Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան


  
դիտումներ: 852

Նոյեմբերի 10-ին խորհրդարանն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի սկզբում պատգամավորներն Աժ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են Երեւանի՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու մասին որոշման նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թ փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:

Հովհաննես Մարգարյանն արդարացի է համարել շրջանառության հարկ վճարողների դժգոհությունը, քանի որ այդ ոլորտում ի հայտ են եկել բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ: Նա առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում
կներգրավվեն ոլորտի ներկայացուցիչներ եւ կուսումնասիրվեն մտահոգիչ խնդիրները:
Պատգամավոր Լեւոն Դոխոլյանի կարծիքով՝ պետք է փաստաթղթաշրջանառության ենթարկվեն ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունները, այլեւ՝ խոշորները: Նրա կարծիքով՝ օրենքի նախագծի մշակման ժամանակ հաշվի չի առնվել մասնագետների կարծիքը: Օրենքի նախագծով, ըստ նրա, դրական ոչինչ չի առաջարկվում, այլ խնդիրը ժամանակավորապես սառեցվում է: Իշխան Խաչատրյանի կարծիքով էլ՝ օրենքի նախագծով կարծես կրճատվում է ստվերը, սակայն բարեփոխումները միայն թվացյալ են:

Արամ Մանուկյանը նշել է, որ հետաձգմանը կողմ է, սակայն դրանով խնդիրը չի լուծվում, եւ մի քանի ամիս անց կրկին նույն իրավիճակն է առաջանալու: Անդրադառնալով նախագծի բովանդակությանը՝ նա նշել է, որ օրենքն անորոշություն է առաջացնում:
Խոսրով Հարությունյանն իր ելույթում նշել է, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր տնտեսական քաղաքականության, որի նպատակը նպաստավոր պայմաններ ստեղծելն է ձեռներեցության համար: Նա ողջունել է օրենքի նախագծի քննարկումը եւ նշել, որ շրջանառության հարկը պետք է աներկբա իջեցնել 1 տոկոսի: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հագուստի վաճառքով զբաղվող առեւտրականներին, եւ նշել, որ օրենքի նախագիծը չի լուծելու նրանց խնդիրը: Պատգամավորն առաջարկել է նրանց համար սահմանել հաստատագրված վճարներ: Միքայել Մելքումյանը կարեւորել է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ այն, ըստ նրա, ստացել է հանրային հնչեղություն: Սակայն, պատգամավորի բնորոշմամբ, իրական իրավիճակը դեռեւս գնահատված չէ, եւ որոշումները մինչեւ վերջ դեռեւս հիմնավորված չեն: Հեղինե Բիշարյանը նշել է, որ օրինագիծը վերանայման կարիք ունի: Նրա գնահատմամբ՝
օրենքի գործողության ժամկետն արհեստականորեն մինչեւ փետրվարի 1-ը երկարաձգելով՝ ոչինչ չի փոխվելու ՓՄՁ-ների գործունեության մեջ: Տիկին Բիշարյանն անդրադարձել է կիլոգրամով ներմուծվող ապրանքների մաքսազերծման եւ
փաստաղթավորման խնդիրներին: Լյուդմիլա Սարգսյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական նախաձեռնությունը հստակեցման կարիք ունի եւ անդրադարձել է նախագծի խնդրահարույց կետերին: Նա նշել է, որ ՓՄՁ-ներին պետք է արտոնյալ կարգավիճակ շնորհել՝ կայանալու հնարավորություն տալով, այնուհետեւ նոր հարկային դաշտ մտցնել: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ պետք է խնդիրն առավել հանգամանորեն ուսումնասիրել: Նա խոսել է ստվերի առաջացման եւ փաստաթղթավորման խնդիրների մասին:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խմբակցությունը դեմ չէ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը մինչեւ 2015 թ. փետրվարի 1-ը հետաձգելուն՝ միեւնույն ժամանակ գտնելով, որ դա խնդրի լուծման համալիր տարբերակ չէ: Պարոն Մելքումյանն ընդգծել է նաեւ, որ իրենք կարեւորում են որոշակի փուլում կամավորության սկզբունքի կիրառումը, շրջանառության հարկի շեմը 58.35 մլն. դրամից մինչեւ 150 մլն. դրամ բարձրացնելը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխության նպատակը բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հարկային դաշտում աշխատելու մշակույթի ձեւավորումն է: Նա ողջունելի է համարել պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետաձգումը՝ այդ ժամանակահատվածում ՓՄՁ ոլորտի խնդիրները եւ իրավիճակը հասկանալու համար: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության առաջարկին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ խնդիրը լայնորեն քննարկվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ կառավարությունը, հաշվի առնելով մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների առաջադրած խնդիրները, ապրանքային մնացորդների գույքագրման ժամանակահատվածը հետաձգել է: Պարոն Միրումյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին, շնորհակալություն է
հայտնել շահագրգիռ քննարկումների համար եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ:
Առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքից հանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:
Կառավարությունն առաջարկում է ստեղծել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ երկու նախարարությունները միավորելով, նրանց կառուցվածքներում փոփոխություններ չեն նախատեսվում: Բացի այդ՝ միավորվող նախարարությունները հետագայում եւս իրականացնելու են իրենց վերապահված գործառույթները: Մասնավորապես, նախատեսվում է, որ նորաստեղծ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակազմի թիվը մեծ չի լինելու:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացրին պատգամավորները: Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ է համարել միավորվող նախարարությունների պատասխանատվության չափի հստակեցումը: Թեւան Պողոսյանի կարծիքով, անհրաժեշտ է նախագիծը լրամշակել՝ հաշվի առնելով պատգամավորների հարցադրումները: Նա առաջարկել է հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ ստեղծել նոր նախարարություն:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ նոյեմբերի 11-ի նիստում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: