Հայերեն   English   Русский  

​Վերածնված զինվորը և կյանքը՝ զրոյից


  
դիտումներ: 7760

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում եմ:

Լոգոպեդ Անին ուղեկցում է երկրորդ հարկում գտնվող մի հիվանդասենյակ, ուր ծառայության ընթացքում վիրավորված նախկին զինծառայողն արդեն չորս ամիս է՝ վերականգնողական բուժում է ստանում: Հիվանդասենյակի դուռը զգուշությամբ եմ բացում, մի տեսակ անվստահ, քանի որ վիրավոր զինվորների հետ հարցազրույցների փորձից լավ գիտեմ, որ առանձնապես ոգևորված չեն լրագրողների այցերով ու շատ էլ չեն սիրում խոսել (մեկ-մեկ բառերն աքցանով ես քաշում):

Մտնում ենք հիվանդասենյակ, որտեղ մի կին էլ կա: Հավանաբար մայրն է: «Եթե ինքն էլ չխոսի, մայրը հաստատ ասելիք կունենա»,- մտքումս ուրախանում եմ ու անցնում առաջ: 20-ամյա Ալբերտը ժպիտով դիմավորում է, ինչն արդեն լավ է, և առաջին իսկ շփումից պարզ է դառնում, որ զրույցը ստացվելու է: Բայց մինչ սկսելը նկատում եմ մահճակալի կողքին դրված ափսեով ապուրը: «Թող ուտի՝ նոր»,- ասում եմ: «Է՜, ուր էր, թե Ալբերտս ուտեր»,- հոգոց է հանում մայրը՝ տիկին Արմինեն:

Փորձում եմ հասկանալ, թե Ալբերտն ինչ վիրավորում է ստացել, քանի որ արտաքուստ ամեն ինչ կարծես կարգին է, միայն գեղեցիկ, վճիտ աչքերում մի քիչ թախիծ կա: Ալբերտը մի թուղթ է տալիս ձեռքս. գանգի ռենտգեն հետազոտության պատկերն է՝ 6 լուսանկարով: Առաջին հայացքից ոչինչ չեմ հասկանում, միայն գանգի հետնամասի խոշոր անցքն է տարօրինակ թվում: «Սա ի՞նչ է»,- հարցնում եմ: «Գլուխս է, էդքանը չկա»,- հանդարտ ասում է ու սպասում արձագանքիս: Ակամա գլխին եմ նայում: Շրջում է: Գլխի հետևում տեղ-տեղ մազերը չկան, կաշին է, իսկ գլուխը կորություն չունի, տափակ է: «Գնդակը մի կողմից մտել է, մյուս կողմից դուրս եկել, հենց արյունատար անոթի միջով է անցել: Ուղեղի մոտ 25 տոկոսը չկա: Երեք վիրահատություն արդեն արել են, չորրորդն է սպասվում, պլաստիկ վիրահատություն պիտի անեն, գլուխը փակեն»,- պարզաբանում է մայրը:

Սարսափում եմ, բայց որպեսզի Ալբերտին ցույց չտամ, իբր կատակ եմ անում. «Բայց համա թե բախտ ունես»:

Ալբերտ Դալլաքյան

«Ալբերտս հրաշքով է ողջ մնացել, ոչ մի հույս չկար, Աստված պահեց իմ որդուն»,-ասում է մայրն ու սկսում պատմությունն ամենասկզբից:

Ալբերտ Դալլաքյանը Վանաձորից է: Դեռ փոքր էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան՝ Ռոստով. դպրոց, հետո Ռոստովի պետական համալսարանի բիզնես կառավարման բաժին: «Անվճա՛ր»,- շեշտում է մայրը, որը որդու հետ այլ հույսեր էր կապել, բայց նա իր պլաններն ուներ՝ գալ Հայաստան, ծառայել, հետո վերադառնալ ու շարունակել ուսումը:

Այդ որոշումը ծնողների սրտով չէր, բայց Ալբերտը բոլորից թաքուն տարկետում էր վերցրել, կապվել Հայաստանում իր ընկերների հետ, բոլոր հարցերը կարգավորել:

«2015-ի հուլիսի 6-ն էր, ես Երևանում էի,- պատմում է մայրը,- զանգեց ասեց՝ գալիս եմ: Չհավատացի: Պարզվեց՝ համարյա հասնում է»:

Ալբերտը գալիս է ու անմիջապես գնում զինկոմիսարիատ: Հուլիսի 21-ին նա արդեն Հադրութի զորամասի զինծառայող էր: Այն էլ նշեմ, որ առաջարկել էին ռուսական զորքեր, քանի որ հիանալի ռուսերեն գիտեր: Հրաժարվել էր:

2016 թվական, ապրիլի 2: Ալբերտի մայրն այդ օրը որդուց լուր չուներ: Գիտեր՝ դիրքեր է բարձրացել, չի կարող զանգահարել: Ապրիլի 2-ի ուշ երեկոյան խոհանոցում գործ էր անում ու ռուսական ռադիո լսում: Մեկ էլ լուրերով հայտնում են, որ ադրբեջանցիները հարձակվել են Ղարաբաղի վրա, ուզում են գրավել Ստեփանակերտը… «Սառեցի, թևերս թուլացան, գրտնակն ընկավ ոտքիս»,- հիշում է մայրը:

Մի քանի օր տիկին Արմինեն մղձավանջի մեջ էր, աշխատանքի չէր կարողանում գնալ: Հեռվից ամեն ինչ շատ ավելի դժվար էր: Մինչև որդու ձայնը չլսեց՝ չհանգստացավ: Քառօրյա պատերազմն ավարտված էր, որդին՝ ողջ ու առողջ:

2016 թվական, հունիսի 24: Ալբերտը նորից մարտական հերթապահության մեջ էր, դիրքերում: Կարծես հասնում ենք պատմության ամենամռայլ կետին, ու սպասում եմ, որ պատմի, թե ինչպես վիրավորվեց: Բայց Ալբերտը հանկարծ վեր է կենում, այլայլված քայլում դեպի դուրս՝ ասելով. «Էդքանն էլ մաման թող պատմի»:

«Դե այդ օրը վիրավորվում է: Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց: Վիրահատում են, բայց շանսերը շատ քիչ էին: Որոշում են տեղափոխել Երևան, բայց ուղղաթիռով տանելը ռիսկային էր, կարող էր ճնշման տատանումներին չդիմանալ: Ռիսկի են դիմում: Ճանապարհին երկու անգամ ուղղաթիռն իջեցնում են, որ վիճակը կայունանա. հասցնում են Երևան: Երկու ծանր վիրահատություն էլ Երևանում են անում: Էնքան վիճակը վատ էր, որ ոչ մի հույս չէին տալիս: 26 օր կոմայի մեջ էր, արհեստական ապարատին միացված, տաքությունը 41 աստիճան և անց… Երրորդ վիրահատությունը մոտ տասը ժամ տևեց, ուղեղը լրիվ թարախի մեջ էր, բայց բժիշկներն իրենց ամբողջ ուժը դրեցին ու, փառք Աստծո, փրկեցին տղայիս կյանքը»:

Կյանքը փրկել էին, բայց Ալբերտին դեռ հետվիրահատական վերականգնողական երկար ու բարդ ճանապարհ էր սպասում: 26-րդ օրը Ալբերտը գիտակցության է գալիս, բայց ո՛չ շարժվում էր, ո՛չ խոսում, ո՛չ որևէ բան հիշում, տեսողություն էլ գրեթե չուներ:

«Մի կին էր անընդհատ գալիս-գնում, չէի հասկանում՝ ով է: Մի ամիս հետո հասկացա, որ մաման է,- պատմում է Ալբերտը,- հետո մամայիս հետ ինչ-որ մարդ էր գալիս- գնում, նայում էի, չէի ճանաչում, դա էլ, ինչպես հետո իմացա, պապաս էր»:

«Բայց ինքը չէր ուզում ցույց տալ, որ մարդկանց չի ճանաչում,- ընդհատում է մայրը,-երբ բարեկամները, ընկերները գալիս էին, հարցնում էին՝ Ալբերտ, ինձ ճանաչո՞ւմ ես, աչքերով ասում էր՝ հա, հետո, երբ գնում էին, ձեռքով ինձ հարցնում էր, թե ով է»:

Ալբերտի վերականգնողական բուժումն ամենայն հավանականությամբ արդյունք չէր տա, եթե չարվեր հենց սկզբից ու սահմանափակվեր պետական այն ստանդարտ գործողություններով, որոնք վիրահատությունից հետո որոշ ժամանակահատված կատարում են ու զինհաշմանդամին ուղարկում տուն կամ լավագույն դեպքում՝ Կարմիր խաչի հիվանդանոց:

Ալբերտի վերականգնողական բուժմանը վիրահատությունից անմիջապես հետո լծվել է մի թիմ, որն աշխատում է հասարակական կազմակերպության շրջանակներում: Կազմակերպությունը ստեղծել է լրագրող Հայկուհի Մինասյանը, ընդամենը 3 տարի առաջ, երբ մի զինվորի օրինակով ուսումնասիրել է ոլորտը և բացահայտել սարսափելի տխուր պատկեր. շուրջ 9 հազար զինհաշմանդամ՝ բազմաթիվ խնդիրներով ու միայնակ իր խնդիրների հետ:

Այս կազմակերպության գործունեությանն արժե առանձին և մանրամասն անդրադառնալ, քանի որ չափազանց շնորհակալ աշխատանք է կատարում: Մի քանի խոսքով միայն ասենք, որ Երևանի Միքայելյան և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցներում այսօր իրականացնում է զինհաշմանդամների վերականգնողական բուժում՝ կինեզիոթերապիա և մերսումներ, ասեղնաբուժություն, լոգոպեդիա և այլն: Զինհաշմանդամների համար ուրիշ ծրագրեր էլ են իրականացվում՝ սոցիալական, կրթական: Միքայելյանի տարածքը վարձակալում են, ամսական 500 հազար դրամը ԱՄՆ-ից մի անհատ բարերար է վճարում: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, որը Երևանի բժշկական համալսարանինն է, սենյակներն անվճար են տրամադրել. համալսարանի ռեկտորը՝ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, ոգևորված է այս ծրագրով և ամեն ինչով աջակցում է: Հիմա նույն հիվանդանոցի երրորդ հարկում զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն են ուզում բացել: Պաշտպանության նախարարությունը խոստացել է օգնել, Ռիտա Սարգսյանը 77 հազար դոլար է նվիրաբերել, մի խոսքով՝ Հայկուհին հույս ունի, որ գալիք սեպտեմբերի 21-ին կենտրոնը պաշտոնապես կբացեն: Հայկուհին ասում է, որ եթե հետվերականգնողական բուժումը ժամանակին արվեր, ապա զինհաշմանդամ դարձած տղաներից շատերն այսօր գոնե անվասայլակին գամված չէին լինի:

Ալբերտ Դալլաքյան

Ալբերտի մայրը կազմակերպության լոգոպեդ Անի Մանուկյանի մասին խոսելիս ասում է՝ իմ Անին: Իսկ Ալբերտի համար Անին սոսկ լոգոպեդ չէ, այլև հոգեբան ու լավ ընկեր: Մի տարի էլ չկա, և Անիի շնորհիվ վերականգնվել է ոչ միայն խոսքը, այլ նաև գիրը և ընթերցանությունը. «Փորձում ենք հասնել նրան, որ ուսումը շարունակի»,-ասում է Անին ու հավելում, որ նման արդյունքի հնարավոր է հասնել միայն մի դեպքում, երբ հիվանդն ինքն էլ մեծ ջանքեր է դնում: Իսկ Ալբերտի կամքի ուժի մասին խոսելն ավելորդ է. եթե մտքին մի բան դրեց՝ պիտի հասնի: Երբ ամիսներ առաջ Ալբերտին տարել են Կարմիր խաչի հիվանդանոց՝ քայլողունակությունը վերականգնելու, հրաժարվել է նստել անվասայլակին: Եվ այդպես մինչև վերջ էլ չի նստել ու կարողացել է քայլել: Մինչդեռ իրեն ասում էին, թե մի 5 տարի հետո միգուցե կարողանա միայն ձեռքը շարժել:

Ինչևէ, խնդիրներ դեռ շատ կան՝ հիշողությունը, մտքի աշխատանքը, տեսողությունը, որ երբեմն անսպասելի լրիվ կորչում է: Մայրն ասում է, որ ուղեղի նորմալ աշխատանքի ապահովման համար մի դեղ կա, որն առնվազն 3 տարի ամեն օր պետք է խմի: Մի ամսվա դեղը մոտ 66 հազար դրամ է: Իբրև առաջին կարգի հաշմանդամ՝ Ալբերտը 55 հազար դրամ է ստանում, 36 հազար էլ նրա համար, որ մարտական դիրքերում է վիրավորվել: Երևանում բնակարան չունեն, վարձով են ապրում, տաքսիով են Ալբերտին տանում-բերում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Ռուսաստան գոնե առաջիկա տարիներին չեն վերադառնա, մինչև Ալբերտի բուժումն ամբողջությամբ ավարտեն: Մի խոսքով՝ հազարավոր ծախսեր, նվազ եկամուտ: Զինհաշմանդամի մայրը վիրավորված է, որ իրենք կարծես անտեսված են:

«Բանակ տանելիս ոչ մի վայրկյան չեն կորցնում, էրեխուդ վերցնում-տանում են, հետո հաշմանդամ տալիս են ձեռքդ, ասում՝ գնա: Հիշում եմ, երբ հաշմանդամության կարգը պիտի հանեինք, որ թոշակի հարցերը լուծեինք, զորամասում զինգրքույկը կորել էր, չկար, մի կերպ գտան, և մոտ 6 ամիս տևեց, մինչև թոշակի հարցը լուծեցինք: Հետո մի հատ մեդալ բերեցին, որ երևի մեզ մխիթարեն»:

Տիկին Արմինեն, որի համար շատ խորթ է ինչ-որ մեկից ինչ-որ բան ուզելը, հանուն որդու պատրաստ է հանդիպել անգամ պաշտպանության նախարարի հետ և խնդիրներն անձամբ նրան հայտնել. «Նոր նախարար է, լավ բաներ են ասում իր մասին, չգիտեմ, տեսնենք»:

Զրույցն ուզում էի ամփոփել, երբ հիշեցի, որ Ալբերտն այդպես էլ չի պատմել, թե ինչպես է վիրավորվել: Դիպուկահա՞ր էր: Ժպտում է: «Դիվերսիա՞»,- շփոթված շարունակում եմ: «Հա, դիվերսիա էր, դիվերսիա՝ մեր աֆիցերի կողմից»: Ավելի եմ շփոթվում, իսկ Ալբերտն այլևս ոչինչ չի ասում: Փոխարենը մայրն է խոսում. «Ալբերտը դիրքում է վիրավորվել, բայց ոչ թուրքի գնդակից: Դիրքի հրամանատարն է զենքով իրեն «լավ զգացել» ու անզգուշաբար կրակել»:

Կարծես գլխիս սառը ջուր են լցնում. չեմ կարողանում այլևս ոչինչ հարցնել: Չնայած էլ ի՞նչ հարցնես՝ ամեն ինչ պարզ է: Ալբերտը խնդրում է հոդվածում չշեշտել այս պահը: Խոստանում եմ: Ընդամենը մի քանի փաստ եմ ուզում ներկայացնել՝ եզրակացությունները թողնելով ընթերցողին. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ա. Նահապետյանին, սակայն գործն առայժմ փակված չէ, մեղադրյալն էլ հանգիստ շարունակում է զինվորական ծառայությունը զորամասում:

Բայց պատմությունը չավարտենք այս տհաճ զգացողությամբ:

Հուլիսի 13-ին Ալբերտի ծննդյան օրն է, 21 տարեկան է դառնալու: Փաստորեն, նա 20-ամյակն անց է կացրել կոմայի մեջ, և այս տարի, կարելի է ասել, Ալբերտի վերածննդի տարեդարձն է: Նա անհամբեր սպասում է վերջին՝ պլաստիկ վիրահատությանը, որից հետո արդեն կորոշի հետագա նպատակները: Իսկ դրանք շատ են…

Տես նաև՝ Ալբերտ Դալլաքյանը պայքարում է կյանքի համար, դասակի հրամանատարը՝ վայելում կյանքը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: