Հայերեն   English   Русский  

«Ցեմենտ լցնել անտառի տարածքում ուղղակի անգրագիտություն է». բնապահպանը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքների մասին


  
դիտումներ: 1505

Այսպիսի մեծ հրդեհներ լինում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դրանց պատճառները հիմնականում մոլորակում ընթացող լուրջ կլիմայական փոփոխություններն են:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում՝ Վայոց ձորում և «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհներին:

«Հիդրոմետ ծառայությունը պարբերաբար զգուշացնում էր հրդեհավտանգ իրավիճակի մասին և քաղաքացիներին, և պատկան մարմիններին: Սրան ծանոթ էին բոլորը: Գուցե պատկան մարմինները զգույշ են եղել, բայց եղածը եղած է»,- նշեց բնապահպանը:

Նա ընդգծեց՝ հատկապես մեծ կորուստներ ենք կրել Խոսրովի անտառում, որն ուներ շատ հարուստ բնաշխարհ:

Տիկին Ադամյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լիներ նման հրդեհների: Հայաստանում, որտեղ լինում է շոգ ամառ, Արտակարգ իրավիճակներին նախարարությունը կազմ-պատրաստ պետք է լիներ նման իրավիճակի: Սակայն ի՞նչ եղավ: Գնացին և´ ԱԻՆ-ի ներկայացուցիչները, և´ կամավորներ, և´ մարդիկ Բնապահպանության նախարարությունից: Բայց պարզվեց, որ ԱԻՆ-ը զինված չի եղել համապատասխան տեխնիկայով, ունեցել է միայն ջրցան մեքենաներ: 1-2 ուղղաթիռ է եղել, որը իմ տվյալներով վերևից հող թողնելու փոխարեն, բաց է թողել ցեմենտի պարկեր, ինչն ուղղակի անթույլատրելի գործողություն է»:

Երբ բնապահպաններն այդ մասին բարձրաձայնել են, նրանց ասել են, որ ցեմենտի քանակությունը չնչին է եղել: Սիլվա Ադամյանին այս պատասխանը չի գոհացրել. «Իմանալով հանդերձ, որ կանչել են ինքնաթիռը, որը մեծ քանակությամբ ջուր պետք է բաց թողներ Խոսրովի արգելոցի վրա, ցեմենտ լցնել անտառի տարածքում ուղղակի անգրագիտություն է, անփութություն: Չգիտեմ՝ ԱԻՆը-ը ինչով է մտածել, որ ցեմենտ է շաղ տվել: Գուցե ցայտնոտի մեջ են ընկել ու անկառավարելի իրավիճակ է եղել, որովհետև, իսկապես, չէին կարողանում կրակը մարել»:

Սիլվա Ադամյանը նշեց, որ հատուկ այս դեպքերի համար ինքնաթիռ ունեցող երկրների շարքում է Ադրբեջանը: Նման իրավիճակների տեխնիկապես պատրաստ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ղազախստանը, Մոլդովան. «Իմ գործընկերները ասում են՝գիտեք, դա մեծ գումար է և այլն: Բայց կներեք, երկրի անվտանգության համար մենք պետք է ունենանք ամեն ինչ: Սա միայն բնապահպանական խնդիր չէ: Եթե հրդեհը չմեկուսացվեր ժամանակին, արդեն հասնելու էր բնակելի տարածքների: Եթե ռուսական ինքնաթիռը չգար, չգիտեմ՝ ինչ էինք անելու: Մենք ի վիճակի չենք մեր իսկ երկրում մեր ուժերով որևէ բան անել»,- ասաց նա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: