Հայերեն   English   Русский  

​ՎՐԱՍՏԱՆ


  
դիտումներ: 4236

Հայերս մշակութային, ռազմաքաղաքական առումներով միշտ դոնոր ենք հանդիսացել հարևան ժողովուրդների, հատկապես՝ վրացիների համար:

Վրաստանը (Վիրք) Առաջավոր Ասիայի հյուսիսային հատվածում է գտնվում: Գուցեև այդ պատճառով հայերս այս երկիրը Վիրք ենք կոչել՝ վերին երկիր իմաստով, իսկ տեղաբնակներին՝ վրացի: Վրացիներն իրենք իրենց քարթվել են կոչում, ռուսները՝ գռուզին, եվրոպացիները՝ ջեորջի, որ պարսկերեն գյուրջի բառի աղավաղված ձևն է:

Վրացիներն իրենց նախահայր են համարում Քարթլոսին: Վրաց միջնադարյան պատմիչ Լեոնտի Մրովելին գրում է, որ Թորգոմն ինը որդի ուներ: Նա մահից առաջ իր հսկա տիրույթների ուղիղ կեսը շնորհում է ավագ որդուն՝ Հայոսին (Հայկ), իսկ մյուս կեսը բաշխում մյուս որդիների՝ Քարթլոսի, Ռանոսի (Կովկասյան աղվանների նախահայրը), Կովկասոսի, Եգերոսի և այլոց միջև: Իր պատմության վերջում վրաց պատմիչը հավելում է, որ այսպիսով Հայոսը եղավ բոլորի մեջ ավագն ու հզորը:

Մ.թ.ա. VI դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվեց Կոլխիդայի թագավորությունը, որը հայոց Երվանդունիների թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում էր: Հետագայում ձևավորվում է Իբերիայի թագավորությունը: Հետաքրքիր է, Իբերիայի առաջին մայրաքաղաքը Արմազն էր:

Վրացական պետությունը շուտով հայտնվեց հայ Արտաշեսյանների քաղաքական ոլորտում: Արտաշեսյանների թագավորության անկումից հետո Վրաստանն անցավ Հռոմի ենթակայության տակ:

Առաջին դարում Հռոմի դրածո երկու վրաց թագավոր՝ Միհրդատն ու Հռադամիզդը հայոց գահ բարձրացան: Հետագայում վրաց պետությունը հայտնվեց հայոց Արշակունիների թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում: 428 թ. կործանվեց հայ Արշակունիների թագավորությունը, իսկ Վրաստանում թագավորական իշխանությունը պահպանվեց: Եվ չնայած Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը և երկիրը կառավարում էր մարզպանը, Սասանյան արքունիքում հայոց մարզպանն ավելի բարձր դիրք էր գրավում, քան վրաց թագավորը: Վասակ Սյունին կոչվում էր հայոց և վրաց մարզպան: Այսինքն՝ Սասանյան արքունիքը Վրաստանի կառավարումն իրականացնում էր ոչ թե ուղղակի վրաց թագավորի, այլ հայոց մարզպանի միջոցով: Սասանյաններն էլ համարում էին, որ Վիրքը Մեծ Հայքի ազդեցության ոլորտում գտնվող երկրամաս է:

Նույնն էր և հավատքի ոլորտում: Նախաքրիստոնեական շրջանում Վիրքում տարածված էր հայոց աստվածների պաշտամունքը: Իսկ քրիստոնեության ընդունումից հետո վրաց եկեղեցին մինչ քաղկեդոնականության ընդունումը ենթակա էր Հայ առաքելական եկեղեցուն:

V դարում Վրաստանը հզորացավ Վախթանգ Գորգասալ թագավորի իշխանության տարիներին: Գայլ Վահան Մամիկոնյանն իր հակապարսկական ապստամբությունը 480 թ. սկսեց հենց վրաց արքայի դրդմամբ: Այնուամենայնիվ, 523 թ. Սասանյանները Վրաստանում էլ վերացրին թագավորական իշխանությունը և երկրի կառավարումն իրականացնում էին մարզպանների միջոցով:

Հետագայում արաբները նվաճեցին Հայաստանը, Աղվանքն ու Վրաստանը: Ձևավորվեց Արմինիա ոստիկանությունը, որի կազմի մեջ մտան նաև Վրաստանն ու Աղվանքը:

IX դարում Հայաստանն անկախացավ: Վրաստանը դարձյալ հայոց թագավորության ազդեցության ոլորտում էր: Հայոց Սմբատ Ա արքան (890-914) 899 թ. իր ազգական Ատրներսեհ Բագրատունուն կարգեց վրաց թագավոր, որով հիմք դրվեց վրաց Բագրատունիների թագավորությանը, որ իր գոյությունը պահպանեց մինչև 1801 թվականը:

Բագրատունիների թագավորության օրոք Վրաստանը հայոց պետությանը ենթակա փոքր թագավորություն էր: Հայ Բագրատունի արքաները կրում էին «Թագավոր հայոց և վրաց» տիտղոսը:

XI դարում Վրաստանի մեծ մասը ենթակա էր Լոռվա Կյուրիկյան թագավորությանը: Դավիթ Անհողին թագավորը (990-1048) գրավեց և իրեն ենթարկեց Դմանիսի և Թիֆլիսի ամիրայությունները, գրավեց Կախեթն ու այնտեղ գահ բարձրացրեց կրտսեր որդուն՝ Գագիկ Կյուրիկյանին:

1045 թ. կործանվեց Անիի Բագրատունիների թագավորությունը, և Բագրատունյաց տիրույթներում առաջնության համար պայքար սկսվեց վիրաաբխազական թագավոր Բագարատ Դ և Լոռվա Կյուրիկյան թագավոր Կյուրիկե Բ միջև: Վրաց արքան 1064 թ. Քվեշի անտառում ծուղակ լարեց հայոց արքայի դեմ, կալանեց նրան և եղբոր՝ Սմբատի հետ գամեց խաչափայտին` այդպիսով ստիպելով, որ Լոռվա թագավորությունը Վրաստանին զիջի Սամշուլդե քաղաքը: Մեկ տարի անց Կյուրիկե Բ-ն, դաշնակցելով սելջուկների հետ, վրեժ լուծեց վրացիներից՝ իր զորքով ավերելով վրաց շատ բնակավայրեր:

Այնուամենայնիվ, հայ-վրացական հակամարտությունն ավարտվեց վրացիների օգտին, և վրաց Դավիթ Դ Շինարար արքան (1089-1125) 1118 թ. գրավեց Լոռվա թագավորությունը:

Վրաստանը հզորացավ Դավիթ Շինարարի օրոք: Նա բարենորոգումներ իրականացրեց երկրում, ինչպես ժամանակին հայոց Աշոտ Գ Ողորմած (954-977) արքան: Վրաստանը յոթ առանձին թագավորությունների միություն էր, դրանցից մեկը Սոմխիթն էր՝ Հայաստանը, որ ընդգրկում էր Լոռվա թագավորության տարածքը, իսկ Կյուրիկյան հայոց թագավորների սերունդները ձևականորեն դեռևս կրում էին «Հայոց թագավոր» տիտղոսը: Այս յոթ թագավորությունները դաշնային հիմունքներով միավորվել էին, և թագավորության գլուխ կանգնած էր վրաց Բագրատունի արքան: Մի խոսքով, Դավիթ Շինարարը պետական կառավարման ոլորտում կիրառեց hայ Բագրատունիների փորձը: Ի տարբերություն նախորդ դարերի, արդեն վրաց Բագրատունիներն էին կրում «Թագավոր վրաց և հայոց» տիտղոսը:

1177 թ. վրաց արքա Գեորգի Գ-ի դեմ հզոր ապստամբություն բռնկվեց: Ապստամբության առաջնորդները Օրբելիներն էին, իսկ ապստամբների հիմնական ուժը հայ ազնվականությունն էր: Ապստամբները ցանկանում էին գահ բարձրացնել օրինական թագաժառանգ Դեմետրեին, որ խոստացել էր, գահ բարձրանալով, վերականգնել հայոց թագավորությունը: Սակայն ապստամբներին վճռական պահին դավաճանեց և Գեորգի Գ կողմն անցավ Սարգիս Զաքարյանը: Ապստամբությունը դաժանորեն ճնշվեց:

Բայց Գեորգի Գ-ն առատ վարձահատույց եղավ Սարգիս Զաքարյանին՝ Օրբելիների փոխարեն նրան վստահելով վրաց զորքի սպարապետությունը:Սարգսի որդիները՝ Զաքարեն և Իվանեն, բազմապատկեցին Վրաստանի փառքը: Հայոց զորքով մղած շուրջ 20-ամյա պատերազմների ընթացքում Զաքարյաններն ազատագրեցին գրեթե ողջ հայկական բարձրավանդակը՝ ոչնչացնելով սելջուկյան զորությունը տարածաշրջանում:

Ուռճացրած է վրաց Բագրատունիների, հատկապես՝ Թամար թագուհու (1184-1213) դերակատարությունը Զաքարյան Հայաստանի հզորության խնդրում: Իրականում հենց Զաքարյանների անվան հետ է կապված Վրաստանի փառքը: Բավական է նշել, որ վրաց պետության մեջ առկա հինգ հիմնական գործակալություններից չորսը Զաքարյանների ձեռքին էին: Զաքարյանները կարող էին անգամ իրենց թույլ տալ տնօրինել վրաց թագուհու անձնական կյանքը, հետևաբար, վրաց պետության զորության այդ ժամանակաշրջանը միմիայն պայմանավորված էր հայ Զաքարյանների զորությամբ:

Պետք է նշել, որ Զաքարյանների շրջանի հայ-վրացական միասնական պետության մեջ լուրջ առճակատում առաջացավ հայ և վրաց եկեղեցիների միջև: Բանը հասավ նաև բանադրանքներին և լուրջ առճակատումներին, անգամ՝ զինված առճակատման:

Սակայն Զաքարյանների, ինչպես նաև վրացական պետության հզորությունը կործանվեց մոնղոլական արշավանքների պատճառով: Մոնղոլները գրավեցին թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը:

XV դարում Վրաստանը պառակտվեց երեք թագավորությունների՝ Քարթլի, Կախեթ, Իմերեթիա:

1625 թ. Վրաստանում հզոր հակապարսկական ապստամբություն բռնկվեց զորավար Գեորգի Սահակաձեի գլխավորությամբ: Գեորգի Սահակաձեն սերում էր Ջավախքում՝ Թմկաբերդում հաստատված Զաքարյանների կրտսեր ճյուղից:

XVIII դարում` Վախթանգ Զ թագավորի գահակալման շրջանում, Վրաստանում որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին: Երկիրը շենացավ ու հզորացավ նաև Հերակլ Բ-ի թագավորության շրջանում (1764-1798): Հերակլը միավորեց Քարթլին ու Կախեթը: Նա մի քանի անգամ ջախջախեց Երևանի խանի զորքերը, Արարատյան դաշտից և Արցախից կազմակերպեց հայության գաղթ դեպի Կախեթ: Նա հայկական գյուղերով Կախեթում մարդկային պատնեշ ստեղծեց Վրաստանը հաճախ ասպատակող լեզգիների ու հյուսիսկովկասյան մյուս ցեղերի դեմ:

1783 թ. Գեորգիևսկում կնքված պայմանագրով Ռուսաստանն իր հովանու տակ առավ Վրաստանը:

Հերակլ Բ-ի հետ հայ քաղաքական միտքը մեծ ծրագրեր կապեց: Հատկապես Հովսեփ Էմինը և Մադրասի հայոց խմբակը, ցանկանալով ազատագրել Հայաստանը, հայ-վրացական գահի միասնական թեկնածու դիտարկում էին հենց Հերակլ Բ արքային:

Սակայն այս ծրագիրը չիրականացավ հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու դավաճանության և Հերակլ Բ-ի թուլակամության հետևանքով: Ավելին, պարսից Աղա Մուհամմեդ խանը 1795 թ. գրավեց Թիֆլիսն ու ավերեց: Վրաց բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ պարսիկներին:

Հերակլ Բ-ից հետո վրաց գահ բարձրացավ նրա որդին՝ Գեորգի ԺԳ: 1801 թ. մահացավ վրաց վերջին արքան, և ռուսական կաբինետն արգելեց Վրաստանում նոր թագավորի օծումը՝ Վրաստանը բռնակցելով Ռուսաստանին: Պետք է նշել, որ այդ գործում անմասն չէր նաև հայ հոգևորականությունը՝ հանձին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի:

XIX դարում Վրաստանում մի քանի հզոր ապստամբություններ բռնկվեցին ռուսական տիրակալության դեմ, բայց ռուսները դաժանորեն ճնշեցին այդ ելույթները: Ամեն դեպքում ռուսական տիրակալության ժամանակաշրջանում Վրաստանը տնտեսապես զարգացավ: Թիֆլիսը դարձավ Կովկասի խոշորագույն քաղաքն ու կենտրոնը:

Միաժամանակ Թիֆլիսը, որ հայաքաղաք էր դեռ վաղ միջնադարից, XIX դարում դարձավ հայկական կապիտալի ամենամեծ կենտրոնացման վայրը: Թիֆլիսը նաև դարձավ արևելահայոց մշակութային մայրաքաղաքը: Միջնադարից մինչև 1930-ական թվականները Թիֆլիսի գրեթե բոլոր քաղաքապետները, բացառությամբ երկուսի, ազգությամբ հայ էին:

Թիֆլիսում կենտրոնացավ հայոց կապիտալը, ինչի շնորհիվ այն կառուցապատվեց, շենացավ, գեղեցկացավ՝ դառնալով աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը:

Թիֆլիսի դիմագիծը կերտեցին հայ առևտրաարդյունաբերական խավի ներկայացուցիչները՝ Միքայել Արամյանց, Ալեքսանդր Մանթաշյանց, Մելիք-Ազարյաններ, Ղուկասովներ, Թումանովներ:

1918 թվականի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Նույն թվականի դեկտեմբերին ծագեց հայ-վրացական պատերազմ: Վրացական զորքերը գրավել էին Լոռին, և հայոց բանակը Դրոյի հրամանատարությամբ ջարդեց վրացական զորաբանակները՝ ազատագրելով Լոռին:

1920 թ. Վրաստանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության ծանր իրավիճակից, դարձյալ գրավեց Լոռին: 1921 թ. փետրվարին Լոռիում հակավրացական հուժկու ապստամբություն սկսվեց, որի արդյունքում ոչ միայն ազատագրվեց Հարավային Լոռին ու միացավ Խորհրդային Հայաստանին, այլև՝ Վրաստանում տապալվեց իշխանությունը, և Վրաստանը խորհրդայնացավ: Սակայն Ստալինի ջանքերով հայկական շատ հողեր՝ Հյուսիսային Լոռին և Ջավախքը, մնացին Վրաստանի սահմաններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: