Հայերեն   English   Русский  

«Մեր յուրաքանչյուր օրը սկսվում է Իշխանյանի հետ, ավարտվում Իշխանյանով». ցերեկույթ՝ նվիրված մեծ հայագետի 95-ամյակին


  
դիտումներ: 2950

Հայաստանի Ազգային գրադարանում այսօր իշխանյանական տոն էր՝ նվիրված մեծ հայագետ, քաղաքական գործիչ Ռաֆայել Իշխանյանի 95-ամյակին: Միջոցառման վայրն ամենևին էլ պատահական չէր ընտրված. 1991 թվականից մինչև կյանքի վերջը Իշխանյանը ղեկավարել է Հայաստանի Ազգային գրադարանը՝ նոր որակ, նոր շունչ ու նոր սկզբունքներ ձևավորելով մատենագիտական այդ հզոր կառույցի նորանկախ հիմքերում: Ցերեկույթին մասնակցում էին մշակութային, քաղաքական-հասարակական գործիչներ, բազմաթիվ հյուրեր, որոնց համար կրկին առիթ էր վերհիշելու նրա բացառիկ գործունեությունը:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի սաները նախ գեղեցիկ միջոցառմամբ ու հպարտ ոգով ներկայացրեցին այն եզակի գործչին, որի համար մայրենի լեզուն ամեն ինչից վեր էր և որը ջանք չէր խնայում այն անաղարտ, անառիկ ու բարձր պահելու ժամանակի սվիններից:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որ նույնպես ներկա էր ցերեկույթին, իր ելույթում ներկայացրեց իշխանյանական մի քանի կարևոր սկզբունք, որոնք չափազանց կարևոր ու արդիական են նաև այսօր. «Առաջինը լեզուն էր,-ասաց Մանուկյանը,-շատ մտավորականներ կային, որոնք քարոզում էին մաքուր հայերեն խոսք, հայերեն դպրոց և այլն, բայց Ռաֆայել Իշխանյանը տարբերվում էր բոլորից, որովհետև նա նույնիսկ ծայրահեղ բանաձև էր դնում՝ հայը նա է, ով հայերեն է խոսում: Հիշում եմ՝ հետը անգամ վիճում էի, ասում է, եթե հիմա 10 միլիոն չինացի սկսի հայերեն խոսել, ուրեմն հա՞յ են, ասում էր՝ այո, հայ են»:

Խորհրդային տարիներին, երբ կամաց-կամաց հասարակությունը ռուսականացվում էր, իսկ Սփյուռքում տեղի էր ունենում ձուլում, Ռաֆայել Իշխանյանի առաջարկած բանաձևը, ըստ Մանուկյանի, և՛ քաղաքական էր, և՛ իմաստալից:

Երկրորդ պնդումը, որ Իշխանյանն առաջ էր տանում, հայ ժողովրդի բնիկ լինելու փաստն էր: Մանուկյանը հիշում է, որ այն ժամանակ տարածված տեսակետ կար, թե հայերը այլ տեղերից են եկել, Ուրարտուն հայկական չէ և այլն, իսկ Իշխանյանը այդ ամենի դեմ պայքարում էր գիտական հիմնավորումներով ու քաղաքական իմաստ դնելով այդ ամենի մեջ:

Երրորդ սկզբունքը, որով Իշխանյանը տարբերվում էր շատ ու շատ մտավորականներից, անկախ պետություն ունենալու ձգտումն էր: «Մեր մտավորականության մի զգալի մասը վախվորած էր վերաբերում անկախությանը մի քանի պատճառներով,-ասում է Մանուկյանը,-նախ Ցեղասպանությունից հետո մենք բավականին վախեցած էինք Թուրքիայից, մտավախություն կար, որ եթե մենք դառնանք անկախ պետություն, Թուրքիան մեզ կոչնչացնի: Երկրորդը՝ հայերին բնորոշ այն մտածողությունն էր, թե մեր խնդիրները ուրիշները պետք է լուծեն: Իսկ Ռաֆայել Իշխանյանը գիտակցում էր, որ լավ ու վատ անկախություն չի լինում, անկախությունն անկախություն է և առանց դրա հայ ժողովուրդը չի կարող դիմակայել և պահպանել իր ինքնությունը»:

Ռաֆայել Իշխանյանի 95-ամյակին նվիրված ցերեկույթ

Ռաֆայել Իշխանյանի բարձրացրած մյուս կարևոր հարցը քաղաքականության մեջ վերաբերում էր երրորդ ուժի բացառման սկզբունքին, որի վերաբերյալ ժամանակին նաև հայտնի հոդված հրապարակվեց: «Նա ասում էր, որ շատ դեպքերում քաղաքականության մեջ մենք տուժել ենք, որովհետև չենք կարողացել ինքնուրույն մեր հարաբերությունները կարգավորել: Նա հակառուս չէր, բայց նշում էր, որ քաղաքականության մեջ հույսը պետք է դնել սեփական ուժերի վրա և համագործակցել, բայց ոչ ծառայել»:

Մանուկյանի մատնանշած իշխանյանական հինգերորդ սկզբունքն այն էր, որ մարդ պետք է լինի ազատ. «Նա դիսիդենտ չէր, բայց հակասովետ էր: Չէր ընդունում, որ ինչ որ մեկը պետք է վերևից թելադրի, թե ոնց մտածես և ոնց ապրես: Եվ այն ժամանակ, երբ ձերբակալված էին շատ երիտասարդներ՝ այդ թվում և Պարույր Հայրիկյանը, Ազատը և մյուսները, նա իր համեստ աշխատավարձից ու հոնորարներից օգնում էր նաև նրանց ընտանիքներին: Նրա համար շատ մեծ նշանակություն ուներ մարդու ազատությունը»:

Եվ ի վերջո, Իշխանյանի համար հայրենասիրությունը, ազնվությունն ու բարոյականությունը հոմանիշներ էին: «Այսինքն, նա գտնում էր, որ մարդը չի կարող պետությունը ոչնչացնել, մարդկանց թալանել, հետո գալ, բաժակաճառ ասել հայրենասիրության ու ազգի մասին»:

Վազգեն Մանուկյանը Ռաֆայել Իշխանյանին ճանաչել ու նրա հետ ճանապարհ է անցել ոչ միայն իբրև մեծ գիտնական ու քաղաքական գործիչ, այլ լինելով նրա դստեր՝ Վարդուհի Իշխանյանի ամուսինը՝ շատ մտերիմ ու ջերմ հարաբերություններ է ունեցել նրա հետ. «Այդ առումով ինձ համար նրա մահը ոչ միայն մեծ մարդու կորուստ էր, այլ նաև հարազատի»,-իր խոսքն ամփոփեց Մանուկյանը:

Բանասեր, մատենագետ Անահիտ Հարությունյանը, որը Ռաֆայել Իշխանյանի ղեկավարության տարիներին եղել է Ազգային գրադարանի փոխտնօրենը, իսկ մինչ այդ եղել Իշխանյանի սիրելի ուսանողներից մեկը ու նրա հետ երկար ճանապարհ անցել, շատ ասելիք ուներ Իշխանյանի մասին, սակայն մի քանի կարևոր հատկություն հատկապես ցանկացավ շեշտել. «Նա մի մարդ էր, որ նույն կետում չէր մնում, անընդհատ, ամեն օր առաջ էր քայլում և իր ժամանակն առաջ տանում: Բացի դա, նա զարմանալի համարձակություն ու խիզախություն ուներ, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է: Նա նաև չէր վախենում ջարդել կարծրացած գաղափարները, թեկուզ հենց այդ Ուրարտուի առասպելը, և հիշում եմ, թե ինչպես էին նրան հալածում, բայց նա համառորեն գնում էր առաջ: Այդպիսի մարդիկ բացառիկ հատկություններով են օժտված և իրենց առաքելությունը փառավորապես կատարում են: Նրա հետ անցկացրած ամեն մի օրը ինձ համար մի մեծ դաս էր»:

Բանաստեղծ, ՀՀ մշակութի վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը, որը Ռաֆայել Իշխանյանի ուսանողներից է եղել, հիշեց, թե ինչպես էր խորհրդային տարիներին Իշխանյանը խստորեն դատապարտում ու քննադատում հայ հասարակության ռուսախոս հատվածի արտոնյալ զգալու երևույթը: Կորյուն Առաքելյանը Իշխանյանին հիշում է նաև իբրև նորարար, մարդ, որ անդադար նորին էր ձգտում: «Ռաֆայել Իշխանյանը 95 տարեկան է, բայց ես համոզված եմ, որ դա դեռ սկիզբն է ճանաչողության, որովհետև դեռ գալու են ժամանակներ, երբ մենք ավելի խորությամբ ենք ուսումնասիրելու նրա կյանքն ու ստեղծածը, և դա մեզ օգնելու է ավելի արժանապատիվ ապրել»:

Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Ավետիք Իշխանյանը, խոսելով հոր մասին և նշելով, որ նա իրենց սովորեցրել է ամենակարևորը՝ ինքնուրույն մտածել ու բանավիճել, խնդրանքով դիմեց հոր անունը կրող դպրոցին. «Աշակերտներին սովորեցրեք մտածել, ոչ թե սերտել: Եթե այդպիսի դպրոց լինի նրա անվան դպրոցը, իսկապես արժանի կլինի նրա անվանը»:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ այդ դպրոցը ղեկավարելը իր համար առաջին հերթին պատասխանատվություն է: Նա իրեն բացառիկ երջանիկ մարդ է համարում, որ Ռաֆայել Իշխանյանի հարյուրավոր ուսանողների մեջ հենց իրեն է բախտ վիճակվել ղեկավարելու սիրելի դասախոսի և մեծ հայագետի անունը կրող դպրոցը: «Մեր միջոցառումները իշխանյանական են, մեր դասերը իշխանյանական են, գրագիտությունը, ուղղագրությունը իշխանյանական են, վայելչագրության մրցույթները իշխանյանական են: Այնպես որ, մենք նրա հետ ենք ոչ միայն տարեդարձի և մահվան օրերին, այլ յուրաքանչյուր օրը մեր դպրոցում բացվում է Իշխանյանի հետ, ավարտվում է Իշխանյանով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: