Հայերեն   English   Русский  

​Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը. Թիֆլիսի այցեքարտը Ռուսթավելու փողոցում


  
դիտումներ: 6491

Թբիլիսիում եմ: Թիֆլիսահայ ընկերներից մեկը` Վազգենը, առաջարկում է գնալ Ռուսթավելու պողոտայի ռեստորաններից մեկը, որը Հին Թիֆլիսի ամենագեղեցիկ շենքերից մեկում է գտնվում: Երաշխավորում է, որ քաղաքի ամենահամեղ խինկալին այնտեղ են մատուցում: Քայլում ենք դեպի Ռուսթավելի, մոտենում շենքին, որի մոնումենտալ տեսքն ու շքեղ ճարտարապետությունը միանգամից աչք են գրավում: Մտնում ենք ներս, բարձրանում փայտե հին աստիճաններով, ու տպավորություն է ստեղծվում, որ հիմա հանդիպելու ենք մեկ դար առաջ այնտեղ ապրած բնակիչներին: Հասնում ենք 3-րդ հարկ, տեղավորվում լեփ-լեցուն սրահներից մեկում ու պատվիրում խինկալին:

«Գիտե՞ք սա ինչ շենք է»,- հարցնում է Վազգենը ու չսպասելով պատասխանի` ասում,- Մելիք-Ազարյանցի տունն է, հայտնի թիֆլիսահայ վաճառական, մեկենաս»:

Մելիք-Ազարյանցի տունը

Մինչ զարմանքից ուշքի կգամ` փորձելով ուղեղիս որոնման համակարգում գտնել Մելիք-Ազարյանց ազգանունը, Վազգենը շարունակում է պատմել տան պատմությունը: Պարզվում է` Մելիք-Ազարյանցն այս շքեղ տունը կառուցել է իր գեղեցկուհի դստեր` Թագուհու հիշատակին, որը 1904 թվականին 22 տարեկանում մահացել է անբուժելի հիվանդությունից: Նա պատմում է, իսկ ինձ թվում է, թե այս տանը դեռ շրջում է Թագուհու ուրվականը: Մարմնովս սարսուռ է անցնում...

Խինկալին մատուցում են, և խոսակցության թեման միանգամից փոխվում է: Բայց Վազգենի պատմածից մեջս մի անհանգիստ դող է մնում, սիրտս ասես սեղմվում է, դեմ առնում պատի, ու տրամադրությունս ընկնում է: Անգամ Թբիլիսիի ամենահամեղ խինկալին չի օգնում: Թագուհու ուրվականից չեմ վախենում, պարզապես տանտերերն ինձ արդեն այնքան հարազատ են, որ ուզում եմ իմանալ նրանց մասին ամեն ինչ: Ու մինչ ընկերներս զրույցով են տարված, փորփրում եմ ինտերնետը: Ափսոս, Մելիք-Ազարյանցի մասին հայկական տիրույթում գրեթե ոչինչ չկա: Փոխարենը վրացական աղբյուրներն են տեղեկություններ բերում, բարեբախտաբար` ռուսերեն: Մեկ ժամվա ընթացքում բացահայտում եմ Մելիք-Ազարյանցին ու նրա հրաշագեղ առեղծվածային տունը:

Թիֆլիսյան պասաժ կամ Մելիք-Ազարյանցի տունը

Մելիք-Ազարյանցի տունը

Այս եզակի ճարտարապետական կառույցը, որն իբրև եկամտաբեր տուն աննախադեպ էր ողջ Կովկասում, համարվում է Թիֆլիսի սիմվոլներից մեկը, և սա ասում ենք ոչ թե մենք` հայերս, այլ թիֆլիսցիները: Վրացական զբոսաշրջային ընկերությունների կայքերում Թբիլիսիի ամենատեսարժան վայրերի շարքում ներկայացված է հայ մեծահարուստ, առաջին գիլդիայի վաճառական, բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը: Այն Թբիլիսիի հպարտությունն է, հին քաղաքի պատմությունն ու դեմքը:

Մելիք-Ազարյանցի տունը կառուցվել է 1912-1915 թթ. ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով: Այն Թիֆլիսի առաջին եկամտաբեր տունն էր և հարուստների տներից առաջինը, որ այդքան նրբորեն ու զգուշորեն էր կառուցվել:

Շենքը հսկայական տարածք է զբաղեցնում, ունի 4-5 հարկ, մի քանի մուտքեր, շքեղ պատուհաններ: Ճակատային մասը զարդարված է մարդակերպ քանդակներով ու զարդանախշերով: Մինչ 1953 թվականն այն քաղաքի ամենաբարձր ճարտարապետական կառույցն է եղել: Այդ հսկայածավալ կառուցը նաև ստորգետնյա հարկեր ունի, ասում են` 4-5 հարկ էլ ներքևում է թաքնված: Համենայն դեպս 90-ականներին ստորգետնյա առաջին ու երկրորդ հարկերում սրճարաններ ու բարեր են գործել, այժմ էլ ներքին 2 հարկերը կան:

Մելիք-Ազարյանցի տունը

Շենքի ճարտարապետական նշանակության մասին թերևս մասնագետները պետք է խոսեն, քանի որ այն լուրջ նախագիծ է: Սա այն ժամանակների համար իսկապես եզակի կառույց է թե՛ իր շինարարական բարձր որակով, թե՛ ենթակառուցվածքներով ու գեղեցկությամբ: Տունը կառուցված է չափազանց բարդ ռելիեֆի վրա, այդ պատճառով ունի մի քանի խորություն: Շինարարության ընթացքում լրացուցիչ խնդիրներ են առաջացրել ստորգետնյա ջրերը: Առաջին անգամ Կովկասում շենքի հիմքի կառուցման ժամանակ յուրօրինակ տեխնոլոգիա է կիրառվել` կապարե կարկաս, որը հնարավորություն է տվել պաշտպանել կառույցը ստորգետնյա ջրերից և մեծապես բարձրացրել է շենքի ամրությունը:

Այս կառույցը եզակի է նաև նրանով, որ առաջինը Թիֆլիսում ունեցել է ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ինքնավար համակարգ, ջեռուցման համակարգ, հեռախոսային գիծ, կինոթատրոն, փոքրիկ պուրակ ցայտաղբյուրով ու էկզոտիկ բույսերով, կայանատեղի կառապանների համար, որոնք ծառայում էին բացառապես տան բնակիչներին: Այստեղ տեղակայվել են նաև խանութներ, դեղատուն, ֆոտոստուդիաներ, վարսավիրանոց և այլն:

Ասում են` ճարտարապետ Օբոլոնսկին, իմանալով տանտիրոջ դստեր ողբերգական պատմությունը, շենքի

Մելիք-Ազարյանցի տունը

ճակատային մասը նախագծելիս օգտագործել է խորհրդանշական դեկորներ` սգո ծաղկեպսակներ և արցունքի կաթիլիների տեսքով պատուհաններ:

«Զբոսանքներ Թբիլիսիով» խորագրի շրջանակում 2016 թվականին «Սպուտնիկ Գրուզիայի» սյունակագիր Եկատերինա Միկարիձեն անդրադարձել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տան պատմությանը և ուշագրավ տեղեկություններ ներկայացրել: «Մելիք-Ազարյանցի տունը. Թիֆլիսյան մարգարտի ճակատագիրը» վերնագրով հոդվածում վրացի լրագրողն առանձնակի սիրով ու ջերմությամբ է ներկայացնում շենքի պատմությունը: Նա քամահրանքով նշում է, որ 70-ականաններին շենքը իշխանություններին չափազանց մեծ ու անիմաստ տարածք զբաղեցնող կառույց է թվացել, ցանկացել են քանդել այն ու տարածքը միացնել Հանրապետության հրապարակին: Բայց իմանալով հիմքում առկա կապարի և շենքի կառուցման հատուկ տեխնոլոգիայի մասին՝ մտափոխվել են:

Մելիք-Ազարյանցի տունը

Թիֆլիսահայ Վազգենը շենքի քանդման հետ կապված պատմում է. «70-ականներին, երբ որոշել են շենքը պայթեցնել, ուսումնասիրել են նկուղներն ու հիմքերը, և երբ սկսել են հաշվարկել, թե ինչքան պայթուցիկ է պետք, հասկացել են, որ այդքան պայթուցիկ օգտագործելու դեպքում ոչ միայն այս շենքը կփլվի, այլև շրջակա ամբողջ տարածքը: Դրա համար էլ չեն պայթեցրել»:

Միկարիձեն նաև գրում է, որ 2000-ականներին կրկին քննարկել են շենքը քանդելու հարցը. չէ՞ որ այն փաստացի կիսում է հրապարակը և հսկայական տեղ է զբաղեցնում: Սակայն Մելիք-Ազարյանցի տունը երկրորդ անգամ է վերապրել: 2015 թվականին շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել, սակայն «մեր հսկան», ինչպես բնորոշում է վրացի լրագրողը, կրկին կարողացել է գոյատևել:

Հետաքրքիր է, որ շենքում, բացի խանութներից, ռեստորաններից ու սրճարաներից, կան նաև բնակելի

Մելիք-Ազարյանցի տունը

հատվածներ: Սակայն շենքը նոր սեփականատեր ունի, որը որոշել է այն հյուրանոց դարձնել: Անգամ ճարտարապետ են հրավիրել, որը զբաղվում է շենքի վիճակի գնահատման և չափագրման աշխատանքներով: Եկատերինա Միկարիձեն իր հոդվածում ներկայացնում է նաև այդ ճարտարապետի տեսակետը:

«Ուզում ենք շենքի ճակատային հատվածը բերել նախկին տեսքին, որպեսզի շենքը գնած ընկերությունըհասկանա, թե ինչ գանձ ունի: Ես ուզում եմ նրանց հասցնել գլխավոր միտքը. բոլոր այն շեյխերն ու մեծահարուստները, որ կայցելեն Վրաստան, կնախընտրեն Մելիք-Ազարյանցի հին տան հյուրանոցը: Չէ՞ որ սա եզակի տուն է»,-ասում է ճարտարապետը:

Ալեքսանդր Մելիք-Ազարյանց. արժեքավոր անուն, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք

Մելիք-Ազարյանց

Անհասկանալի է, թե ինչու, օրինակ, թիֆլիսահայ մեծանուն հայ բարերարներ Մանթաշյանցի ու Արամյանցի կողքին երբևէ չենք լսել Մելիք-Ազարյանցի անունը: Ցավոք, հայկական աղբյուրներում կամ լրատվամիջոցներում Մելիք-Ազարյանցի ու նրա եկամտաբեր տան մասին սոսկ չնչին տեղեկություններ կան: Մինչդեռ Մելիք-Ազարյանցը Մանթաշյանցի ու Արամյանցի հետ միասին եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության պատվավոր անդամ, Թիֆլիսի հայ մտավորականության կենտրոնի` Ներսիսյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուներից մեկը, ինչպես Մանթաշյանցը, Արամյանցը, Գևորգ Եվանգուլյանը:

Մելիք-Ազարյանցը ծնվել է Թիֆլիսում 1847 թ., եթե հավաստի է այն տեղեկությունը, որ նա Թագուհուն ունեցել է 35 տարեկանում, իսկ վերջինս մահացել է 1904-ին:

Ըստ վրացական աղբյուրների՝ նա Բաքվում նավթահանքեր է ունեցել: Ազարյանցի կարողության մասին կան այլ տեղեկություններ, ըստ որոնց՝ նա ունեցել է նաև պղնձի հանքավայրեր ու քարե ջրաղացներ: Նրա ծոռնուհու վկայությամբ` իր նախապապն է հիմնել առաջին պղնձամոլիբդենային գործարանը Ցարական Ռուսաստանի Զանգեզուրի գավառում: Մի բան ակնհայտ է` նա ժամանակի ամենահարուստ ու ամենաազդեցիկ հայերից մեկն է եղել ԹԻֆլիսում:

Ի տարբերություն Թիֆլիսի այլ մեծահարուստների, որոնք մինչ բոլշևիկների գալը հասցրել են իրենց ունեցվածքը փրկել ու տեղափոխվել արտերկիր, Մելիք-Ազարյանցը մնացել է Թիֆլիսում: Բոլշևիկների իշխանության գալուց կարճ ժամանակ առաջ Մելիք-Ազարյանցը կնոջն ու ծնողներին ուղարկում է Ֆրանսիա, իսկ ինքը մնում Թիֆլիսում` սպասելով իր Եկամտաբեր տան ապագա գնորդուհուն, որը պետք է ժամաներ Ֆրանսիայից: Բայց վերջինս, տեսնելով Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, տունը գնելու մտքից հետ է կանգնում: Մելիք-Ազարյանցը մնում է Թիֆլիսում: Անհասկանալի է, թե ինչու չի միանում կնոջը: Ասում են` երբ նրա տունն ու ունեցվածքը ազգայնացրել են, նրան մի փոքրիկ տարածք են հատկացրել տան նկուղային հատվածում, և երբեմնի հզոր ու հարուստ վաճառականը 1923 թ. մահացել է աղքատության մեջ: Նրան հողին են հանձնել ընկերները:

Մելիք-Ազարյանցի ծոռնուհին ուզում է վերադարձնել պապի ունեցվածքի գոնե մի մասը

Մելիք-Ազարյանցի տունը

Վրացի լրագրող Եկատերինա Միկարիձեն ևս մեկ հոդված է գրել Մելիք-Ազարյանցի մասին` այս անգամ հենվելով իրենց խմբագրություն դիմած մի կնոջ` Նատալյա Քալանթարովայի տեղեկությունների վրա, ըստ որի՝ Նատալյան Մելիք-Ազարյանցի ծոռնուհին է:

«Նատալյան մեզ գտել էր սոցիալական ցանցի միջոցով,- գրում է լրագրողը:- Պարզվում է` նա ապրում է Դնեպրոպետրովսկում, 34 տարեկան է, ծնվել ու մեծացել Ուկրաինայում, ստացել է երկու բարձրագույն կրթություն։ Այսօր զբաղվում է ռեստորանային բիզնեսով և հյուրանոցային ասոցիացիայի պատվավոր անդամ է։ Նրանց ընտանիքում երկու երեխա է եղել` Նատալյա Քալանթարովան և նրա եղբայր Մարատը, որը վերջերս ողբերգական հանգամանքներում մահացել է: Մարատը զբաղվում էր ալպինիզմով և ընկել է բարձունքից»։

Ծոռնուհին պատմել է, որ հարստություն կուտակելուց հետո Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը որոշել է ընտանիք կազմել։ Նա ամուսնացել է Թագուհի Հովսեփյանի հետ։ Շուտով ծնվել է նրանց աղջիկը, որին նույնպես Թագուհի են անվանել։ Մեկ տարի անց ընտանիքում ծնվել է ևս մեկ աղջիկ` Սոֆյան։ Աղջիկները մեկը մյուսից գեղեցիկ են եղել։ Երկուսն էլ լավ կրթություն են ստացել։ Թագուհին վաղաժամ հեռացել է կյանքից: Նատալյայի մոտ պահպանվել է մահվան մասին եզրակացությունը, որտեղ գրված է, որ Թագուհին ծանր հիվանդ է եղել։

Սոֆյա

Ինչ վերաբերում է Նատալյայի նախատատի` Սոֆյայի պատմությանը, ապա նա 1910 թ. 26 տարեկանում ամուսնացել է Հովհաննես Քալանթարովի հետ։ Երիտասարդն ունևոր ընտանիքից է եղել, տիտղոսավոր խորհրդական և զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին` Նիկոլայը (Նատալյայի պապը)։ Նրանք ապրել են Թիֆլիսի այն տանը, որը Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը նվիրել է նորապսակներին որպես հարսանեկան նվեր։ Նատալյայի խոսքով` այդ տունը գտնվում է Լերմոնտովի 14 հասցեում։ Երեք պատուհանների վանդակաճաղերի վրա պահպանվել են առաջին սեփականատիրոջ անվան և ազգանվան սկզբնատառերը` Ա.Ա։ Ինչպես պնդում է Նատալյան, նշանավոր պապը ևս մեկ տուն է ունեցել Ֆրեյլինսկայա փողոցում, այժմ` Սուլխան-Սաբա։ Թոռնուհու մոտ պահպանվել են բոլոր երեք տների գնման փաստաթղթերը։

Նատալյան դիմել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանին` խնդրելով դիտարկել բոլոր երեք տները կամ գոնե մեկը վերադարձնելու հարցը։ Դիվանագետը պատասխանել է, որ Վրաստանում չկա օրենք, որը կարգավորի ունեցվածքային նման վեճերը։ Նրա խոսքով` միակ ելքը Եվրոպական դատարանն է, որը կարող է պարտավորեցնել վրացական կողմին ինչ-որ քայլեր ձեռնարկել։

Նատալյան պատմել է, որ բոլշևիկների իշխանության գալուց հետո Սոֆյան ամուսնու հետ մնացել է

Մելիք-Ազարյանցի տունը

Թիֆլիսում: Նրանց որդին` Նիկոլայը, մեծացել է, կրթություն ստացել, ֆրանսերենի դասատու է դարձել: Նիկոլայն ամուսնացել է և որդի ունեցել, որին կոչել է Ալեքսանդր` իր անվանի պապի պատվին: Ալեքսանդրը (Նատալյայի հայրը) դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ուկրաինա, ընդունվել Խարկովի ինստիտուտ: Հետո տեղափոխվել է Դնեպրոպետրովսկ ու այնտեղ էլ ամուսնացել: Ծնվել են Մարատն ու Նատալյան:

Մելիք-Ազարյանցի դուստր Սոֆյան մահացել է 1952 թվականին, նրա որդի Նիկոլայը` 1989 թվականին: Նատալյան այդ ժամանակ 7 տարեկան էր և շատ քիչ է հիշում պապի մասին:

Նատալյան սիրում է Թիֆլիսը, հաճախ է գնում: Նրան ձգում է քաղաքը, որտեղ դեռ կանգուն է իր նախապապի ստեղծած անզուգական ժառանգությունը:

Հ.Գ.

Երբ հոդվածն արդեն պատրաստ էր և ուղարկեցի թերթի պատասխանատու խմբագիր Անահիտ Հարությունյանին, պարզվեց՝ նա իր հեղինակած «Երևելի տիկնանց դարը» գրքում ( Եր., 2005, էջ 87-88) անդրադարձել է նաև Մելիք Ազարյանցի կնոջ՝ Թագուհու գործունեությանը: Գրքի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Թագուհի

Թագուհի Մելիք-Ազարյան (Շիշմանյան)

1859-1885

Ծնվել է Կ.Պոլսում: Նա վիպասան Ծերենցի` Հովսեփ Շիշմանյանի դուստրն է: 1878 թ. ծնողների հետ տեղափոխվել է Կովկաս, բնակություն հաստատել Թիֆլիսում, ամուսնացել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանի հետ, մի քանի տարի անց մահացել է թոքախտից: Նա եղել է Ֆրեոբելյան ընկերության և Թիֆլիսի հայուհյաց բարեգործական ընկերության գործուն անդամներից մեկը: Երիտասարդ հասակից «Մասիս», «Արևելք» պարբերականներում տպագրել է արձակ բանաստեղծություններ: Մենիկ ծածկանունով 1883 թ. Զմյուռնիայում լույս է ընծայել «Գարնան մի ասուպ» վիպակը, որը դրվատական գնահատականի է արժանացել մամուլում: Թագուհի Մելիք-Ազարյանի մահից հետո` 1889 թ., լույս տեսավ Էռնեստ Լըկուվեի «Բարոյախոսություն զկանանց» գիրքը` նրա թարգմանությամբ: Ծերենցը, որ ի հիշատակ դստեր տպագրության է պատրաստել այս գիրքը, առաջաբանում գրում է, որ Թագուհին այն թարգմանել է ընդամենը երեք ամսվա ընթացքում: 1875 թ. Ծերենցը հանգամանքների բերումով ստիպված է լինում հեռանալ Կիպրոս կղզին, և որպեսզի այդ մեկուսացած, գրեթե անապատային միջավայրում դուստրը շատ չձանձրանա, առաջարկում է նրան թարգմանել Լըկուվեի գիրքը, պայմանով, որ ինքը կիրականացնի սրբագրությունը: Ժամանակին մամուլը բարձր գնահատեց գրքի ընտրությունը և թարգմանության որակը:

Մելիք-Ազարյանցի տունը

Ինչպես տեսնում ենք՝ տարբեր աղբյուրներից հավաքված այս պատմության մեջ որոշակի տեղեկություններ ու տարեթվեր իրարամերժ են և խորությամբ ուսումնասիրելու կարիք ունեն: Հուսանք՝ երիտասարդ պատմաբաններից որևէ մեկը կստանձնի այդ գործը, քանի որ Մելիք-Ազարյանցի, նրա ընտանիքի ու նրա կառուցած Եկամտաբեր տան հետ կապված բազմաթիվ մութ կետեր ու առասպելներ կան, որոնք բացահայտելու և պատմական փաստերով ներկայացնելու դեպքում միայն կարժևորվի այս ընտանիքի կենսագրությունն ու թողած ժառանգությունը:

Մելիք-Ազարյանցի տունը

Մելիք-Ազարյանցի տունը

Մելիք-Ազարյանցի տունը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: