Հայերեն   English   Русский  

​Հովհաննես Բաչկով. «Հաղթանակը պարտավորեցնում է»


  
դիտումներ: 2316

Փետրվարի 20-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ բռնցքամարտի Ստրանջայի միջազգային 68-րդ մրցաշարը: Ստուգատեսում փայլուն հանդես եկավ 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, 24-ամյա Հովհաննես Բաչկովը (64 կգ): Գյումրեցի բռնցքամարտիկը 5 անընդմեջ հաղթանակ տարավ և նվաճեց հաղթողի կոչումը:

«Անկախի» հետ զրույցում Հովհաննեսը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, հաղթանակի տանող ուղու և հետագա ծրագրերի մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ:

- Շնորհակալ եմ: Բուլղարիայում ամեն ինչ հիանալի էր կազմակերպված: Ստրանջայի մրցաշարը հեղինակավորներից է բռնցքամարտի աշխարհում: Այստեղ պայքարի են դուրս գալիս ուժեղագույն մարզիկները: Մեծ պատիվ էր ինձ համար մասնակցել մրցաշարին և հաղթել: Լավ մարզավիճակում էի, ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ էի ստուգատեսին: Ֆիզիկական պատրաստությունից առավել կարևոր է մարզիկի համար հոգեբանական պատրաստությունը: Մինչ մրցաշարը հավաքականի գլխավոր մարզչի որոշմամբ բազմաթիվ մենամարտեր էի անցկացրել սպարինգների տեսքով՝ մոտ 80 ռաունդ, ձեռք բերելով կայուն մարզավիճակ:

Նշեմ նաև, որ երբ հաղթում ես որևէ մրցաշարում, ապա ավելի վստահ ու համարձակ ես սկսում նախապատրաստվել գալիք մրցումներին: Հաղթանակը մարզիկին ավելի ուժեղ է դարձնում և միևնույն ժամանակ պարտավորեցնում:

- Մրցաշարում 5 մենամարտ անցկացրիք՝ վստահ, համոզիչ հաղթանակներ տոնելով: Ո՞ր մենամարտն է առավելապես տպավորվել:

- Բոլոր մենամարտերն էլ անցան հետաքրքիր պայքարում: Եզրափակչում հաղթեցի Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին:

Սակայն առավել տպավորիչ էր թաիլանդցի մարզիկ Վութիչայ Մասունի նկատմամբ տարած հաղթանակը: Նա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Նրան պետք է հանդիպեի աշխարհի առաջնության ժամանակ քառորդ եզրափակչում կուբացի մարզիկին հաղթելուց հետո: Սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս չեկա կիսաեզրափակիչ և մենամարտը տեղի չունեցավ: Ստրանջայի մրցաշարում այդ հնարավորությունն ընձեռվեց ինձ և կարողացա հաղթել նրան:

- Սպորտում շատ հաճախ մարզիկները ստիպված են լինում պայքարել ոչ միայն մրցակիցների, այլև մրցավարների դեմ:

- Կողմնապահությունը հայ բռնցքամարտիկների նկատմամբ միշտ էլ ակնհայտ է եղել, հատկապես՝ Ստրանջայի մրցաշարում: Այս անգամ էլ եղան մրցավարական սխալներ, բայց նախորդ տարիների համեմատ դրանք այնքան էլ շատ չէին: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե մրցավարներն անաչառ և անկողմնակալ լինեն, ապա հայ բռնցքամարտիկները միջազգային ասպարեզում ավելի մեծ նվաճումներ կունենան, հաղթանակները շատ կլինեն:

- 2016-ի վերջին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավորեց բազմափորձ Դավիթ Թորոսյանը: Մարզչական փոփոխությունները կարո՞ղ են բացասաբար անդրադառնալ մարզիկների ելույթների վրա:

- Հավաքականի հետ մշտապես աշխատում են բարձրակարգ և արհեստավարժ մարզիչներ: Թիմի անդամները հասուն մարդիկ են և գիտեն, թե ուր են գնում, ինչի համար են պայքարում:

Եթե մարզիկը նվիրված է իր գործին ու աշխատանքին, նպատակներ ունի, ապա պետք է կարողանա աշխատել ցանկացած մարզչի հետ: Պարապմունքներին հարկավոր է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և կատարել մարզչի բոլոր հրահանգները: Մարզիչն ամենից լավ գիտի, թե ինչ է հարկավոր և ինչն է առավել կարևոր իր սանի համար: Մարզիկին մնում է միայն պատրաստակամ աշխատել և հաջողությունների հասնել:

- Վերջին շրջանում ավելի հաճախ են մարզիկները սիրողական բռնցքամարտից տեղափոխվում պրոֆեսիոնալ ռինգ: Դուք պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու մասին մտածո՞ւմ եք:

- Այդ միտումը կա: Հավաքականի թիմակից ընկերներս էլ այսօր հանդես են գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ես ուրախ եմ նրանց համար: Նրանք այժմ այդ ճանապարհով են շարունակում հաղթանակներ տոնել և բարձր պահել երկրի պատիվը: Կգա օր, երբ ես էլ կարիերաս կշարունակեմ պրոֆեսիոնալ ռինգում: Պարզապես դեռ վաղ է այդ մասին խոսել: Սիրողական բռնցքամարտում ունեմ նպատակներ, որոնք պետք է իրականացնեմ: Միայն այդ դեպքում կտեղափոխվեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ:

- Հեշտ ճանապարհ չեք ընտրել. ամենօրյա մարզումներ, մրցաշարեր, պատասխանատվություն: Ի՞նչն է Ձեզ ստիպում չընկճվել և առաջ շարժվել:

- Յուրաքանչյուր ոք պետք է կյանքում իր առջև դրված նպատակ ունենա, այլապես կյանքն անիմաստ կդառնա: Այդ նպատակները բազմաթիվ են: Երբ հաղաթահարում եմ ինչ-որ փուլ՝ սկսում եմ անմիջապես մտածել առաջ շարժվելու, նոր բարձունքներ նվաճելու մասին: Այդ ամենն օգնում է նաև մտովի հասունանալ և հասկանալ, թե հանուն ինչի ես ապրում:

Ես մեծ հավատքով շարժվում եմ առաջ: Գիտեմ, որ եթե նվիրված աշխատեմ, ապա ամեն ինչ կստացվի: Հարազատներս, ընկերներս բարեկամներս մշտապես կողքիս են: Նրանք ի սրտե ուրախանում են յուրաքանչյուր հաղթանակի ու ձեռքբերման համար և ինձ հետ են դժվար պահերին: Նրանց աջակցությունը զգում եմ ու շատ կարևորում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: