Հայերեն   English   Русский  

Ի՞նչ անել, որ գործի 15 = 20 բանաձևը


  
դիտումներ: 1629

Մաքսային միությանը Հայաստանի միանալու պարագայում մի շատ կարևոր հարց է առաջանում, որին այնքան էլ ուշադրություն չի դարձվում: Այդ հարցը կապված է այնպիսի կազմակերպություններին Հայաստանի մասնակցության պայմանների հետ, ինչպիսին է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:


Մաքսային միությունը տեսանք, ԱՀԿ-ի մասին մոռացա՞նք

Ինչպես գիտենք, Հայաստանը 2003 թ. փետրվարի 5-ից հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի լիիրավ անդամ: ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, ստեղծվել է 1995 թ., նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը:

ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային համաձայնագրերի մշակման և ներդրման համար, ինչպես նաև հսկում է, որ անդամները հետևեն այդ համաձայնագրերին: 2008 թ. հուլիսի դրությամբ ԱՀԿ-ի անդամ է եղել 153 պետություն, իսկ 2013-ից ԱՀԿ-ում «փորձաշրջան» է անցնում նաև Ռուսաստանը: Յուրաքանչյուր անդամ պարտավոր է մյուս անդամ պետություններին տրամադրել առևտրի ավելի բարենպաստ ռեժիմ:

ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերությունները: ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը հատուկ ստեղծված մեխանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող Վեճերի կարգավորման մարմնի միջոցով:

ԱՀԿ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն իրականացրել է օրենսդրական և կառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ` ուղղված ԱՀԿ-ի սկզբունքներին ու պահանջներին համապատասխանեցմանը:

Հայաստանը, ինչպես և ԱՀԿ անդամ այլ երկրները, ԱՀԿ շրջանակում, ի լրումն օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցման, պարտավորություններ է ստանձնել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերի, ծառայությունների առևտրի և գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասով:

Ներմուծման մաքսային դրույքաչափերի մասով Հայաստանը պարտավորվել և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափն ամրագրել է առավելագույն 15 տոկոսի չափով, այսինքն` մաքսատուրքի դրույքաչափերը կարելի է բարձրացնել միայն մինչև 15 տոկոս: Դրանից ավելի բարձրացնելու համար, ինչպես նշվում է նաև ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում, ըստ ԱՀԿ-ի կանոնների, Հայաստանը նախ պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, և երկրորդ` Հայաստանը պարտավոր է ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց փոխհատուցում տալ ԱՀԿ անդամ երկրներին և ենթակա է առևտրատնտեսական հակազդման միջոցների ԱՀԿ անդամ երկրների կողմից:

Բագրատ Ասատրյան

Իսկ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում այդպիսի փոփոխությունների պահանջ, ինչպես նշում են մասնագետները, անպայման կլինի. «Միասնական մաքսային ռեժիմ պետք է լինի Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանը շատ մեծ է ու Հայաստանն էլ շատ փոքր է, Հայաստանը պետք է ընդունի այն սկզբունքները, որոնք Ռուսաստանն է թելադրում: Այս կետի վրա անպայման կոնֆլիկտ է առաջանալու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որին մենք անդամակցում ենք արդեն 10 տարի, իսկ ռուսներն անցյալ տարվանից միայն անդամակցեցին: Թե այդ առումով հարցերն ինչպես են լուծվելու, թե ինչ հետևանքներ են լինելու, թող պատասխանատուներն ասեն, ես չեմ պատկերացնում»,- նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հետևը հուր, առաջը` ջուր

Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցեց միայն անցյալ տարի, բայց ոչ թե լիիրավ անդամ դառնալու, այլ փորձաշրջան անցնելու պայմանով:

Առհասարակ ցանկացած միջազգային կառույցի անդամակցելու համար պետությունները պետք է բանակցեն անդամակցության պայմանների շուրջ: Այսինքն` բանակցող կողմերը կազմում են իրենց կարիքների, առաջնահերթությունների, նպատակների, շահերի փաթեթը և սկսում են բանակցել: Ընդհանուր կետեր ունեցող հարցերը, բնականաբար, լուծվում են առաջին հերթին: Հետո արդեն փոխհամաձայնություններ են կայացվում խնդրահարույց հարցերի, փոխադարձ շահերի համադրության առումներով և այլն: Բնականաբար, միջազգային կազմակերպություններին անդամակցելու բանակցություններում յուրաքանչյուր պետություն աշխատում է ստանալ հնարավորինս շատ օգուտներ, ավելի նպաստավոր պայմաններ ամրագրել, քան զիջումներ անել: Այլ կերպ ասած` բանակցությունների արդյունքում ով ինչ կարողանում է, «պոկում» է:

Ռուսաստանը` որպես խոշոր ու մեծ շուկա ունեցող երկիր, ունի իր նախապայմանները, որոնք, բնական է, նաև չեն հակասում ԱՀԿ պայմաններին, եթե ԱՀԿ-ն համաձայնել է այդպիսի պայմաններով ներգրավել Ռուսաստանին: Ու ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակ Ռուսաստանը հաջողել է ամրագրել այնպիսի պայմաններ, ըստ որոնց, օրինակ` արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերն ու վճարները 7 տարում կիջնեն ու կհասնեն մինչև 7 տոկոսի, իսկ գյուղատնտեսական ապրանքների ու արտադրանքի համար այդ տուրքերն ու վճարները կնվազեն ու կհասնեն 18 տոկոսի` տատանվելով 5-20 տոկոսի միջակայքում: Ռուսաստանը կարողացել է ամրագրել նաև, որ ծառայությունների մատուցման 155 սեկտորներից 39-ում կարող է չթույլատրել արտասահմանյան ընկերությունների մուտքը, 86 սեկտորներում այդպիսի ընկերությունների մուտքը կարող է լինել որոշ սահմանափակումներով, օրինակ` բանկային ոլորտում մինչև 50 տոկոս մասնաբաժնով մասնակցությամբ, ապահովագրական ոլորտում` մինչև 55 տոկոս և այլն: Եվ ընդամենը 30 սեկտորներում է պարտադիր ազատ շուկայական մրցակցային մասնակցությունը: Տարբերություններն ակնհայտ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտում:

«Հայաստանը պետք է իր մաքսային և հարկային օրենսդրությունը համապատասխանեցնի Մաքսային միության պահանջներին` հաշվի առնելով նաև ԱՀԿ պայմանները: Հետևաբար ես ենթադրում եմ, որ դա արագ տեղի ունեցող պրոցես չի լինի, երևի առնվազն մեկ տարի կտևի Մաքսային միությանն անդամակցելու պրոցեսը, այդ ընթացքում պետք է փոխադարձ ընդունելի տարիֆներ, նաև ոչ տարիֆային կարգավորման միջոցներ օգտագործվեն ու կիրառվեն Հայստանում, այնպես որ, կարծում եմ` Հայաստանի անդամակցության պրոցեսը պետք է փոխադարձ համաձայնության դաշտում ընթանա: Ու քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ԱՀԿ-ին անդամակցել են տարբեր պայմաններով, այժմ անպայման կառաջանա այդ պայմանների համադրելիության խնդիրը: Այդ հակասություններն անզեն աչքով էլ տեսանելի են, հատկապես` ներկրվող ապրանքների ու մանավանդ սննդամթերքի մասով, որը շատ ցավոտ կարող է լինել Հայաստանի համար: Մսի, մսամթերքի, ձկնարդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսական վերամշակված այլ ապրանքատեսակների գծով Հայաստանը կարող է ոչ շահեկան վիճակում հայտնվել երրորդ երկրներից ներկրվող ապրանքների առնչությամբ: Անկասկած, մեկնարկային պայմանները բարենպաստ չեն այս իմաստով»,- պարզաբանեց տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Ահա մնում է առկախ` ինչպե՞ս պետք է Հայաստանը մի դեպքում կիրառի ԱՀԿ-ի առջև ստանձնած առավելագույնը 15 տոկոս ներմուծման մաքսատուրքեր վճարելու պայմանը, իսկ մյուս դեպքում նույնացնի, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը Ռուսաստանի 18-20 տոկոս մաքսատուրքերի պահանջի հետ, առավել ևս, ինչպես նշեցինք, ԱՀԿ-ին անդամակցության պայմանները խախտելու դեպքում Հայաստանին սպառնում են որոշակի պատժամիջոցներ: Սա հաստատ գիտեն այն պետական մարմինները, որոնց կայքերում են այդ տեղեկությունները հրապարակվել:

Սակայն, ինչպես նշեց նաև Ատոմ Մարգարյանը, միայն դա չէ խնդիրը, խնդիր կա նաև ընդհանուր տնտեսական համակարգի վրա ազդեցությունների առումով: Սա է, որ այս պահին պետք է գնահատվի, և սա ավելի լուրջ ու խորքային վերլուծություններ պահանջող պրոցես է, քան ֆորմալ տարիֆների, դրանց մակարդակների համաձայնեցումը: Էլ չասենք, որ հարցերի հարցը` ընդհանուր ֆիզիկական, աշխարհագրական սահմանների բացակայությունը և հաղորդակցությունների միակողմանի սահամանափակությունը լուրջ հոգս կարող են լինել Հայաստանի համար Մաքսային միությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցելու պարագայում:

«Կարծում եմ, որ այդ խնդիրները, որոնք կարող են ծագել Մաքսային միության անդամ երկրների կողմից ներքին փոխհատուցումների համակարգեր, հատկապես բյուջետային փոխհատուցումներ կիրառելիս, պետք է հաշվի առնվեն, և Հայաստանը պետք է նախապայմանների մեջ այդպիսի կետեր ներառի: Կարծում եմ, որ բանակցային սեղանին պետք է նաև այսպիսի հարցեր դրվեն»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: