Հայերեն   English   Русский  

Քննարկվեցին բուհերում կրթության որակի ապահովման ձեռքբերումներն ու հիմնախնդիրները


  
դիտումներ: 966

Մեկնարկեց «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աշոտ Սաղյանը:


Պարոն Սաղյանը, ներկայացնելով հավատարմագրման հանձնաժողովի գործունեությունը, նշեց, որ առաջիկայում նախագիծ կներկայացվի կառավարություն՝ 4 տարի ժամկետով պայմանական հավատարմագրումը դարձնելու լիարժեք հավատարմագրում: Այսպիսով, բուհը կստանա 4 կամ 6 տարով հավատարմագրում, 2 տարով պայմանական հավատարմագրում կամ չի հավատարմագրվի: Ըստ նոր կարգի՝ թե 4 և թե 6 տարով հավատարմագրված բուհերը ստիպված կլինեն 2 տարին մեկ հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների ու բարեփոխումների մասին:
Սաղյանի խոսքով՝ բուհերի հավատարմագրումը չափազանց կարևոր է մի քանի առումներով: Նախ, աշխարհին ցույց տալու, որ մեր երկրում կա որակյալ կրթություն, բացի այդ, հավատարմագրումը հնարավոր կդարձնի, որ հայաստանյան շրջանավարտներն օգտագործեն արտասահմանյան առաջատար ուսումնական հաստատություններում սովորելու և կազմակերպություններում աշխատելու առկա հնարավորությունները: «Հիմա էլ որոշ շրջանավատներ առանց լիցենզիայի ու որևէ խնդրի աշխատում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններում, բայց նրանց թիվը մեծ չէ»,- ասում է Սաղյանը՝ հավելելով, որ բուհերի չհավատարմագրվելը կարող է նաև նվազեցնել արտերկրից Հայաստան սովորելու եկող ուսանողների հոսքը:
Ուսանողների շարժունությունից խոսելով՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ անգամ երկրի մակարդակում այն ցածր տոկոս է կազմում: Պատճառն այն է, որ մի բուհը չի ճանաչում մյուս բուհի ուսումնական ծրագրերը: Ուստի բուհերը, ուսումնական ծրագրերը բարեփոխելիս, պետք է հաշվի առնեն, թե որքանով է այն ճանաչելի, այլապես փոփոխությունն անիմաստ է դառնում:
«Երբ նոր էինք գործընթացը սկսում, բոլոր բուհերին թվում էր, որ իրենք ամեն ինչ ունեն, շատ լավ կրթություն են մատուցում, ուղղակի իրենց մասին դեռ չգիտեն: Ուստի ավելի կարևորեցին կրթության որակի հավաստումը, քան բարելավումը: Սակայն շուտով փորձը ցույց տվեց, որ որակի բարելավումն անհրաժեշտ գործընթաց է, իսկ հավաստումն ընթացքում կլինի»,- ասում է Ռուբեն Թոփչյանը: Նա նշեց, որ 15 բուհեր արդեն իսկ անցել են հավատարմագրման գործընթացը, 7 բուհեր դիմել են հավատարմագրման համար, այսինքն Հայաստանում գործող բուհերի կեսից ավելին արդեն իսկ գործընթացում են:
Հավատարմագրման գործընթացի մանրամասները և սպասվող փոփոխությունները ներկայացրեց ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը: Նրա խոսքով՝ բուհերն աստիճանաբար դառնում են որակի մշակույթի կրողներ և դա մեծ առաջընթաց է: Մակարյանը նշեց, որ բուհերը ինքնավերլուծություն գրելիս ծավալային սահմանափակում կունենան. 100 էջ ինստիտուցիոնալի պարագայում և 70 էջ՝ ծրագրայինի: Բացի այդ, եթե ինքնավերլուծության մեջ ներառված չլինի swot վերլուծություն, այն թերի կհամարվի ու չի ընդունվի քննարկման: ՈԱԱԿ-ը հավատարմագրման դիմած բուհերից նաև ավելի շատ քանակական տվյալներ, ինչպես նաև նպատակների հստակ սահմանում կպահանջի: Մակարյանը տեղեկացրեց, որ ՈԱԱԿ-ը կշարունակի գործընթացներում ներգրավել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան առաջատար փորձագետներին:
Համաժողովի ընթացքում մի քանի զեկույցներով անդրադարձ կատարվեց նաև բուհերում գիտահետազոտական գործընթացներին ու հետազոտական բաղադրիչի խթանման միջոցներին: Ներկայացվեց նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման Ամերիկյան համալսարանի փորձը, ՄՈՒՀ-երի ու կրթական ծրագրերի արդյունավետ կառավարման մոտեցումները:
Օրը շարունակվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացմանը և փորձագիտական աշխատանքի մեթոդաբանության հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողովներով, որոնք վարում էին փորձագետներ Անդրե Գովարտը, Ռոմեին Հուլպիան և Կարեն Գրիգորյանը:
Դեկտեմբերի 5-ին՝ համաժողովի երկրորդ օրը, անդրադարձ կկատարվի ծրագրային հավատարմագրման գործընթացին, կներկայացվեն հեռանկարները, ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: