Հայերեն   English   Русский  

​Ստամբուլ. հինգ զգայարանների քաղաքը


  
դիտումներ: 6695

«Հրանտ Դինք» հիմնադրամը վերջերս տասը հայ լրագրողների հնարավորություն ընձեռեց մեկ շաբաթով գտնվելու Թուրքիայում ու մոտիկից ծանոթանալու հարևան երկրի կյանքին, մշակույթին ու կենցաղին:

Պարզվում է` դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմանով երկրների միջև կա ուղիղ օդային հաղորդակցություն: Լուսադեմին լքում ենք Երևանը և երկու ժամային գոտի հետ գնալով նույն մեր թռիչքի ժամին վայրէջք կատարում Ստամբուլում:

Թուրքական հողի վրա ոտք դնելիս առաջին զգացողությունը վտանգի զգացումն է, ներքին անհանգստությունը, որ տվյալ պահին ո՛չ պատճառ ունի, ո՛չ էլ հիմնավորում:

Ստամբուլ

Հաջորդ տպավորությունն էլի բացասական է. խցանումների պատճառով 25 կմ ճանապարհն անցնում ենք ուղիղ մեկուկես ժամում: Պարզվում է` այստեղ օրվա որոշ ժամերի նմանատիպ խցանումներն անխուսափելի են:

Ստամբուլը Թուրքիայի խոշորագույն քաղաքն է, ունի 14 մլն բնակչություն: Հիմնադրվել է մ.թ.ա. 667 թ., առաջին անվանումը եղել է Բյուզանդիոն, ապա` Նոր Հռոմ, V դարից սկսած` Կոստանդնուպոլիս, իսկ XX դարում արդեն պաշտոնապես անվանափոխվել է Ստամբուլի: Անունն առաջացել է թուրքերեն «իջնենք քաղաք» արտահայտության աղավաղված արտասանությունից: Ստամբուլը բացառիկ աշխարհագրական դիրք ունի. Բոսֆորի նեղուցով բաժանված քաղաքի մի մասն Ասիայում է, մյուսը` Եվրոպայում:

Չնայած նոյեմբերն է, բայց Ստամբուլում ամենուրեք գույնզգույն ծաղիկներ են. մեղմ կլիման ծովափնյա քաղաք լինելու առավելություններից է:

Քաղաքի ասիական մասը պատված է նորակառույց բարձրահարկ շենքերով: Իսկ եվրոպական մասում ամեն քայլափոխի զգացվում է քաղաքի պատմական շունչը, յուրատեսակ կոլորիտը: Հիացմունք է պատճառում, որ մինչ օրս պահպանվում է Կոստանդնուպոլսի պարիսպը: Որոշ տեղերում պարսպին կիպ շինություններ կան, բայց միևնույն է, այն պահպանված է ու հուշում է քաղաքի պատմական անցյալի մասին (Երևանում լիներ, հիմա վաղուց քանդած ու տեղը բարձրահարկեր կառուցած կլինեին):

Ստամբուլ

Առաջին հայացքից Ստամբուլին նայելիս թվում է, թե Հաղթանակի կամրջից նայում ես Նորագյուղին, միայն թե տարբերությունն այն է, որ այստեղ շենքերը 4-5 հարկանի են ու գույնզգույն: Միմյանց կպած պատերով շենքեր, նեղ ու ծուռումոռ ներքին փողոցներ, մայթերին խմբով նստած թեյ խմող մարդիկ, պատերի հետևում` օտարի աչքից թաքցրած եկեղեցիներ և ցուցադրաբար վեր խոյացող հսկայական մզկիթներ, պատերի տակ խմբերով հավաքված կատուներ, աղբակորույս ու կեղտոտ փողոցներ, օդում ամեն քայլափոխի փոփոխվող սննդի բույր և օրական հինգ անգամ հնչող նամազի սահմռկեցուցիչ ձայն. այսպիսին է Ստամբուլը, եթե նկարագրելու լինենք մի քանի խոսքով միայն:

Մզկիթներից բացի, քաղաքի թուրքական լինելու մասին ամեն քայլափոխի հիշեցնում են թուրքական դրոշները: Ընդհանրապես այս երկրում կարծես դրոշապաշտությամբ են տառապում: Քաղաքի ցանկացած վայրում այս ու այն կողմ նայելիս ծածանվող առնվազն մեկ դրոշ կտեսնեք: Այստեղ ամենուրեք կարմիրը գերակշռող գույն է, այնքան, որ նույնիսկ ճնշում է: Տեսադաշտից ոչ մի վայրկյան չբացակայող

Ստամբուլ

ծածանվող թուրքական դրոշը տպավորություն է թողնում, որ ամենուրեք արյան հետքեր են: Պարզվում է, որ ասոցիացիան թյուր չէ. օսմանյան ցեղերը մի հաղթական պատերազմից հետո գետնի վրա տեսել են թշնամու լճացած արյունն ու դրա մեջ արտացոլվող երկինքը՝ կիսալուսնով ու աստղով: Ահա դրանից էլ առաջացել է դրոշի գաղափարը, որը ճշգրիտ ներկայացնում է այս երկրի անցյալն ու էությունը:

Մի քանի օր քաղաքում շրջելուց հետո կարծես հասկանալի է դառնում դրոշապաշտության իմաստը. ամեն քայլափոխի հայկական, բյուզանդական, հունական ու այլոց հետքերն են տեսանելի, մինչդեռ այդ ամենն այժմ թուրքական է ու միայն դրոշներն են, որ հուշում են այդ բազմաշերտ մշակույթի ու արժեքների նվաճված լինելը և ներկայիս պատկանելությունը:

Ստամբուլի համն ու հոտը

Ստամբուլ

Ամեն քայլափոխի հանդիպող սննդի կետերը, ռեստորաններն ու սրճարանները, օդում տարածվող սննդի բույրը հուշում են, որ այստեղ ուտել սիրում են: Նույնն են վկայում նաև ռեստորաններում մեկը մյուսի հետևից մատուցվող բազմատեսակ ուտեստները: Միայն թե, որքան էլ տարօրինակ է, այստեղ ընդունված է արագ ուտել, ոչ թե հանգիստ վայելել համեղ խորտիկները: Մատուցողները կայծակնային արագությամբ մեկը մյուսի հետևից ուտեստներն են շարում սեղանին: Հենց մատուցումն ավարտվում է, սկսվում է սեղանը հավաքելու գործընթացը: Այդ ամենն այնքան արագ է արվում, որ չես էլ նկատում, որ մինչ պատառաքաղդ ափսեիդ հասավ, այն այլևս տեղում չէ: Եվ մատուցողները զարմացած ու թերահավատ դեմքով վրադ են նայում, երբ խնդրում ես հապաղել սնունդը սեղանից հեռացնելիս:

Իսկ սնունդն այստեղ այնքան հայկական է, որ մի պահ անգամ կարող ես մոռանալ, որ հայկական խոհանոցի կերակուրներ չես համտեսում. մածուն, թան, լավաշ, խորոված, լահմաջո ու այդպես շարունակ:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ այստեղ սպասարկման ոլորտը, չհաշված որոշ բացառությունները, տղամարդկանց մենաշնորհն է: Բոլոր մատուցողները, առանց բացառության, տղամարդիկ են: Արական սեռի ներկայացուցիչներն են նաև ապահովում մաքրությունը հյուրանոցներում, դպրոցներում, փողոցներում:

Ստամբուլի հայկական դեմքը

Ստամբուլ

Հայկական ստամբուլի հետ ծանոթությունը սկսվում է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունից: Շենքի մուտքի մոտ` հատակին տեղադրված սև սալիկը տեղեկացնում է, որ հենց այդտեղ է 2007-ին սպանվել Հրանտ Դինքը: Նեղլիկ, գրքերով ու թերթերով բեռնված սենյակներից անմիջապես հասկանալի է, որ վայրը մտավոր գործունեության կենտրոն է, այս պարագայում` խմբագրություն: Սենյակներում հայկական քթի արձանը, Արցախի դրոշը, հայոց տառերով պաստառները հուշում են, որ խմբագրությունը հայկական է, չնայած այստեղ աշխատող 25 հոգուց միայն կեսն են հայեր:

Թուրքերեն ու հայերեն հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը հիմնադրվել է 1996-ին: Թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով` Սփյուռքում, այդ թվում և Թուրքիայում հետզհետե պակասում է հայերեն խոսող հայերի թիվը: Մարդիկ գիտակցությամբ ու ինքնությամբ հայ են, բայց չեն տիրապետում հայերենին: «Ակոսի» թուրքերեն լինելն էլ այս հանգամանքով է պայմանավորված: Էստուկյանը նշում է, որ թերթի հրատարակությամբ պարզվեց` մեծ է նաև ազգությամբ ոչ հայերի թիվը, որոնք հետաքրքրված են հայկական համայնքի կյանքով: Ներկայումս շաբաթաթերթը լույս է տեսնում 5 հազար տպաքանակով, և բաժանորդների թվում կան և՛ հայեր, ո՛չ հայեր:

Ստամբուլ

Էստուկյանը նշում է, որ այժմ «Ակոսն» ունի ընդդիմադիր ոճ և հատկապես Դինքի սպանությունից հետո քաղաքականացված է: Ապրում են գովազդներից և հայտարարություններից ստացվող միջոցներով, բայց մերժում են նվիրատվությունները, որոնք կարող են խոչընդոտել իրենց անկախությունը: Տարիներ առաջ անգամ թուրքական կառավարությանն են մերժել, որը փորձել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել թերթին:

Հայկականության հաջորդ օազիսը Ստամբուլում Կեդրոնական վարժարանն է: Հիմնական փողոցից ներս ընկած, մտնողին թուրքական դրոշով և աթաթուրքի կիսանդրիով դիմավորող շենքում իրականում փորձում են հային հայ պահել (վարժարանին ու Ստամբուլում հայկական կրթական հաստատություններին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում):

Քաղաքի հայկական շունչը հատկապես զգացվում է Բոսֆորի նեղուցով անցնելիս: Բարեբախտաբար, այս մի հարցում թուրքական ժխտողականությունը տեղի է տվել ու զբոսավայրը զբոսաշրջիկներին պատմում է, որ Բոսֆորի երկայնքով տեղակայված շքեղագույն կառույցները հայկական Պալյանների գերդաստանի գործերն են: Հատկապես մանրամասն է ներկայացվում XIX դարի կեսերին կառուցված Դոլմաբահչե պալատը, որը հեղինակել է Կարապետ Պալյանը: Շենքի ներքին հարդարանքի վրա ծախսվել է շուրջ 14 տոննա ոսկի: Պալատի պատերը զարդարում են Հովհաննես Այվազովսկու կտավները: Հիացմունք ես ապրում, երբ տեսնում ես հայակերտ հանրահայտ դղյակներն ու ցավ ապրում, որ բոլորի վրա ծածանվում է թուրքական կիսալուսնով կարմիրը:

Ստամբուլ

Իսկ միակ շենքը, որի վրա ծածանվում է հայկական դրոշը, որի ներսում մտնողին ողջունում են հայկական գերբն ու դրոշը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հայկական ներկայացուցչությունն է: 1992 թ. ստեղծված այս տնտեսական կառույցին 2001-ից անդամակցում է նաև Հայաստանը: Մեր երկիրը Թուրքիայում ներկայացված է երկու հոգանոց անձնակազմով` ներկայացուցչության ղեկավար Միքայել Վարդանյանը և նրա օգնական Իգոր Մարտիրոսյանը: Եվ չնայած այն դիվանագիտական կառույց չէ, միևնույնն է, Թուրքիայում խնդրի դեմ առած ամեն հայի միակ հույսն ու ապավենն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: