Հայերեն   English   Русский  

​ՍԱՐԳԻՍ ԿՈՒԿՈՒՆՅԱՆ


  
դիտումներ: 7206

«Տեսա նրան (Կուկունյանին) Կարսի մեջ, երբ բանտից տանում էին բաղնիք: Ամբողջ ժողովուրդը սիրով և հիացումով կը նայեր այդ բարձրահասակ, վայելչակազմ երիտասարդին, որ հագած չերքեսկա և փափախ՝ դյուրաշարժ և ժպտադեմ կը քալեր կոզակներով շրջապատված: Հետագային՝ 16 տարի վերջը, ես նորից տեսա Կուկունյանը, երբ նա ազատվելով ռուսական տաժանակիր բանտից և Սախալին կղզիի աքսորից՝ եկավ Կովկաս սպիտակ մազերով ու մորուքով, բավական գերցած ու դանդաղաշարժ,- խոհուն ծերունի մը, որ հեռավոր իսկ նմանություն չուներ այն երիտասարդի հետ, որ տեսած էի առաջին անգամ և մասնավոր սիրով պահած հիշողությանս մեջ: Միայն աչքերն էին, որ խոր հայացքով կը թափանցեին մարդու հոգիին մեջ»:

Համո Օհանջանեան

Հայ ազատագրական պայքարի նորագույն շրջանը լի էր բարդ ու իրարամերժ իրադարձություններով: Հայությունը բաժնված էր երկու մասի. Արևելյան Հայաստանը գտնվում էր ռուսական տիրակալության տակ, Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան Թուրքիայի: Եվ տարօրինակ է, որ Արևելյան Հայաստանում հայությունը գեթ մեկ ըմբոստություն ռուսական տիրակալության դեմ չկազմակերպեց՝ ասես բավարարված էր իր կարգավիճակով: Դրա փոխարեն շարունակ փորձեր էին կատարվում արևմտահայությանը Թուրքիայի տիրապետության տակից ազատելու և ռուսական տիրապետություն հաստատելու նաև Արևմտյան Հայաստանում…

XIX դարավերջին Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը: Արևելահայությունը նյութական, մարդկային միջոցներ ներդրեց արևմտահայության դատի պաշտպանության գործում: Հարկավոր էր Էրգիր զենք-զինամթերք հասցնել, շատ արևելահայեր զինավառ ջոկատներ կազմեցին՝ Արևմտյան Հայաստան թափանցելու և այնտեղ պայքար ծավալելու նպատակով: Կարապետներից մեկը Սարգիս Կուկունյանն էր:

Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է 1863 թ. հունվարի 23-ին, Նուխի գավառի Նիժ գյուղում (ներկայումս Ադրբեջանի տարածքում), չքավոր ընտանիքում: Կուկունյանն ազգությամբ հայ չէր, հին Աղվանքի բնիկ տերերը հանդիսացող ուդի ժողովրդի զավակ էր: Ուդիները, ճիշտ է, պահպանել էին իրենց ազգային սովորույթների զգալի մասը, բայց շատ ավելի հայկական կենցաղով էին ապրում: Նրանք առաքելադավան էին, հայախոս և հայերի հետ կիսում էին բաժին ընկած ճակատագիրը:

Սարգիս Կուկունյանը նախնական կրթությունը ստացել է Նիժի ծխական դպրոցում, 1877 թ. ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ հոգևորական դառնալու մտադրությամբ: Սակայն ըմբոստ ոգին ու արդարության համար պայքարի կամքը նրան թույլ չտվեցին հոգևորական դառնալ: Մի խումբ ուսանողների հետ նա ճեմարանում ցույց կազմակերպեց, որի պատճառով հեռացվեց ճեմարանից: Սարգիսը փորձեց ուսումը շարունակել Երևանի ուսուցչական սեմինարիայում, բայց արդեն ձեռք բերած համբավի պատճառով նրան չընդունեցին:

Սարգիսը բախտը փորձեց նաև զինվորական ասպարեզում՝ ընդունվելով Թիֆլիսի զինվորական դպրոց: Սակայն այստեղ էլ երկար չմնաց և փորձեց Ներսիսյան դպրոց ընդունվել: Բայց կրկին մերժեցին ըմբոստ պատանուն:

Ի վերջո, Սարգիսը հնար է գտնում, փոխում է ազգանունը և որպես Սարգիս Կուկունյան՝ ընդունվում Ներսիսյան դպրոց: Նրա ուսման համար Բաքվի մարդասիրական ընկերությունն ամսական 10 ռուբլի էր հատկացնում:

1884 թ. Կուկունյանն արդեն Բաքվում էր, որտեղ ապրուստը հոգում էր ուսուցչությամբ: Սակայն ուսման ծարավը նրան շուտով տարավ Պետերբուրգ, ուր ընդունվեց տեղի համալսարանի իրավաբանական բաժինը:

Կուկունյանի ուսման ծախսերը հոգում էր Բաքվի մարդասիրական ընկերությունը: Շուտով, սակայն, երիտասարդ ուսանողը, հեռանալով իրավաբանական բաժնից, ընդունվում է Արևելյան լեզուների բաժին: Մարդասիրական ընկերությունը դադարեցնում է ֆինանսավորումը (ամսական 15 ռուբլի նպաստը), և Կուկունյանը հայտնվում է ծանր սոցիալական կացության մեջ:

Սարգիս Կուկունյանը ուսանողական ակտիվ կյանք էր վարում, մասնակցում ուսանողական ցույցերին, հակացարական միջոցառումներին: Միաժամանակ Պետերբուրգում զինվորական գործ է ուսանում՝ իր կյանքի մեծագույն նպատակը համարելով Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Նա նաև Կոստանդին Խատիսյանի հետ խմբակ էր ձևավորել, որտեղ թարգմանում էին բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի մասին նյութեր և տարածում հայության շրջանում:

Կուկունյանի գաղափարական ուսուցիչը Պետերբուրգում դարձավ անվանի հայ մտավորական Կարապետ Եզյանը: Նա ևս մտորում էր Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին՝ համարելով, որ Էրգրում շարժումներ ծավալելու համար պետք է ընտրել Վասպուրականը: Եզյանը Կուկունյանին խորհուրդ էր տալիս պարսկա-թուրքական սահմանին մեծ ուժեր հավաքել և այնտեղից փորձել շարժում սկսել:

Սակայն Կուկունյանն ի վերջո մերժեց Կարապետ Եզյանին և իր համախոհների հետ 1890 թ. ժամանեց Թիֆլիս: Այստեղ նա բանակցություններ սկսեց հայ մամուլի երախտավորներից մեկի՝ ազգային գործիչ Գրիգոր Արծրունու հետ: Արծրունին Կուկունյանին խորհուրդ տվեց ուղղակի թափանցել Արևմտյան Հայաստան և այնտեղ թուրքական հաստատությունների վրա հարձակումներ գործել՝ աղմուկ բարձրացնելու և միջազգային հանրութան ուշադրությունը Հայկական հարցի վրա բևեռելու նպատակով:

Կուկունյանը սկսում է խմբի համալրման գործը: Նրան են միանում նաև Արշակ Գավաֆյանը (Քեռի), Ռուբեն Դերձակյանը, Եփրեմ Դավթյանը (Խան), Արամայիս Ազնավուրյանը, այլ մեծանուն գործիչներ: Խումբը համալրվելով հաստատվում է Կարսի մարզի հայկական գյուղերում և այստեղ զինավարժությամբ է զբաղվում: Զենքի, զինամթերքի հայթայթումը կազմակերպում է նոր կազմավորված ՀՅԴ կուսակցությունը:

Խմբի ֆինանսավորման գործը ստանձնում են մի խումբ հայ մեծահարուստներ: Ամենամեծ ներդրումը՝ 5000 ռուբլի, կատարում է նավթարդյունաբերող Առաքել Ծատուրյանը, որ խոստանում է իր ողջ կարողությունը ազգին նվիրել, եթե արշավանքն արդյունք տա: 1500 ռուբլի նվիրում է Ալեքսանդր Մանթաշյանցը:

Պետք է նշել, որ Կուկունյանին միացած խմբի անդամներից ոչ բոլորն էին համամիտ նրա հետ արշավանքի պլանների առնչությամբ: Երբեմն գործը հասնում էր սպանությունների: Մասնավորապես, Կուկունյանի հրամանով սպանվեց իր օգնականը՝ Հակոբ սարկավագը, որ մեծ դեր է ունեցել Կուկունյանի խմբի կազմակերպման գործում: Հետագայում նա խոստովանեց, որ Հակոբ սարկավագի սպանությունն իր սնափառության հետևանքն էր ու սխալ քայլ էր:

Տարաձայնություններ կային նաև նոր ձևավորված Հայ հեղափոխական դաշնակցության և Կուկունյանի միջև: Դաշնակցությունը սկզբում ցանկանում էր աջակցել Կուկունյանի խմբին, սակայն Հովսեփ Արղությանի (Տաշո) ջանքերով ՀՅԴ-ն փոխում է իր դիրքորոշումը: Դաշնակցականները ցանկանում էին հետաձգել արշավանքը՝ այն ավելի հանգամանալից կազմակերպելու համար, նաև պնդում էին նման մեծաքանակ խմբով Էրգիր ներթափանցելու անհնարինությունը՝ առաջարկելով դա անել փոքր՝ 4-5 հոգանոց խմբերով, աննկատ: Բայց Կուկունյանն անդրդվելի էր:

Բացի այդ, Կուկունյանի խմբում ցարական ոստիկանությունը մատնիչ ուներ, որի միջոցով տեղեկանում էր խմբի պլանների և գործունեության մասին:

Չլսելով դաշնակցական գործիչներին՝ Կուկունյանն իր 107 հոգուց բաղկացած խմբով, որից 24-ը ձիավոր էին, սեպտեմբերի 23-ի գիշերը Սաթվերան գյուղի մատույցներում անցնում է Արաքսը և ուղևորվում դեպի Չիչակլուի կիրճը: Կուկունյանի խումբը երկու դրոշ ուներ: Մեկի վրա պատկերված էր Գրիգոր Լուսավորիչը, մյուսի վրա՝ առյուծ, որի ոտքերի տակ կիսալուսինն էր:

Ռուս սահմանապահները, քաջատեղյակ լինելով Կուկունյանի խմբի անցման երթուղու և ժամի մասին, համագործակցելով թուրքերի հետ, ծուղակ են լարում: Խումբը չորս կողմից շրջապատվում է թուրքական կանոնավոր զորքերի, քրդական զինված ջոկատների և ռուս սահմանապահների կողմից:

Բայց խումբը Կուկունյանի հրահանգով անվարան առաջ է շարժվում, խորանում կիրճի մեջ: Լուսաբացին սկսվում է կռիվը: Այն տևում է ողջ օրը: Չնայած թվական հսկայական գերակայությանը՝ թուրքերն ու քրդերը չեն կարողանում ընկճել հայդուկների խմբին: Մթնշաղի հետ թուրքական ուժերը հետ են քաշվում: Սակայն Կուկունյանի խումբն էլ կորուստներ ուներ: Կորուստներից զատ, խումբն արդեն սպառել էր գրեթե ողջ ռազմամթերքն ու կորցրել սննդի պաշարը:

Կուկունյանը ստիպված էր նահանջի հրաման տալ: Անցնելով Արաքսը Կաղզվանի շրջանի Խառ գյուղի մոտ՝ խումբը գյուղի մերձակա այգիներում հանգստանում է, երբ շրջապատվում է ռուսական զորքերով: Սկսվում է անհավասար կռիվ հոգնած, անքուն և ուժասպառ հայ ֆիդայիների և ռուսական զորքերի միջև: Ուժերն անհավասար էին: Կուկունյանի խմբի անդամներից ոմանք կարողանում են կռիվ տալով ճեղքել ռուսների շղթան և հեռանալ, իսկ խմբի անդամների հիմնական մասը՝ 43 հոգի, ձերբակալվում է:

Ձերբակալվելու պահին Կուկունյանն իրեն ասպետավարի է պահում: Նա փախուստի դիմելու հնարավորություն ուներ, սակայն չի լքում իր ընկերներին:

Կալանվածներին չորս շաբաթ պահում են Կաղզվանի բանտում, ապա տեղափոխում Կարս: Ցարական կառավարությունը 1893 թ. գարնանը սկսում է Կուկունյանի խմբի դատավարությունը: Կալանվածների մի մասն ազատ է արձակվում, իսկ 26 հոգի արժանանում է խիստ պատիժների: Սարգիս Կուկունյանը դատապարտվում է 20 տարվա տաժանակիր աշխատանքի, որից 7 տարին՝ շղթայակապ: 1895 թ. գարնանը դատապարտյալները շղթայակապ աքսորվում են Սիբիր:

Սակայն Կուկունյանի պայքարն այս ամենով չի ավարտվում: Սախալինում նա գտավ իր սիրուն, ծանոթացավ մի աքսորական հայուհու հետ և ամուսնացավ: Կինը Կուկունյանին հինգ զավակ պարգևեց:

1904 թ. սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, և Կուկունյանը կամավոր զինվորագրվում է ռուսական բանակին: Մինչ այդ նա յուրացրել էր ճապոներենն ու աքսորավայրի կառավարչի թույլտվությամբ, ամսական 30 ռուբլի աշխատավարձով գրագրություն էր վարում: Ճապոնացիների կողմից Սախալինը գրավելու ժամանակ կամավոր զինվոր Կուկունյանը հրաշքով ազատվում է դատաստանից: Նրան պատահաբար ճանաչում է մի ճապոնացի սպա, որի հետ աքսորյալ Կուկունյանը ռուսերեն էր պարապել: Սպան հայտնում է, որ Կուկունյանը քաղաքական աքսորական է և Սախալինում է գտնվում իր ժողովրդի ազատության համար պայքարելու պատճառով: Կուկունյանին առաջարկում են անցնել Ճապոնիա, գնալ Նագասակի և տեղի ուսումնարանում աշխատել որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: Կուկունյանը մերժում է:

Ցուցաբերած արիության համար պատերազմից հետո նա ազատ արձակվեց և կնոջ հետ վերադարձավ հայրենիք: Նա նախ հաստատվեց Թիֆլիսում, ապա տեղափոխվեց հայրենի Նիժ գյուղ: Այստեղ էլ ըմբոստ ոգին հանգիստ չի գտնում և շարունակ պայքարում է կեղեքված գյուղացիության սոցիալական արդարության համար:

Հեղափոխական պայքարը նրան շուտով Բաքու է տանում, ուր ձերբակալվում է 1909 թ. և աքսորվում Նոր Նախիջևան: Սակայն շուտով դատարանն արդարացնում է Կուկունյանին, որ ազատվելով կալանքից՝ դարձյալ տեղափոխվում է Բաքու: Սակայն մեկ տարի անց արդեն սպանություն և ահաբեկչություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով Կուկունյանը դարձյալ ձերբակալվում է Բաքվում և դատապարտվում 15 տարվա տաժանակրության: Երկու տարի Գանձակի բանտում անցկացնելուց հետո, Կուկունյանին հաջողվում է ընկերների աջակցությամբ փախուստի դիմել: Սակայն նա ազատության մեջ երկար չմնաց, օրեր անց հայտնաբերվում է Նորատուս գյուղում և կրկին ձերբակալվելով՝ տեղափոխվում Գանձակի բանտ:

Շատ չանցած՝ նրան տեղափոխում են Ռուսաստան՝ Օրյոլ քաղաքի բանտ, ուր 1913 թ. նոյեմբերի 26-ին մահանում է թոքախտից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: