Հայերեն   English   Русский  

Իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանում գործում է Թեժ գիծ


  
դիտումներ: 2230

2016 թվականին ՀՀ-ում նկատվել է 5,7 տոկոս զբոսաշրջության աճ: Այս աճի 31 տոկոսը կազմել են իրանցի տուրիստները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

2015 թվականին Հայաստան է եկել 144. 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016 թվականին այդ թիվը կազմել է 181 հազար:

Նրա խոսքով՝ այս աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջին հերթին ՝ Իրանը անմիջական հարևան երկիր է. «Հայաստանը իրանցիներին գրավում է որպես ժամանցի վայր, որպես Նովրուզը անցկացնելու հարմար երկիր: Սակայն աճը նկատվել է ոչ միայն Նովրուզի, այլև ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց տիկին Զեյթունցյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց այն քայլերը, որոնք արվել են ավելի մեծ թվով զբոփսաշրջիկների գրավելու համար:

Հայկական զբոսաշրջային կայքէջը տեղեկատվություն է տրամադրել Նովրուզը ՀՀ-ում անցկացնելու մասին՝ թե´ անգլերեն, թե´ պարսկերեն լեզուներով: Նշված է տեղեկատվություն Հայաստանի մասին, ինչպես նաև բոլոր այն ցուցահանդեսների, տոնակատարությունների մասին, որոնք լինում են այդ շրջանում:

«Մեղրիից մինչև Երևան տեղադրել ենք 7 ցուցանակներ, որոնց վրա նշված է այն թեժ գծի համարը, որով կարող են զանգել և հայտնել իրենց խնդիրները պարսկերենով»,- հայտնեց Զ. Զեյթունցյանը:

Պայմանավորվածություններ են ձեռքբերվել մասնավոր երկու ընկերությունների հետ , որոնք պարսկերեն լեզվով տեղեկատուներ են բաժանում սահմանային կետերում:

«Մեր աշխատանքները չեն սահմանափակվում իրանցի զբոսաշրջիկի՝ Հայաստան ժամանելուց հետո ընկած ժամանակահատվածին: Մենք ամբողջ տարվա ընթացքում իրազեկում ենք իրանական հանրությանը Հայաստանի գրավչությունների մասին»,- ասաց տիկին Զեյթունցյանը:

Կազմակերպությունը ծրագրում է 26 րոպեանոց ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որը կհեռարձակվի արբանյակային հեռուստատեսությամբ:

Հանդիպմանը ներկա՝ տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Արամ Բլեյանը նշեց, որ Հայաստանը գրավում է իրանցիներին իր ազատությամբ, մատչելիությամբ՝ համեմատած մյուս երկրների և վիզային ռեժիմի բացակայությունը: Նրանք գալիս են Հայաստան ոչ միայն հանգստի համար, այլև դեսպանատների համար, քանի որ իրենց մոտ մի շարք դեսպանատներ բացակայում են, ինչպես՝ ԱՄՆ-ն, Կանադան և այլն , այսինքն՝ նրանց ՀՀ-ն ընկալում են նաև միջանցիկ երկիր արտերկիր մեկնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: