Հայերեն   English   Русский  

​3 ժամից ավելի տևող խաղ. Նոր հորիզոններ Կրեմլի համար


  
դիտումներ: 1282

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանեց Թուրքիա` մասնակցելու 2010 թ. ստեղծված ռուս-թուրքական Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) հինգերորդ նիստին:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հայտարարվում էր, որ այն, ի թիվս այլ հարցերի, հիմնականում տնտեսական համագործակցության ընդլայնմանն է ուղղվելու: Թեև նախապես հայտարարվել էին երկու պետությունների ղեկավարների քննարկումների հիմնական շրջանակները, հանդիպման ընթացքը շարունակում էր հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի ու հատկապես Արևմուտքի համար:

Պատճառն այն է, որ ռուս-թուրքական հանդիպումն ուղղակիորեն կապված էր Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունների հետ, ու չնայած Ռուսաստան-Թուրքիա դարավոր ոչ բարեկամական հարաբերություններին` այս պետությունները, փաստորեն, որոշեցին այս պահին քաղաքական լուրջ տարաձայնությունները (Սիրայի, Ուկրաինայի և այլ հարցերում) հարաբերականորեն մի կողմ դնել ու փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ձեռք բերել:

Ռուսաստանը, ի դեմս Թուրքիայի, այլընտրանք գտավ Արևմուտքի կողմից կիրառվող մշտական ճնշումներին

Հայտնի է, որ Թուրքիան չի միանում Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների գործողություններին: Այս հանգամանքն էլ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ էական դեր խաղաց. պայմանավորվածություն ձեռք բերվեց Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծացնել մինչև 100 միլիարդի: Թուրքիան պահը չկորցրեց ու կորզեց Թուրքիայի համար 6%-ով էժանացած գազ և հնարավորություն ստացավ սեփական գյուղատնտեսական ապրանքները իրացնելու Ռուսաստանի շուկայում, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է Արևմուտքից ներկրվող որոշ ապրանքատեսակներից:

Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Թուրքիայում ընթացող «Ակույու» ատոմակայանի շինարարության շուրջ: Բացի այդ, համաձայնություն ձեռք բերվեց Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալը մեծացնել 20%-ով:

Մինչդեռ Թուրքիայում սպառվող գազի քանակը մեծացնելը չէր միայն Ռուսաստանի նպատակը, այլ բավականին ռիսկային որոշումը` Թուրքիան որպես տարանցիկ գոտի օգտագործելը դեպի Եվրոպա գազ մատակարարելու համար:

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունից: «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը սկսվել էր 2012-ին: Այս գազամուղով նախատեսվում էր Սև ծովով փոխադրել Եվրոպայում սպառվող գազի շուրջ 10%-ը: Սակայն հունիսին, ԵՄ-ի միջամտությամբ, Բուլղարիան հրաժարվեց գազամուղի հետագա շինարարությունը թույլ տալուց: Եվրոպայի կողմից այս գազատարի կառուցման շուրջ բուռն դիմադրություն սկսվեց: ԵՄ-ն անհանգստացած էր, որ Ռուսաստանի դիրքերը կամրապնդվեն Եվրոպայում` որպես Եվրոպայի գազի հիմնական (30%) մատակարարի:

Քանի որ Եվրոպան չի զիջում, Ռուսաստանը բացահայտ հայտարարեց, որ փնտրում է գազի մատակարարման նոր հորիզոններ: Եվ ահա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր խողովակ կառուցելու դեպի Թուրքիա: Այդպիսով 63 մլրդ խմ գազ կմատակարարվի Թուրքիա, որից 14 մլրդ-ը Թուրքիայի համար, իսկ մոտ 50 մլրդ-ը կհասնի Հունաստանի սահման:

նոր գազատար դեպի Թուրքիա

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, ընդ որում` բավականին լուրջ: Եթե Սիրիայի հարցում Ռուսաստանն Ասադի ռեժիմի պահպանման կողմնակիցն է, ապա Թուրքիայի ողջ ուժերը սևեռված են Ասադի տապալմամբ Մերձավոր Արևելքում իրադրության վերահսկողության ջանքերին: Ուկրաինական ճգնաժամը նույնպես Ռուսաստանին ու Թուրքիային հակառակ բևեռներ է բերել: Թուրքիան չի պաշտպանում Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայում: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը բախվում են նաև Ղրիմի հարցում: Թուրքիան չի ճանաչում Ղրիմի վարչակազմը, սակայն դա չխանգարեց Թուրքիային այս պահին Ռուսաստանի առջև բարձրացնելու ցեղակից թաթար-թուրքերի իրավունքների ընդլայնման հարցերը:

Փաստորեն, այս պահին Ռուսաստանի համար Արևմուտքի ճիրաններից ճողոպրելու լավագույն, թեկուզ ռիսկային տարբերակը Թուրքիան դարձավ: Թուրքիան էլ ցույց է տալիս ողջ տարածաշրջանում իր բացառիկ տեղը, բարձրացնում իր գինը և շահաբաժին ստանում կոնֆլիկտներից: Ընդ որում, անգամ ռուս-թուրքական այս պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների սրումը հավանական չէ, քանի որ Թուրքիայի համար Եվրամիությունը շարունակում է մնալ նպատակ, իսկ Եվրամիության համար Թուրքիան` տարածաշրջանում կարևոր դաշնակից:

Այս պահին Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը կենսական նշանակություն է ձեռք բերել երկու երկրների համար, սակայն չմոռանանք, որ սա տնտեսական պրագմատիկ շահ է, և հնարավոր է` այս պայմանավորվածությունների ճակատագիրն էլ փոխվի աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ:

Այս պահին Պուտին-Էրդողան հանդիպման համար տարածաշրջանային, այդ թվում Լեռնային Ղարաբաղի համակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները հիմնական նպատակ չեն, բայց մինչ հանդիպումն էլ խոսվում էր այն մասին, որ հանդիպումը չի շրջանցի նաև տարածաշրջանային դասավորությունների հարցերը:

Սակայն կարող ենք գոնե ենթադրել, որ այս հարաբերությունների համատեքստում Արևմուտք-Ռուսաստան պայքարը և դրանում Թուրքիայի մասնակցությունը անպայման անուղղակի, գուցե նաև ուղղակի խաղատախտակին կդնի տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի համար խիստ կենսական շահեր:

Գլխավորն այն է, որ Հայաստանը նման փոփոխվող իրավիճակներում ճկուն քաղաքականություն որդեգրի` Թուրքիա-Ռուսաստան համագործակցության հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար: Իսկ ռուս-թուրքական համագործակցությունից բխող իրական վտանգների նախադեպեր Հայաստանն ունեցել է:

Արմինե ԱՎԵՏՒՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: