Հայերեն   English   Русский  

Հայաստանը լուրջ առավելություններ կարող է ունենալ հետճգնաժամային Սիրիայում. արաբագետ


  
դիտումներ: 1052

Գլոբալ առումով «Իսլամական պետություն» ահաբեկչության կազմակերպության դեմ պայքարը մոտենում է իր ավարտին: Սակայն սրանով Մերձավոր Արևելքում խնդիրները չեն լուծվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Անցյալ շաբաթ Սիրիայի և Իրաքի իշխանությունները հայտարարեցին երկու երկրում ԻՊ-ի վերջին ընդհանրական կայանատեղին ազատագրելու մասին: Խոսքը իրաքյան Ալ Կայիմի և սիրիական Դեր Զոր քաղաքների մասին :

«ԻՊ-ի դեմ իրականցվող գործողությունը ավարտվել է, իսկ Սիրիայում ավարտին է մոտենում: Դրանից հետո չի նշանակում, որ «Իսլամական պետությունը» վերջնականապես կավարտի իր գործունեությունը: Երկու երկրում էլ առանձին օջախներում այս կառույցը կշարունակի գործել և դեռ տևական ժամանակ կանհանգստացնի երկու երկրների իշխանություններին»:

Բացի այդ, արդիական կմնան այն խնդիրները, որոնք կային մինչև հակաահաբեկչական պայքարը: Կարևորագույն հարցը Սիրիայում Բաշար Ասադի կառավարման խնդիրն է , որը շատ է հետաքրքրում հատկապես արտաքին դերակատարներին: Մյուս խնդիրը՝ «Ալ-Կայիդայի» ճյուղ համարվող «Ջաբաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը շարունակում է վերահսկել սիրիական Իդլիբը, այսինքն՝ Սիրիայի տարածքում շարունակվելու են հակաահաբեկչական գործողությունները:

Ըստ արաբագետի՝ հակաահաբեկչական պայքարից անմիջապես հետո կսկսվեն քաղաքական լուրջ գործընթացներ Սիրիայի ներսում. «Սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը, որը մի կողմից փորձում են իրականացնել ՌԴ-ն Աստանայի գործընթացի միջոցով, մյուս կողմից՝ ՄԱԿ-ը՝ տարբեր ձևաչափերով, բայց դեռևս լուրջ տեղաշարժ այս առումով չկա: Մյուս հարցը՝ Թուրքիայի ներգրավվածության հարցն է, որը հյուսիսում փորձելու է լուծել քրդերի հետ կապված հարցը: Կան այլ հարցեր քրդերի հետ կապված և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող դեմոկրատական ուժերի հետ կապված»,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս ամենի և տարածաշրջանային զարգացումների պատճառով սիրիական հակամարտությունը երկար կշարունակվի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներկայությանը Սիրիայում, ապա, ըստ արաբագետի, հավանական է, որ ՌԴ ռազմական ներկայությունը կրճատվի, քանի որ հակաահաբեկչական պայքարից հետո նման կոնտինգենտ պահելն անիմաստ է, սակայն թե´ Իրանի, թե´ Ռուսաստանի դեռ երկար ժամանակ դերակատարություն են ունենալու Սիրիայում ներսում, ընդ որում՝ դա կգործի ինչպես հակամարտության ընթացքում, այնպես էլ ՝ հետճգնաժամային իրավիճակում.«Սիրիայում իրենց շահերը կարողանալու են պաշտպանել այն երկրները, որոնք պատերազմի տարիների պահպանել են բարեկամական հարաբերություններըհաղթած կողմի հետ: Տվյալ դեպքում դա Բաշար ալ Ասադն է»:

Անկախի հարցին, թե ինչ նշանակություն ունի Բաշար ալ Ասադի իշխանության պահպանումը և ԻՊ-ի դեմ հաղթանակը Հայաստանի համար, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը լուրջ առավելություններ կարող է ունենալ հետճգնաժամային Սիրիայում, երբ կարիք կլինի զարգացնել տնտեսական կապերը և ներդումները: Սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում մենք պահել ենք հարաբերությունները իշխանությունների հետ: Մի քանի անգամ պատվիրակություններ են մեկնել: Անցյալ տարի Արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ պատվիրակություն մեկնեց: Կարևոր է սիրիահայ համայնքի առկայությունը: Չնայած հակամարտությանը, նրանք ամեն կերպ փորձեցին մնալ Սիրիայում և որդեգրեցին պետականամետ մոտեցում՝ պաշտպանելով գործող իշխանություններին: Ամեն տեսանկյունից Հայաստանն ունի հնարավորություններ հետճգնաժամային ծրագրեր իրականացնելու համար: Կան մեկնարկային հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել ցանկության առկայության դեպքում: Նույնը կարելի է ասել Իրաքի հետ Հայաստանի հարաբերությունների մասին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: