Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին


  
դիտումներ: 323

Հարց. Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Նա էժանագին փորձեր է կատարում շահեկան լույսի ներքո ներկայացնել Ադրբեջանը` այն համեմատելով Հայաստանի հետ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Խաղաղության ձգտելը առաջին հերթին նշանակում է խաղաղություն քարոզել, ոչ թե պատերազմ։

Խաղաղության ջատագով կողմը չի դիմում դիվերսիոն հարձակումների, կոպտորեն չի ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը, մշտապես չի խախտում զինադադարի ռեժիմը և հրաժարվում ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ Միայն Բաքվում են նման կերպ ընկալում խաղաղությունը, ինչպես երևում է այնտեղից հնչող հայտարարություններից։

Հայտնի է, թե ինչ փորձանքներ են բերել իրենց ժողովուրդների գլխին այն ղեկավարները, ովքեր արհամարհել են միջազգային իրավունքը և ջատագով են եղել հարցերը ուժով լուծելուն։

Իսկ համեմատությունների առումով. առաջին անգամ չէ, որ Բաքվում փայփայում են այն միտքը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետևաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ Ադրբեջանում կարծում են, թե փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ գնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, հեղինակության ապացույց։

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար ազատությունների առումներով։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ։ Մեր պետությունների և հասարակությունների զարգացման տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: