Հայերեն   English   Русский  

Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Հովհաննիսյան, Սարգսյան. քաղաքական իմիջի հայկական դրսևորումները


  
դիտումներ: 15956

Շատ մասնագետներ պնդում են, որ առանց անհրաժեշտ իմիջ ստեղծելու քաղաքական գործիչը հաջողության չի հասնի: Մշակվում են քաղաքական գործչի խոսքը, արտաքին տեսքը, շարժումները:

Իմիջի ստեղծման կարևորագույն պահանջներից է իրականության հետ կապը պահելը: Որքան էլ քաղաքական գործչի «փաթեթավորումը» լավ արված լինի, այն չպետք է կորցնի ընդհանուր եզրերը իրականության հետ, հակառակ դեպում գործիչը կդառնա ծիծաղի առարկա: Կան նաև ընդհանուր կանոններ, որոնց հետևելու արդյունավետությունը մեկ քաղաքական գործչի օրինակով չէ, որ ապացուցվել է:

Հայաստանում քաղաքական գործիչներից շատերը սահմանափակվում են իրենց «ուրույն կերպարով», չեն թաքցնում իրենց թուլությունները, չեն զբաղվում իրենց խոսքով, արտաքին տեսքով: Մի խոսքով, մոռանում են, որ ճիշտ է, Հայաստանում քաղաքացիների մի մեծ մասը կողմնորոշվում է այլ դրդապատճառներով` հարազատական-կուսակցական կապերով և այլ սկզբունքներով, սակայն ընտրողների մեծ մասի համար էլ որոշիչ կարող են լինել սանրվածքը, հագուստը, հասակը, անունը, գեղեցիկ արտաքինը և այլն:

Քաղաքական գործչի համար կարևոր է իրեն ներկայացնել որոշակի տեխնոլոգիական փաթեթավորմամբ:

Տեղին է բերել մի քանի հայ քաղաքական գործիչների օրինակը` ցույց տալու, թե ինչպես են մեր երկրում գիտակցաբար թե անգիտակցաբար իրենց իմիջը կառուցելիս զանազան տեխնոլոգիական հնարքներից օգտվում մեր գործիչները:

Քաղաքական գործչի իմիջը կարող է կառուցվել զանազան առասպելների՝ հերոս-փրկչի, հանրության հոր, իմաստուն ղեկավարի, «մեր մարդ» և այլ կերպարներով:

Հայկական քաղաքական իրականության մեջ ընտանիքի, հանրության հոր, «իմաստուն նահապետի» կերպարի կառուցման օրինակ էր 2013 թ. նախագահական ընտրարշավում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ընտանեկան կյանքից դրվագներ էին նկարահանվում` նրան ներկայացնելով որպես օրինակելի ընտանիքի հայր, որը հոգ է տանում բոլորի մասին` որպես իր զավակների, որը հայրենիքը փրկում է որոշակի կամ իրական սպառնալիքից: Այս իմիջի պարտությունը թերևս կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ այն ազգերը, որոնք տնտեսական ճգնաժամի, պատերազմական իրադրության մեջ են, չեն կարող բավարարվել միայն «խիստ քաղաքակիրթ» կերպարով: Հանրությունը սիրում է, երբ իր մասին հոգ են տանում, բայց նաև պահանջում է, որ լիդերը լինի չափազանց ուժեղ: Պատահական չէր, որ Հիտլերին բոլորը ատում էին. նա սառն էր, դաժան, բայց նա հանրությանը վախի հետ նաև պատկառանք էր ներշնչում: Իսկ երբ լիդերի մասին սկսում են հումորով, հեգնանքով խոսել (ինչը նույնպես կարող է թելադրված լինել հասարակությանը), ապա այդ լիդերը կորցնում է իր դիրքերը, որովհետև հանրությունը նրան փրկչի կերպարում չի տեսնում:

Քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կրում էր միևնույն շարֆը, որն իրեն փոխանցվել է իր նախնիներից: Շարֆը կրելու նպատակը զանգվածային գիտակցության մեջ սիմվոլի ստեղծումն էր, ըստ որի` նա հավատարիմ է իր անցյալին, ազգի պատմությանը: Թեկնածուի և ընտրողների միջև սիմվոլիկ կապի ստեղծումը նպաստում է նրանց համագործակցության ընդհանուր դաշտի ստեղծմանը: Սիմվոլի կրկնությունը մարդու մեջ մտքային կարծրատիպեր է առաջացնում, նվազեցնում ստացված տեղեկատվության քննադատական վերլուծությունը և նպաստում ամենատարբեր քաղաքական գաղափարների և պնդումների միջև տրամաբանական շղթայի ձևավորմանը:

քաղաքական իմիջ

Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը ևս միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից, որը խոսքային շեշտադրումների, ժեստերի, մանիպուլյատիվ հնարքների միջոցով մշակված իմիջի օրինակ է: Նա ներկայացվում է իբրև գրագետ, տեղեկացված անձնավորություն, այսուհանդերձ նրա կերպարն անաղարտ չէ: Նրա` որպես Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ունեցած անհաջողություններն այսօր հանրության մեծ մասին թույլ չեն տալիս վստահել: Նրա կերպարը լի է տեխնոլոգիական հնարքներով, բայց դրանք հնացած են, ավելին, հանրային գիտակցության մեջ բացասական կարծրատիպեր են թողել: Հերոսի և իսկական լիդերի կերպարին համապատասխանելու համար կարևոր է ոչ միայն քաղաքական գործչի ներկա գործունեությունը, այլ անցյալը: Փաստորեն, նրա այսօրվա իմիջի հիմնական «մեղավորն» իր անցյալն է:

Իմիջի կառուցման հաջող օրինակ էր Ռոբերտ Քոչարյանը, որի կերպարի ստեղծման մեջ մեծ է առասպելի դերը: Նա ներկայացվում էր որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, որը տիրապետում է հանրությանը հուզող բոլոր խնդիրների լուծման գործիքներին, շրջապատում վայելում է որոշակի համակրանք և որոշակի վախ է ներշնչում:

Այսօր էլ Քոչարյանին հաճախ ներկայացնում են փրկիչ-հերոսի դերում, նրա կերպարը նույնացնում են Պուտինի «ուժեղ բռունցք» կերպարի հետ, ուստի հաճախ լսում ենք Քոչարյանին հետ բերելու, իրավիճակը փրկելու մասին կոչեր:

Քոչարյանը բասկետբոլ էր խաղում, մարզում մարմինը: Վերջերս էլ շատ ենք տեսնում լուսանկարներ, որոնցում Քոչարյանը լողում է Սևանում: Սա տեխնոլոգիա է` ցույց տալու հայրենի հողում իր ուժեղ, մկանուտ կերպարը: Լուսանկարում երևում է, որ նա միակը չէ, Պուտինն էլ էր զբաղվում գետեր հատելով: Իմիջիայլոց, սա միակ օրինակը չէ, որով երևում է, թե որքան նման են կառուցված այս երկու գործիչների իմիջները. անգամ արտաքինն է նման:

Ինչ վերաբերում է գործող նախագահի` Սերժ Սարգսյանի իմիջին, ապա չենք կարող պնդել, թե նրա կերպարը հանրության մեջ ասոցացվում է ուժի և պաշտպանվածության հետ, այսինքն՝ մի լիդերի, որը հանձն է առել հանրության բոլոր խնդիրների իրականացումը: Նրա իմիջը դեռ կրում Է Ռոբերտ Քոչարյանի կերպարի ստվերի ազդեցությունը:

Նախընտրական արշավների ընթացքում նա օգտվում էր հասարակական կարծիքի լիդերների՝ երգիչների, դերասանների, հասարակական, մշակութային գործիչների զորակցությունից: Նրանք իրենց աջակցությունն էին հայտնում թեկնածուին, անգամ նախընտրական քարոզարշավի երգը գրել էր կույր իրավաբան, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանը: Այս փաստը որոշակիորեն հանրության սիրտը շարժեց: Բացի երկրի ներսում Սերժ Սարգսյանի իմիջի մասին կարծիքներից, այլ հանգամանք էլ կա. շատ քաղաքական գործիչներ են, արտաքին թշնամուն մատնանշելով, բարձրացրել իրենց վարկանիշը, այսինքն` ընտրել են մի խնդիր, որը բացառապես բոլորին է հուզում` երկրի անվտանգությունը, պաշտպանվածությունը, շահերի ներկայացումը: Ահա այս տեսանկյունից է, որ հանրությունն աջակցում է բոլոր նախագահներին. միջազգային հարթակներում Սարգսյանի ելույթներն ու քայլերը նրա վարկանիշը ինչ-որ առումով բարձրացնում են:

Ո՞ւմ է փնտրում ժողովուրդը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրություններում հաղթանակ տարավ իր կերպարի թարմությամբ, «մաքրությամբ»: Հայաստանում հասարակությունը տիրապետում է քաղաքական գործիչների անցյալի մասին բազում փաստերի, որոնք դարձել են կարծրատիպ, իսկ կարծրատիպերը կոտրելը հեշտ խնդիր չէ: Ասպարեզում գտնվող գործիչները, թեև այս կամ այն խմբի մեջ դեռ հիացմունք են առաջացնում, կորցրել են հանրության մեծ մասի աջակցությունը վայելելու հնարավորությունը, լճացել են, դոփում են, ճկուն չեն, զբաղված են միմյանց վրա քար նետելով: Իրար դեմ են կռվում և ոչ հանուն պետության: Ահա ինչու հասարակությունը սպասում է իր «փրկչին»` նոր լիդերին:

Թվում է` ժողովուրդը հոգնում է քաղաքականությունից, բայց կասկած չկա, որ հասարակության քաղաքական ակտիվությունը ճկուն է, իսկ ազգային իրական շահերի հիման վրա իր իմիջը կառուցած քաղաքական գործիչը իսկական նվեր կլինի հանրությանը, հատկապես` ճգնաժամային իրավիճակներում, երբ առաջնային պլան է մղվում հայրենասիրության, ազգային համընդհանուր նպատակի շուրջ համախմբման գաղափարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: