Հայերեն   English   Русский  

Շատ մեծ ցավ կապրեմ, եթե պարզվի, որ իմ օգնականը կապ ունի բանկոմատից գումարի հափշտակության փորձի հետ. Ռուբեն Հակոբյան


  
դիտումներ: 479

Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մեծ ցավ կապրի, եթե պարզվի, որ իր օգնական Սիմոն Սիմոնյանը կապ ունի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատից կատարված հափշտակության փորձի հետ:

Այս մասին Tert.am-ին հայտնած Ռուբեն Հակոբյանը հավելեց. «Երբ առաջին անգամ լսեցի այդ մասին, երկար զրուցեցինք, ինքը ժխտեց, որ որևէ առնչություն ունի այդ պատմության հետ և ես հավատացի, որովհետև նա իսկապես շատ պարկեշտ, կազմակերպված, առողջ երիտասարդ է: Ճշմարտությունն, ինչևէ, առաջիկայում կպարզվի, բայց շատ մեծ ցավ կապրեմ, եթե պարզվի, որ կապ ունի նրա հետ, ինչի մասին այսօր ինձ հարցնում են»:


Նշենք, որ այսօրվա մամուլը տեղեկացրել էր, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատից կատարված հափշտակության փորձի գործով մեղադրյալների թվում է նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի օգնական Սիմոն Սիմոնյանը, ում և ևս 2 անձանց՝ Արթուր Օսեյանին և Էրիկ Հակոբյանին, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշենք, որ Սիմոն Սիմոնյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու է, ով զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը։

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Սիմոն Սիմոնյանն ազատ է արձակվել ստորագրությամբ:

Հարցին՝ ակնկալո՞ւմ է, որ վերջինս իրեն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ինքը նոր է ստորագրությամբ ազատ արձակվել: Կհանդիպենք առաջիկայում և կճշտենք»

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ Սիմոնը շուրջ 2-3 տարի է, ինչ իր օգնականն է ու նրան աշխատանքի հրավեր անձամբ արել է ինքը ՝ նրան ճանաչելով որպես շատ պարկեշտ երիտասարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: