Հայերեն   English   Русский  

​ՌՈՒՍԱ Ա


  
դիտումներ: 6140

Արարատյան թագավորության պատմությունը հայոց տարեգրության կարևորագույն էջերից է: Ռուսա Ա հայոց արքան Արարատյան թագավորության հզոր տիրակալներից էր: Արքա, որին կարելի է բնութագրել որպես քաջ, առաքինի և ողբերգական կյանք ապրած մարտիկի…

Ռուսա Ա արքան քաջ ու զորեղ Արգիշտի Ա արքայի թոռն է, Սարդուրի Բ արքայի որդին: Նրա ծննդյան թվականն անհայտ է: Ռուսան հայոց գահին նստեց մ.թ.ա. 735-714 թթ.: Նա հորից ժառանգեց հզոր ու լայնարձակ մի պետություն, որ Առաջավոր Ասիայում առաջնության համար պայքարում էր Ասորեստանի դեմ:

Սակայն Ռուսա Առաջինը, հայոց գահ բարձրանալով, ստիպված էր շատ դժվարություններ հաղթահարել: Հարավում վերստին հզորացել էր հայոց ոխերիմ թշնամին՝ Ասորեստանի թագավորությունը: Ասորիները, վաղաժամ համարելով Արարատյան թագավորության դեմ հարձակումը, դավադրությունների միջոցով խարխլում էին հայոց պետությունը՝ այստեղ շարունակ ներքին ըմբոստություններ ու խռովություններ հրահրելով: Գահ բարձրանալով՝ Ռուսա Առաջինը ստիպված էր պայքար մղել ներքին կենտրոնախույս ուժերի դեմ՝ հպատակեցնելով նրանց և հայոց երկրից անջատված ծայրագավառները վերստին միացնելով Արարատյան թագավորությանը:

Ռուսան շինարար արքա էր: Նրա օրոք Հայաստանում կառուցվեցին քաղաքներ, ամրոցներ, տաճարներ, երկիրը պատվեց ջրանցքների խիտ ցանցով: Արքան կառուցեց նաև ջրամբարներ, առուներ գցեց, շտեմարաններ ու ձիաբուծարաններ հիմնեց:

Ռուսա Առաջինի կառուցած քաղաքներից նշանավորը Ռուսախինիլի բերդաքաղաքն է Վանա լճի արևելյան շրջանում՝ այժմյան Թոփրակ–կալա հնավայրը: Վանա լճի հարավային ափին արքան կառուցեց նաև Ուեսի (Ուասի, Ուայաիս) արքունի հզոր բերդը, որ հետագայում դարձավ Ռշտունիք գավառի կենտրոն Ոստան քաղաքը։

Ռուսա Առաջինը բարեփոխումներ արեց հայոց երկրում, շենացրեց այն, ուժեղացրեց արտաքին քաղաքականությունը, ընդարձակեց թագավորության սահմանները, իսկ հյուսիսում՝ Սևանի ավազանում, վանեց թշնամական ցեղախմբերը և երկրամասը միավորեց իր պետությանը:

Հատկապես կարևոր էր Ռուսայի արշավանքը հարավային ուղղությամբ. նա հայոց բանակն առաջնորդեց դեպի Կապուտան լճի ափամերձ շրջան, գրավեց լճի հարավային շրջանները, այնտեղ ամրություններ կառուցեց՝ լուրջ ռազմական հենարան ստեղծելով Ասորեստանի դեմ սպասվող վճռական պատերազմից առաջ:

Ռուսան նաև փորձեց Ասորեստանին մեկուսացնել դիվանագիտական ասպարեզում՝ հարևան երկրներից նրա դեմ կազմելով ռազմաքաղաքական խմբավորումներ: Մասնավորապես հակաասորական դաշինք ստեղծեց Կիլիկիայի տարածքում գտնվող պետությունների, Կապադովկիայի, Փռյուգիայի, Մանայի թագավորության, Մելիդի մասնակցությամբ:

Ասորական թագավորությունը հայտնվեց հայոց արքայի գլխավորած ռազմաքաղաքական ամուր դաշինքի օղակում, և թվում էր՝ Ռուսային կհաջողվի վճռական հարված հասցնել ոսոխին և Առաջավոր Ասիայում կրկին հաստատել Արարատյան թագավորության գերազանցությունը:

Եվ իսկապես, իրադարձությունները դասավորվում էին հօգուտ Արարատյան թագավորության: Սակայն հայոց երկրի գլխին պատուհասը եկավ անսպասելի վայրից: Թշնամին էլ ձեռքերը ծալած նստած չէր. Ասորեստանի դրդմամբ հյուսիսից հայոց երկրի վրա մեծաքանակ հորդաներով հարձակվեցին կիմմերները:

Մ.թ.ա. 715 թ. վճռական ճակատամարտում հայոց բանակը պարտվեց: Կիմմերներն ասպատակեցին Հայաստանը: Օգտվելով առիթից, դարձյալ Ասորեստանի դրդմամբ, հայոց արքայի դեմ ապստամբեցին մի քանի կուսակալներ: Մեծ ջանքերի գնով հայոց արքային հաջողվեց Արարատի երկիրը մաքրել վաչկատուն կիմմերներից և ճնշել ապստամբ կուսակալներին: Արքան դաժանորեն ճնշեց ապստամբություններն ու մահապատժի ենթարկեց կազմակերպիչներին:

Օգտվելով առիթից, որ Ռուսան զբաղված է կիմմերների դեմ պատերազմով ու ներքին խռովությունները ճնշելով, Ասորեստանի արքա Սարգոն Բ-ն հարձակվեց Մանա թագավորության և հայոց մյուս դաշնակիցների վրա, երկու վճռական ճակատամարտերում առանձին-առանձին ջախջախեց նրանց և Արարատյան թագավորությունն առավ աքցանի մեջ:

Հաջորդ տարի՝ մ.թ.ա. 714 թ., Սարգոն Բ-ն Արարատյան թագավորությանը հասցրեց վճռական հարվածը: Ասորական մեծաքանակ բանակը հարավից մտավ Հայաստան: Սարգոն Բ-ն ամայացրեց հայոց պետության հարավային գավառները: Նա գրավեց ու ավարառեց 7 գավառ և 430 բնակավայր: Հասկանալով, որ Արարատյան թագավորության ռազմական զորությունը խորտակված չէ, Սարգոն Բ-ն սիրտ չարեց հարձակվել մայրաքաղաք Վանի վրա, սակայն գրավեց պետության հոգևոր կենտրոնը՝ Արդինիի Մուսասիրի տաճարը, թալանեց և ավերեց այն:

Մուսասիրից Սարգոն Բ-ն գերի տարավ 6000 հայ ռազմիկների: Ասորեստանի արքան Մուսասիրի տաճարից կողոպտեց հսկայական հարստություն, ի թիվս այլոց, 25212 վահան, 30541 սուր, 1514 նիզակ, 607 կաթսա, 108 տոննա ձուլածո բրոնզ, 18 տոննա արծաթ, 2 տոննա ոսկի:

Զենքերի ու գանձերի առատությունը Մուսասիրի տաճարում վկայում է, որ հայոց տաճարները ոչ միայն պետության գանձատներն էին համարվում, այլև ունեցել են իրենց զինված ուժերը, որոնք անհրաժեշտ պահին նեցուկ են կանգնել արքային և բանակին:

Հետագայում Սարգոն Բ-ն Մուսասիրի ավերումն ու կողոպուտը պատկերել է Դուռ Շառուկինի պալատում: Այժմ պատմագիտության համար արժեքավոր այդ պատկերաքանդակը պահպանվում է Լուվրի թանգարանում: Շնորհիվ Դուռ Շառուկինի պատկերաքանդակի՝ կարևորագույն սրբագրում պետք է կատարել համաշխարհային պատմության և ճարտարապետության մեջ՝ հերքելով մինչ այժմ ընդունված մի վարկած:

Մինչ օրս Գառնիի տաճարը (առհասարակ նմանատիպ սյունաշար տաճարները) համարվում են հելլենական կամ հունահռոմեական մշակույթի բաղկացուցիչ: Անտիկ աշխարհում նմանատիպ տաճարներ սկսել են կառուցել սոսկ մ.թ.ա. VII դարից: Մինչդեռ Սարգոն Բ-ն արդեն մ.թ.ա. VIII դարի վերջում՝ մ.թ.ա. 714 թ., Հայաստանում ավերել է նույն ոճով կառուցված Մուսասիրի տաճարը: Բնականաբար, Հայաստանում Արդինիի Մուսասիրի տաճարի ոճով կառուցված այլ տաճարներ էլ են եղել, որոնք, սակայն, մեզ չեն հասել: Մինչդեռ Մուսասիրը, ինչպես որ պատկերված է պատկերաքանդակներում, վստահաբար կարելի է համարել ճարտարապետական սյունաշար կառույցների նախատիպը և այդ ոճի մեզ ավանդված ամենահին կառույցը: Հետևաբար, ճարտարապետական այդ ոճը հունահռոմեական համարելը սխալ է: Այն հայկական ճարտարապետության արգասիք է: Ի դեպ, Հայաստանի պատմության ազգային թանգարանում ցուցադրվում են Մեծամորից և Շենգավիթից գտնված անգամ կրկնահարկ, եռահարկ նմանատիպ տաճարների մակետներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. II հազարամյակով:

Մուսասիրի տաճարի թալանն ու ավերումը ծանր հարված էր ոչ միայն հայոց պետությանը, այլև հայոց արքայի պատվին ու ինքնասիրությանը: Ռուսան, որ նաև երկրի քրմապետն էր, ստացած հարվածից ու վշտից ինքնասպան եղավ:

Ռուսա Առաջինին հաջորդեց նրա քաջ ու խելամիտ որդին՝ Արգիշտի Երկրորդը, որ կարողացավ արագ չեզոքացնել Ասորեստանի սպառնալիքը, վերականգնել ավերված երկիրը, Արարատյան թագավորության ռազմական, տնտեսական զորությունն ու հեղինակությունը: Արգիշտի Երկրորդը թագավորեց խաղաղ պայմաններում: Նրա թագավորության օրոք Ասորեստանի ու Արարատյան թագավորության բախումները սահմանափակվեցին փոխադարձ դիվանագիտական նոտաներով և լրտեսական գործունեությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: