Հայերեն   English   Русский  

​Լույս է տեսել․ՄՏՔԵՐ ՄԵՐ, ԻՄ, ՔՈ, ՆՐԱ ՄԱՍԻՆ


  
դիտումներ: 13332

Ընթերցողի հետ հերթական հանդիպումն ունեցավ գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բազմաշնորհ Վաչագան Սարգսյանը՝ ընթերցողի սեղանին դնելով ավելի քան 40 տարում կյանքի տարբեր բնագավառների մասին գրած և մամուլում տպագրած ասույթների նոր ժողովածուն: Հեղինակի ասույթների առաջին գիրքը կոչվում էր «Ասույթներ համենայն դեպս»: Նրա ՎԱՍ կեղծանվան հետ կապված նոր ժողովածուն վերնագրվել է «Վասույթներ համենայն դեպս»:

Ուշագրավ թեմատիկ բաժանումով այստեղ մտքեր են մեր, իմ, քո, նրա մասին: Հեղինակն իր սուր աչքով, ճկուն մտքով, սիրով լի սրտով, ազգանվեր հոգով ընթերցողի հետ քննարկում է խղճի ու բանականության ոգեղեն արժեքները: Ընթերցողին ներկայանում են մեր մոլորակի հարատևման բանաձևեր և հանձնվում առողջ ապրելակերպի գաղտնարանի համար Վ. Սարգսյանի պատրաստած բանալիները:

Վաչագան Սարգսյանը, որ նաև գրքի թեմատիկ գծանկարների հեղինակն է, ներկայացնում է քաղաքական կսմիթներ, փշոտ ու փշաքաղած մտքեր՝ չմոռանալով նաև ծիծաղի բուժիչ նշանակության մասին: Գրքույկն աչքի է ընկնում ճաշակով ձևավորմամբ, նաև գրպանին հարմարեցված ձևաչափով:

Չմոռանալով շնորհակալություն հայտնել հեղինակին պարտավորեցնող ընծայագրով ժողովածուն ունենալու համար՝ առաջարկում եմ մեկ անգամ միասին թերթել այն.

Մարդը նման է ծովի հատակից վեր լողացող պղպջակի, որ բարձրանում է, բարձրանում ու … չկա:

* * *

Երջանկությո՞ւն ես փնտրում. լեզու գտիր ինքդ քեզ հետ:

* * *

Հարբեցողի համար կյանք չկա առանց խմիչքի, բայց խմիչք կա՝ առանց կյանքի:

* * *

Եթե դու խաբում ես բոլորին, հիշիր, որ բոլորի մեջ դու էլ ես:

* * *

Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը:

* * *

Մահը միակն է, որ ճշտապահ չէ, բայց խոսքի տերն է:

* * *

Եթե կնոջ ձեռքը քո ձեռքի մեջ է, ուրեմն սիրտդ արդեն նրա բռի մեջ է:

* * *

Տղամարդը պետք է լինի աչքաբաց, սրտաբաց, ձեռնաբաց, բայց՝ փակբերան:

* * *

Ի տարբերություն գարեջրավաճառների՝ իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը՝ առանձին:

* * *

Հայաստանից փախչելիս երկու ոտք ուներ, երկուսն էլ փոխ առավ ու տոկոսի տակ ընկավ:

* * *

Հայերն ամենահավատացյալ ազգն են աշխարհում, քանզի հույսը միշտ Աստծո վրա են դնում:

* * *

Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի մի կտոր: Չկպչելու համար դարձիր ոսկի:

* * *

Տաշած քարը գետնին չի մնա, բայց մինչև երեխան չլացի, մայրը ծիծ չի տա:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: