Հայերեն   English   Русский  

The Washington Post-ը՝ «Խոստումի» մասին. Թուրքիայի ճնշման պատճառով Ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել


  
դիտումներ: 566

«Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը:

«Խոստում» ֆիլմ

Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ը վկայակոչելով The Washington Post-ի հոդվածը, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

«Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

«Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու-չկոչելու հարցը: Վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը»,-ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում, հայտնում է Sputnik Արմենիան:

«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։

Հոդվածագիրը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքը, որը բազմիցս նշել է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու միջոցով:

Պարբերականը հոդվածի վերջում նշում է, որ Թուրքիայի ճնշման հետևանքով է, որ կինոասպարեզում ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել:

1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու հայերի հերոսական դիմադրության մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ստեղծողների հետ համատեղ բարեգործական ակցիա է կազմակերպել ֆիլմի պրեմիերային ընդառաջ:

«Ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր ուղեգորգով, կայցելեք VIP երեկույթը: Ավիատոմսերն ու հյուրանոցը մենք վերցնում ենք մեզ վրա: Ուրեմն ի՞նչ...միանո՞ւմ եք»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: