Հայերեն   English   Русский  

​Լուրջ ուշադրություն պահանջող ազդանշաններ


  
դիտումներ: 793

Մարմինը բարդագույն մեխանիզմ է՝ իր օրինաչափություններով ու համակարգերով: Եվ ժամանակ առ ժամանակ այդ մեխանիզմն իր ազդանշաններով որոշ տեղեկություններ է հայտնում ներքին աշխարհի՝ օրգանների աշխատանքի մասին, որոնք, սակայն, մենք անտեսում ենք, ուշադրություն չենք դարձնում դրանց վրա: Օրինակ՝ ի՞նչ են ասում աչքերի տակ հայտնված մուգ շրջանակները:

Նման երևույթներ ի հայտ են գալիս քիչ քնելու հետևանքով: Օրական քնի նորմը նվազագույնը 7-8 ժամ է:

Սակայն աչքերի տակ մուգ շրջանակներ կարող են ի հայտ գալ անեմիայի դեպքում. երբ օրգանիզմում քիչ քանակությամբ էրիթրոցիտներ են մշակվում, դրանից էլ աչքերի տակ մաշկը մգանում է:

Մատների գույնի փոփոխություն

Եթե նկատում եք, որ մատների գույնը հաճախ փոխվում է, ուրեմն դրանից պետք է հետևություն անել: Ռեյնոյի ֆենոմեն կոչված այս երևույթը մի վիճակ է, երբ սառը ջերմաստիճանն արյունատար անոթների սպազմ է առաջացնում՝ հանգեցնելով մաշկային ծածկույթի գույնի փոփոխության:

Լղոզված պատկեր

Եթե հաճախ են հոգնում աչքերը ու նկատում եք, որ դժվարանում եք ճանաչել մարդկանց կամ տարբերել ճանապարհային նշանները նորմալ տարածության վրա, ուրեմն հավանական է, որ ձեզ մոտ կարճատեսություն կամ աստիգմատիզմ է զարգանում: Անպայման դիմեք ակնաբույժի օգնությանը:

Բծեր աչքերի առջև

Դրանք կարող են կետերի կամ գծերի տեսք ունենալ: Հիմնականում հանկարծակի են առաջանում, հատկապես՝ վառ կամ էլ սպիտակ լույսի պարագայում: Եթե այդ երևույթը շաբաթվա ընթացքում չի անցնում, ուրեմն դիմեք մասնագետին: Դա կարող է կատարակտի զարգացման հուշում լինել կամ տեսողական լուրջ խնդիր նշանակել:

«Երաժշտություն» ստամոքսում

Դա կապված է աղիքների գործունեության հետ: Եթե հազվադեպ է նման բան լինում, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե հաճախ է ստամոքսն աղմկում, հետն էլ ցավ է լինում, ուրեմն կրկին մասնագետի դիմելու ժամանակն է:

Մաշկի թեփոտումը

Այս երևույթը վիտամինային անբավարարության մասին է հուշում: Լիարժեք սնունդն արագ կարգի է բերում մաշկը: Եթե թեփոտումն ուղեկցվում է քորով, ապա առանց երկմտելու դիմեք մասնագետին. հնարավոր է, որ գործ ունեք սնկային հիվանդության հետ:

Հոտառության մասնակի կորուստ

Տարիքի հետ նյարդային համակարգի վնասման հետևանքով հոտառության մասնակի կորուստ է առաջանում: Բայց եթե երիտասարդ եք ու նկատել եք, որ արդեն նման երևույթ կա, ապա մասնագետը կօգնի պարզելու դրա պատճառն ու վերականգնելու այն համապատասխան միջոցներով: Հոտառության մասնակի կորուստ կարող է առաջանալ ուժեղ մրսածության կամ վիրուսային վարակի հետևանքով:

Երբ կոպերն են թրթռում

Կոպերի տևական թրթռոցը կարող է աչքերի գերլարվածության մասին հուշել: Դրանից ազատվելու համար կարելի է սառը թրջոց դնել աչքերին, իսկ եթե դա էլ չօգնի, ապա պետք է դիմել նյարդաբանի օգնությանը. հնարավոր է, որ կոպերի տևական թրթռոցը լուրջ նյարդային խանգարման մասին է հուշում:

Ականջներում զրնգոցը

Ականջներում զրնգոցը, աղմուկը կամ թիննիթուսն այն երևույթներից է, որն ուշադրությունից դուրս է մնում. երբեք լուրջ մոտեցում չի ցուցաբերվում դրան, քանի որ կարծում ենք՝ դրանից առողջությունը չի տուժում: Սակայն ականջներում անընդհատ զրնգոցը շատ հավանական է՝ պայմանավորված է ախտաբանական վիճակով:

Ուսահոդի խախտում

Ոմանք ունենում են այնպիսի զգացում, ասես ուսահոդն ակամա տեղաշարժվում է. ուսահոդի այդ անկայուն վիճակը կարող է կապված լինել մարզումների հետ կամ կապանների թուլության: Դա վտանգավոր է ու կարող է կոտրվածքի կամ ուսահոդի խախտման հանգեցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: