Հայերեն   English   Русский  

Նորզելանդացի գրող Լեն Ուիքսը երազում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպը էկրան բարձրացնել


  
դիտումներ: 2655

Մամուլի ակումբներից մեկում գրքի շնորհանդես էր. նորզելանդացի գրող Լեն Ուիքսը, Արմինե Հակոբյանը (հայերեն տարբերակի խմբագիրը) հանրության դատին հանձնեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպի հայերեն տարբերակը:

«Ինձ միշտ հարցնում են` ինչն է ինձ ոգեշնչել այս գիրքը ստեղծելիս: Պատասխանը պարզ է, կողքիս նստած է` հայուհի կինս»,-նշեց գրքի հեղինակը:

«Ես նախկինում գիրք չեմ գրել. գիրքը գրվեց ձեր երկիր այցելությունից հետո, ինչ-որ առանձնահատուկ հարազատ բան կա ինձ համար: Գիրքը ստեղծված է խաղաղություն բերելու ձեր ազգին: Սա ավելին է, քան գիրքը. այն ուղղված է արևմտականների մտքին ու հոգուն, քանի որ ես էլ եմ արևմուտքից: Հայերը շատ ցավ ունեն իրենց սրտում և պետք էր, որ դրսից ինչ-որ մեկը գրեր սա: Գրքում այս ցավը, իհարկե, ներկայացվում է»,-նշեց Լեն Ուիքսը:

«Ծագումը: Բացահայտում» վեպը հարգում է նաև Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած զինվորների հիշատակը, որոնք 1915թ. ապրիլի 25ին վայրէջք կատարեցին Գալիպոլիում՝ պայքարելու Ցեղասպանության համար պատասխանատու օսմանյան թուրքերի դեմ:

«Ծագումը: Բացահայտում»-ը եզակի, վիպական պատմություն է՝ ստեղծված համաշխարհային պատմության մեծագույն հակամարտության ժամանակաշրջանում. այլընտրանքային պատմություն, որ նախատեսված է ընթերցողին ստիպել խորհելու կարևորագույն մարդկային արժեքների մասին: Այն վեպ է սիրո, մշակույթի և բացահայտման մասին, չնայած ողբերգական հետնապլանին»,- նշում է Լեն Ուիքսը:

Գիրքը Արևմուքին պատմում է հայկական մշակույթի, հայ մարդկանց մասին, շեշտում Հայաստանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի միջև առկա կապը: Սրանով Լենը յուրահատուկ ճնշում է գործադրում նաև Նոր Զելանդիայի և Ավստրալիայի կառավարությունների վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Միջազգային ավիացիոն անվտանգության ապահովման մասնագետ Լենը ոգեշնչվում է Արենիով, նրա պատմությամբ: Ողջ Հայաստանն է նրա համար յուրահատուկ, բայց Արենին, Նորավանքը նրա համար հատուկ նշանակություն ունեն: Նրա կարծիքով Հայատանն իր ռեսուրսները արդյունավետ չի օգտագործում, անգամ զարմացած է, որ Հայաստանում զբոսաշրջության նախարարություն չկա:

Հեղինակի երազանքն է տեսնել վեպի էկրանավորումը: Նպատակը ողջ աշխարհին վեպի հաղորդագրությունը հասցնելն է:

«Եթե գնամ ու Հայաստանում ներդրումների համար գումար խնդրեմ, Արևմուտքում ինձ չեն հավատա, իսկ եթե ստանամ ողջ հայերի ու Կառավարության զորակցությունը, ապա կտեսնեն, որ մոտեցումը արդարացի է: Հեղինակը կարծում է, որ Հայկական Սփյուռքի ու Կառավարության գործողություններն էլ այս առումներով համաձայնեցված չեն: Նրանք տարբեր բևեռներից են խոսում: Պետք է այնպես անենք, որ Սփյուռքը ավելի կապվի Հայաստանի հետ ու նպաստի նրա զարգացմանը»,-նշում է հեղինակը:

Լենը հավատացնում է, որ ֆիլմի էկրանավորման համար հայերից ֆինանսական միջոցներ չէ, որ ակնկալում է, այլ նրանց աջակցությունը ողջ աշխարհում այս գաղափարի իրականացման համար: Պիտի հասնենք նրան, որ ամբողջ աշխարհում խոսեն այս մասին. այս հարցում յուրքանչյուրի դերն է կարևոր: Ավստրալիայում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսին է «Մատանիների տիրակալը» և այլն: Ֆիլմի ստեղծումը մեծ գումարներ կբերի Հայաստան:

Հեղինակը նախատեսնում է շարունակել եռագրությունը և շուտով հանրությանը ներկայացնել երկրորդ գիրքը, որը նվիրված կլինի հայերի հնագույն պատմությանը:

Իսկ մինչ այդ, ըստ հեղինակի, պիտի միահամուռ աշխատենք, որ այս վեպի մասին խոսեն ողջ աշխարհում:

Գրքի առցանց տարբերակը տեղադրված է http://originsdiscovery.cօm կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: