Հայերեն   English   Русский  

​ՀՄՈՒՏ ՈՒՍՈՒՑԻՉ, ՔԱՋ ԶԻՆՎՈՐ


  
դիտումներ: 1618

«Փառքի կատարները բարձրանալու համար կա մի հատիկ սանդուղք, որի առաջին աստիճանը կոչվում է քաջություն, վերջինը` դարձյալ քաջություն` մահամերժ քաջություն»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգվել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ և բուրգեր կառուցել, բանաստեղծություններ հորինել և նայել աստղերին: Ու այդ քառասուն դարերի ընթացքում մարդկային հոգեկերտվածքի ուղեկիցներ են եղել իմաստնությունն ու տգիտությունը, գթասրտությունն ու դաժանությունը, վախը և քաջությունը: Մեր ազգային հոգեկերտվածքի մասին Պարույր Սևակը գրել է. «Ոչ մի ազգ և ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ: Կորո՞ւստն է շատ, թե՞ շահածը, դժվար է ասել. բայց դա մեր հպարտությունն է»:

Նժարին չդնելով կորցրածն ու շահածը՝ չմոռանանք մի բան. ինչ էլ որ եղել է անցյալում, այսօր ունենք նաև շահածի մասին խոսելու երջանիկ պատեհությունը. դա մեր անկախ պետականությունն է և այդ պետականությունը կերտող հայորդիների նկարագիրը:

Հմուտ ուսուցիչ էր ու քաջ զինվոր Արտեմ Աբելյանը, մեկը նրանցից, որոնք դասամատյանը փոխարինեցին զենքով:

Արտեմ Աբելյանը ծնվել է 1914 թ. Հաղպատում: 1934-ին Երևանի մանկավարժական տեխնիկումը ավարտել և նշանակվել էր հայրենի գյուղի 7-ամյա դպրոցի ուսմասվար և մաթեմատիկայի ուսուցիչ: 1940 թ., երբ զորակոչվեց բանակ, սովորում էր հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նա պատերազմը դիմավորել է Դուբնո քաղաքի մատույցներում, պաշտպանական մարտերով նահանջել մինչև Չեռնիգով: Մարտական առաջադրանքները կատարելիս վիրավորվել է Գոմել քաղաքի մոտ: Ապաքինվելուց հետո փոխադրվում է 54-րդ տանկային գունդ, որ մարտեր էր մղում Լազովայա կայարանի մոտ: Այստեղ երկրորդ անգամ է վիրավորվում, բուժվելուց հետո 20-րդ տանկային գնդում նշանակվում է տանկի հրամանատար: Մասնակցում է Կուրսկի ճակատամարտին և Դնեպրի անցմանը: 1944-ին սովորում է տանկային ուսումնարանում, որն ավարտում է և նշանակվում տանկային բրիգադում դասակի հրամանատար:

Հաղթանակից հետո Աբելյանն իր տանկային բրիգադի հետ տեղափոխվում է Արևելք, կռվում ճապոնական զորքերի դեմ և մարտով հասնում Կուրիլյան կղզիներ: 1946 թ. Ա. Աբելյանը զորացրվում է և վերադառնում հայրենի Լոռի, լծվում իր սիրած գործին: Ավարտում է մանկավարժական ինստիտուտը, նշանակվում Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցի դիրեկտոր և աշխատում մինչև 1982 թ.՝ իր երկրային կյանքի ավարտը:

Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Ա. Աբելյանը պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով: Նա ՀՀ վաստակավոր ուսուցիչ էր: Բայց նրա ամենամեծ գնահատականը այն մեծ սերն ու վստահությունն էր, որ տածում էին նրա նկատմամբ իր գործընկերները, սաներն ու հայրենակիցները: Ես ինձ երջանիկ եմ համարում, որ աշխատանքի բնույթով թեև կարճատև, բայց ակտիվորեն շփվել եմ նրա հետ, օգտվել նրա խոր մտքի և մանկավարժական վարպետության գանձարանից:

- Ոչ ոք ստուգողին չի սիրում: Ժողովուրդը սովոր է ասել՝ լավ միլիցիոներ չկա, լավ տեսուչ չկա: Իսկ ես առարկում եմ: Եղել են, կան ու լինելու են,- մի անգամ ասաց նա,- հիշիր:

Մարգարեական ժպիտով հարստացած այս խոսքերը կարծես զանգ էին, որ դասի էին հրավիրում ոչ միայն ինձ, անշուշտ, նաև Աբելյան զինվորի և ուսուցչի ժառանգներին՝ բժշկուհիներ Գոհարին, Արմիկին և պետական ծառայող Գագիկին: Այդ է վկայում նրանց անցած ճանապարհը: Իսկ Աբելյանների մայրը՝ տիկին Անիկը, ալավերդցիների հոգում մնացել է իր գեղեցկությամբ, բարեսրտությամբ, խանդավառությամբ, աշխատանքի նկատմամբ նվիրումով, որ տանտիրոջ իրավունքով հետևում է հուշերի ընթացքին ու ավելացնում իր մայրական օրհնանքը:

Աբելյանի կորստի ցավն ավելի է խտանում, քանի որ այլևս մեզ հետ չէ հույսերով և ծրագրերով լեցուն մեր Գագիկը, ու նրա որդին` Դավիթը, նաև հոր փոխարեն է այցի գալու իր անվանի պապին: Գագիկի տիկնոջ` Հասմիկի ուսերին է ծանրացել զավակների ու թոռների երջանիկ ու տխուր պահերի վկան դառնալու, խոսք ու խորհրդի բեռը միայնակ կրելու պատասխանատվությունը: Ու նա չի մոռանում իր անվանի հոր` մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի մասին հուշերին շաղկապել աբելյանական գույները:

Ահա քանի օր է` սեղանիս բացված է «Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում» գրքի 2-րդ հատորը, որի էջերում Արտեմ Աբելյանը, Արշալույս Գևորգյանը, Սեդրակ Անայանը, Սարգիս Մելիքսեթյանը, Հովհաննես Վարոսյանը և Դավիթ Թարմինյանը ներկայացնում են Լոռու ձորը: Այն ինձ համար նվիրական մասունք է երջանկահիշատակ Դավիթ Թարմինյանի ընծայագրով. «Սիրելի Վաղարշակին` գործընկերոջս: Թող որ կարդա իմ մասին, սակայն ինքը և իր հետնորդները նման գրքի մասին իմանան կինոներից և պատմությունից»:

Մեզ մի բան է մնում՝ թույլ չտալ, որ խամրեն հարազատ մարդկանց երազանքների գույները, թույլ չտալ, որ նվաղեն հուշի մեղեդիները: Երկինք բարձրացող խունկի ծուխը շատ բան է պատմում նաև ապրողներիս մասին: Այդ ծուխն է, որ չի թողնում մոռացումի հուշաքար դնել շիրմաքարերին ու հեռանալ: Երկնքի հետ կապող այդ ծուխը մեզ դարձնում է հավերժ ուխտավոր, հավերժ հավատավոր, հավերժ խոնարհ, հավերժ մեղավոր ու հավերժ մխիթարված:

Սիրելի՛ ուսուցիչ, Ձեր գործն անմահ է, հիշատակը՝ վառ: Հաղթանակի օրը միշտ քո քաջության հետ ենք, իսկ նոյեմբերի 14-ին չենք մոռանա Ձեր ծննդյան 100-ամյա հոբելյանը:

Շնորհավոր հաղթանակդ, մեր մահամերժ զինվոր, մեր անփոխարինելի ուսուցիչ, մեր ավագ գործընկեր ու բարեկամ:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: