն առաջարկների փաթեթում։

Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը նշում է, որ կիրառական նշանակության մշակումներ շատ ունեն, սակայն այս երեքը հատկապես հեռանկարային են, դրանց իրագործումն էլ ռազմավարական նշանակություն ունի։

Կարապետյանը շեշտելով, թե որքան կարևոր է ջրային էկոհամակարգերի մոնիթորինգը, նշում է, որ իրենք ստեղծել ու փորձարկել են մի սարքավորում, որը հնարավորություն է տալիս ձևավորելու մշտադիտարկման ավտոմատացված համակարգ։ Հայաստանում ունենք 84 ջրամբար, որոնց անվտանգ շահագործման կարևոր նախապայման է սեյսմիկ և պեզոմետրական ցանցի առկայությունը։ «Ջրամբարներում կան պեզոմետրական հորատանցքեր, սակայն չկան սարքավորումներ»,- ասում է նա՝ հավելելով, որ ջրամբարներում չափումները մարդու միջոցով են իրականացվում: Եթե, օրինակ, կա 40 հորատանցք, ապա պատասխանատու անձն օրական 40 հորատանցքում ձեռքով չափումներ է իրականացնում։

«Դա այսօր շատ հնացած եղանակ է։ Այդպիսով օպերատիվ դիտարկումներ իրականացնել հնարավոր չէ,- ասում է Կարապետյանը։- Երբ վթարային իրավիճակ է ստեղծվում՝ պետք է շատ արագ արձագանքել, ինչի հնարավորությունը տալիս է մեր առաջարկած ավտոմատացված համակարգը»։

Կարապետյանն ասում է, որ իրենց պատրաստած փորձանմուշն այժմ կիրառվում է Գեղարդալճի ջրամբարում, որը մարդու համար դժվարհասանելի էր, հետևաբար ամենօրյա մեխանիկական մոնիթորինգն էլ՝ ծախսատար։ «Այնտեղ անգամ հեռախոսակապ չկար, որ ինֆորմացիան փոխանցեր։ Այնպես ենք կազմակերպել, որ մարդն ամիսը մեկ անգամ գնա ջրամբար, վերցնի գրանցված տվյալները և փոխի մարտկոցը»,- ասում է Կարապետյանը։

Նա նշում է, որ առաջիկայում կառավարությանը նաև առանձին առաջարկ կներկայացնեն, որ Հայաստանում գործող բոլոր ջրամբարների վրա այդ սարքավորումներից տեղադրվի։ «Եթե նմանատիպ սարքավորումը դրսում արժի մոտ 5000 դոլար, մենք կարողանում ենք այն պատրաստել մոտ 3 անգամ ավելի էժան։ Եվ մեր պատրաստածն իր նորարարական լուծումներով, տեխնիկական չափորոշիչներով չի զիջում միջազգային անալոգներին»,- ասում է նա։

Երկրաֆիզիկայի ինստիտուտ

Ավելին, ինստիտուտում աշխատանքներ են իրականացվում, որ սարքավորումը նաև կարողանա գրանցել ջրի ֆիզիկական տվյալները, որոնք հետաքրքրում են տարբեր գերատեսչությունների։ Վերջնական նպատակն է ստեղծել ջրային համակարգերի մոնիթորինգի մեկ միասնական կայան, որտեղ ավտոմատացված կերպով կհավաքվի ցանցի սարքավորումների կուտակած ինֆորմացիան և կտրամադրվի համապատասխան գերատեսչություններին։

Անդրադառնալով սեյսմիկ տվիչների արտադրությանը՝ Կարապետյանն ասում է, որ խորհրդային տարիներին Հայաստանից մեծ քանակությամբ տվիչներ են արտահանվել։ Այդ պոտենցիալը ներկայումս էլ ունենք։ Հայաստանում արտադրված սարքավորումները կարող են կիրառվել սեյսմիկ ցանցի ստեղծման, կամուրջների, շենք-շինությունների տեխնիկական վիճակի մշտադիտարկման և այլ նպատակներով։

Ըստ Կարապետյանի՝ հայկական արտադրանքով սեյսմիկ ցանցի ստեղծումը շուրջ հինգ անգամ ավելի էժան կարժենա, քան արտասահմանյան անալոգներով ցանցի դեպքում։ Եվ չնայած ցածր սակագնին՝ հայկական արտադրանքը չի զիջում օտարերկրյա նմանակներին՝ դրանով իսկ մրցունակ լինելով ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Իսկ հսկման և իրազեկման համակարգն ատոմակայանի և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների արդյունավետ պաշտպանության հնարավորություն է տալիս։ Առաջարկվող սարքավորումները որոշակի հեռավորության վրա կարողանում են գրանցել շարժը։ Այժմ աշխատանքներ են տարվում մարդու շարժը տարբերակելու ուղղությամբ։

«Բոլորն էլ գերակա ուղղություններ են, և մեր սարքավորումներն իրենց նորարարական լուծումներով պահանջված են։ Բայց կարևորում ենք, որ նախ և առաջ կիրառվեն Հայաստանում, հետո միայն արտերկիր դուրս գանք Հայաստանի ապրանքանիշով»,- ասում է նա։

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում իրենց գաղափարների առևտրայնացման ուղղությամբ, Կարապետյանը պատասխանում է, որ պարբերաբար միջազգային գիտաժողովների են մասնակցում, ներկայացնում են իրենց կիրառական նշանակության մշակումները, դրանց հնարավորությունները։ Ինստիտուտը պայմանագիր ունի նաև Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի հետ, որի շրջանակներում կարողացել է մի քանի դրամաշնորհներ ստանալ։ Դրանց շնորհիվ էլ գաղափարները կարողացել են արտադրական տեսքի բերել։ Ինստիտուտի կազմում ստեղծվել է նաև մարկետինգի և ինովացիոն գործունեության բաժին, որն ուսումնասիրում է շուկան, համեմատում իրենց սարքավորումների տեխնիկական չափորոշիչները միջազգային անալոգների հետ։

Երկրաֆիզիկայի ինստիտուտ

Կարապետյանն ասում է, որ այս քայլերն աստիճանաբար մոտեցնում են շուկային, սակայն առանց կառավարության աջակցության վերջնական հաջողությունը հնարավոր չէ։ Նա վստահ է՝ կառավարությունը պետք է ունենա երկրում առկա ինովացիոն առաջարկների տվյալների շտեմարան և դրանք ներկայացնի համապատասխան դոնոր կազմակերպություններին։

Գիտնականը կարևորում է նաև պետական գերատեսչությունների և գիտական ինստիտուտների համագործակցությունը, պետության պատվերների առկայությունը։ Օրինակ՝ կառավարությունը կարող է հետաքրքրվել, թե ջրամբարների անվտանգ շահագործման ինչ լուծումներ են առաջարկում համապատասխան գիտական հիմնարկները, նրանք էլ լուծումներ կներկայացնեն։ Ինստիտուտի տնօրենը փաստում է՝ համագործակցությունը կա, սակայն բավարար մակարդակում չէ։ Կարապետյանը նաև կարևորում է, որ պետական առաջնահերթության խնդիրները ձևակերպելուն նաև գիտնականները մասնակցեն։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորման խնդիրներին՝ նա նշում է. «Գիտությունը ֆունդամենտալ է։ Մեր ֆինանսավորումը պետք է ուղղենք ֆունդամենտալին, որի արդյունքում կունենանք նաև կիրառական արդյունք։ Մեր ունեցածը պետք է պահպանենք և հնարավորինս ամրապնդենք, որ գոնե չզրկվենք մշակումներից, որ այսօր կարող ենք անել»։ Նա վստահ է՝ առկա արդյունքների ֆինանսավորման փորձարկումը բավարար չէ դրանց ներդրման համար։ Փորձարկման փուլից հետո նաև նպատակային գումարներ են հարկավոր, որոնք կուղղվեն գիտական արդյունքի ներդրմանը կամ առևտրայնացմանը։

«Սակայն ֆունդամենտալ գիտությունը պետք է ունենա իր ֆիքսված միջոցները, անկախ կիրառականին ուղղված միջոցներից»,- եզրափակում է Կարապետյանը։

Երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրենը նաև վստահ է, որ առաջիկայում սպասվող ֆինանսավորման նվազումը բացասաբար կանդրադառնա գիտության վրա։ «Գիտության ֆինանսավորումը միշտ պետք է ավելացնել, բայց ոչ երբեք պակասեցնել»,- ասում է նա՝ հավելելով, որ բոլորի ջանքերն ուղղված են երիտասարդներին դեպի գիտություն բերելուն և պահելուն, մինչդեռ ֆինանսավորման նվազեցումը կխոչընդոտի գործընթացը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: