Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության առաջնորդի եղբայրը հացադուլ է հայտարարել


  
դիտումներ: 503

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբայրը՝ Ջելալ Քըլըչդարօղլուն, հացադուլ է հայտարարել: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Հաղոդվում է, որ նա հացադուլ է հայտարարել` ի նշան Քեմալ Քըլըչդարօղլուի՝ «իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու դեմ բողոքի»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարայում մեկնարկել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամների զանգվածային քայլերթը, որով իրենց բողոքն են հայտնել կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի կալանվորման դեմ, ով երկարատև ազատազրկման է դատապարտվել Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու և պետական գաղտնիքները հրապարակելու մեղադրանքով: Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Բերբերօղլուին դատապարտել է 25 տարվա ազատազրկման:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: