Հայերեն   English   Русский  

57 վայրկյանը մեկ մի մարդ գնդակահարվում էր Ստալինյան բռնաճնշումների տարիներին. Դավիթ Գասպարյան


  
դիտումներ: 1729

Ստալինյան բռնաճնշումներից անցել է 80 տարի: Երեկ Ռուսաստանում նշվում էր դրանց զոհերի հիշատակի օրը: Հայաստանում նման հատուկ օր չկա:

Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Մենք այդպիսի օր չունենք, թեև կարմիր տեռորը տարածվել է մեր երկրի վրա: Մենք մի տեսակ պաշտոնական հայացքով անտարբեր պակաս, թերի կողմեր ունենք: Իսկ ՌԴ-ում, չնայած տեղի ունեցող իրադարձություններին, պաշտոնական դիրքորոշում կա: Երեկ Սոլովյովը իր հաղորդման ժամանակ ստալինյան բռնաճնշումները կոլեկտիվ մեղք համարեց, քանի որ նրանք ուզում են Ստալինին նորից վեր բարձրացնել: Սա շատ սխալ մոտեցում է: Դա ղեկավարության մեղքն էր»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հայ գրականությունն ի սկզբանե այս նախճիրի զգացողությունն ունեցել է:

Եթե Ցեղասպանության օրը նշվում է ապրիլի 24-ին, ապա ստալինյան բռնաճնշումների` «Ցեղասպանության օրը» պետք է լինի օգոստոսի 9-ը, քանի որ այդ օրը եղան ամենից շատ ձերբակալությունները. «57 վայրկյանը մեկ մի մարդ գնդակահարվում էր, մեր նախնիները ապրել են անեծքի մեջ»,-ասաց նա:

Դավիթ Գասպարյանը ցավում է, որ Ստալինյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդես Թումանյանի թանգարանում փակվեց. «Պարզ չէ, թե ով կամ ինչու փակվեց: Ենթադրությունները միշտ ավելի վտանգավոր են: Սակայն պարզ, որ բացահայտումներն այս հարցի շուրջ շարունակվում են: 80-ականներից հետո շատ բան պարզվեց»:

Գրականագետն ասաց, որ ուսումնասիրել է 1954 թվականին հրապարակված՝ Բակունցի կնոջ ցուցմունքը Բակունցի վերաբերյալ. «Նա պատմում է, որ երբ ձերբակալությունից հետո առաջին անգամ տեսակցել է Բակունցին, նա ժպտում և ասում էր, թե սա թյուրիմացություն է և կտեսնեն, որ բան չկա, բաց կթողնեն: Երկրորդ այցելության ժամանակ, ասում է, լրիվ ուրիշ մարդ էի: Բակունցը թաշկինակը արցունքներից քամում էր, իսկ շապիկը արյունոտված էր: Իսկ երրորդ այցելության ժամանակ կինը տղային ևս վերցրել էր: Բակունցը կնոջն ասել է, թե համարի՝ վթարից մահացել եմ, այսինքն՝ արդեն հասկանում էր, որ չի փրկվի: Իսկ որդուն ասել էր, որ երբեք վատ չզգաս քո հոր համար, քո հայրն այնպիսի արարք չի արել, որ ամաչես՝ բարձր ճակատով կապրես: Այս լուսավոր մարդուն տարան ու գնդակահարեցին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ շատ մտավորականներ այդ բախտին արժանացան:

Դավիթ Գասպարյանը գտնում է, որ Ռուսաստանն այսօր քայլ է անում դեպի ստալինիզմ: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանիր հերթին նշեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 30-ը նշում է որպես ոչ թե բռնաճնշումների, այլ քաղաքական բռնությունների զոհերի օր: Նրա խոսքով՝ երկերեսանիության մի ձև է այն, որ այդ օրը ելույթ ունեցավ ՌԴ նախագահ Պուտինը, թեև այդ երկրում շարունակվում են քաղաքական հետապնդումներ: Ըստ նրա՝ ՀՀ-ում հնարավոր չէ սպասել փոխահատուցումների, ինչպես եղել է հետսովետական շատ երկրներում:

«Խորհրդակային Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում այդ բռնաճնշումները եղել են՝ անկախ նրանից՝ Ստալինը եղել է , թե ոչ»,- ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Թումանյանի տուն-թանգարանում նախատեսված «Խավարում» ցուցադրությունը փակելուն՝ Վարդան Հարությունյանն կարծիք հայտնեց, որ այդ ցուցադրությունը խափանվեց, որովհետև կոնկրետ անուններ էին նշվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: