Հայերեն   English   Русский  

Ի՞նչ է քննարկել Հանրային խորհուրդը վարչապետի հետ. հետաքրքիր մանրամասներ


  
դիտումներ: 3850

Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և խորհրդի անդամների հետ քննարկել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները:

«Անկախին»հաջողվել է որոշ մանրամասներ պարզել այդ հանդիպումից, որոնք տեղ չեն գտել թե´ կառավարության և թե´ Հանրային խորհրդի պաշտոնական հաղորդագրություններում:

Հանրային խորհուրդ

Ի դեպ, հանդիպումը հատուկ կազմակերպվել է ոչ թե մեծ դահլիճում, այլ ՀԽ ամենօրյա աշխատանքային փոքր սրահում, որպեսզի ավելի անկաշկանդ ու ազատ մթնոլորտում ընթանա: Վարչապետն անգամ իր մամուլի ծառայությանը մի քանի րոպե անց խնդրել է անջատել տեսախցիկները, որից հետո անկեղծ զրույց է սկսել խորհրդի անդամների հետ:

Նախ պրն. Կարապետյանը ներկայացրել է իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության արդյունքներն ու անելիքները և խոսել գերատեսչություններին տված իր վերջին հանձնարարականի մասին` կապված հաշվետվության հետ, որում նրանք պետք է որոշակի ներդրումային ծրագրեր ներկայացնեն: Պարզվում է` կառավարությունը մինչև 2,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի հույս ունի:

Կարեն Կարապետյանը մեծ հույսեր է կապում նաև ՀՀ կառավարությանը կից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության հետ, որի նպատակը պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է: Առայժմ կառույցը զբաղված է թիմի ձևավորման աշխատանքներով, և ինչպես նշել է վարչապետը, դա լինելու է հարթակ, որտեղ մենք ձևավորելու ենք այն տեսլականը, այն ուղենիշները, թե ուր ենք ուզում տանել մեր երկիրը:

Վազգեն Մանուկյան,Կարեն Կարապետյան

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ ու գնահատել այն կետը, որտեղ այս պահին գտնվում է երկիրը, այն կետը, որտեղ ուզում է հասնել, ենթադրենք, 10 տարի անց և, ի վերջո, հասկանալ, թե այն ճանապարհը, որը նշվում է կառավարության կողմից, տանո՞ւմ է այդ կետին, թե ոչ:

Մանուկյանը, թվարկելով Հայաստանի տնտեսության զարգացումը խոչընդոտող արտաքին պատճառները` որոշ փակ սահմաններ, չավարտված պատերազմ և այլն, խոսել է նաև ներքին հոգեբանության ու մտածելակերպի մեջ տասնամյակներ շարունակ արմատացած կարծրատիպերի ու գործելաոճի մասին, որոնք նույնպես երկրի զարգացման խոչընդոտ են դառնում: Կարեն Կարապետյանը նշել է, որ ներքին հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունն ամենաառաջնային խնդիրներից է, և կառավարության սկզբունքային մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր ոլորտի գործունեության հիմքում պետք է ընկած լինի կրթությունն ու գրագիտությունը:

Ի դեպ, Կարապետյանը բավականին հոռետեսական է տրամադրված եղել մարդկանց հոգեբանության, մանավանդ էլիտայի մտածելակերպի նկատմամբ` դա ձևակերպելով որպես «հոգեհանգստի վիճակ»: Նաև նշել է, որ Հայաստանն իր տնտեսությունը պետք է զարգացնի` հաշվի առնելով այդ բոլոր սահմանափակումները և առանց ավելորդ պատրանքների:

Մի խոսքով, Կարապետյանը հասկացրել է, որ խնդիրները երկրում չափազանց շատ են, և իրենք առայժմ ախտորոշման ու «ախտահանման» փուլում են, սակայն դրան զուգահեռ պետք է նաև տնտեսական աճ ապահովեն:

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, որն ամենից սերտ է համագործակցում կառավարության հետ, «Անկախի» հետ զրույցում ասաց, որ վարչապետը խոսել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին` միաժամանակ նշելով, որ դա իր համար սկզբունքային չէ, քանի որ այդ թիվը կախված է հետագա զարգացումներից: Սաֆարյանի խոսքով` վարչապետը մտահոգված է այն առումով, որ տարին նախընտրական է, տնտեսական ակտիվություն չկա, քանի որ բոլորը սպասում են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Վարչապետը կարևորել է ոչ թե այս տարվա տնտեսական աճի թիվը, այլ այն, թե արդյոք կառավարման հիմքում իրենք ճի՞շտ խնդիրներ են դրել: Եթե այո, ապա 2018-ից սկսած՝ կունենանք կայուն և հաստատուն աճ:

Հանրային խորհուրդ

Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դրական տպավորություն է ստացել վարչապետի հետ հանդիպումից, այն հուսադրող էր: «Այն քայլերը, որ կառավարությունը կատարում է տնտեսության առողջացման ուղղությամբ, շատ կարևոր են: Քաղաքականությունը, որ որդեգրել է կառավարությունը, այն է՝ ամենամեծ շեշտադրումը դնել արտահանման խթանման վրա, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և այլն, նույնպես շատ կարևոր է: Կարևոր է նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության գործառույթի խորացումը, ինչպես նաև կառավարության՝ արտաքին ներդրումային գործընթացներին աջակցելու պատրաստակամությունը»:

Հանդիպման ժամանակ, երբ խոսք է եղել մարզերի և գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանը ծանր է գնահատել գյուղատնտեսության վիճակը` նկատելով, որ Հայաստանում դեռ պապական մեթոդներով են գյուղատնտեսությամբ զբաղվում, իսկ համայնքապետները երբեմն թուղթ ու գրիչով աշխատել չգիտեն և չեն կարողանում գյուղի զարգացման ծրագրեր ներկայացնել:

Խոսելով Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին` վարչապետն օգտագործել է 3 բառ` անկախ, անվտանգ և ինտելեկտուալ` շեշտը դնելով հատկապես վերջինի վրա: Նա նշել է, որ Հայաստանը լավ վիճակում կլինի միայն այն դեպքում, երբ մենք լինենք ինտելեկտուալ բոլոր ոլորտներում` կիրթ և գրագետ քաղաքացի, կիրթ և գրագետ բիզնեսմեն, կիրթ և գրագետ գյուղատնտես, զինվոր և այլն:

Հանրային խորհուրդ

Ի դեպ, կրթությունն ու գրագիտությունը կարևորելով հանդերձ, Կարեն Կարապետյանը, որին արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը հարց է ուղղել ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) վերաբերյալ` կարծիք հայտնելով, թե այն պետք է լինի կառավարության կազմում, վարչապետն անակնկալ արձագանք է տվել. «Ւսկ մեզ ԲՈՀ կամ ակադեմիա պե՞տք է»:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հանրային խորհրդի գործունեության առանցքում եղել և մնում են գիտության ու կրթության հիմնախնդիրները, և եթե Հայաստանը չունենա գիտություն, ապա կդառնա սպասարկող երկիր:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել կառավարության ղեկավարին տարբեր ոլորտների վերաբերյալ (արդյունաբերություն, բնապահպանություն, մշակույթ, բանկային համակարգ, կրթություն և գիտություն, կոռուպցիա և այլն):

Ի դեպ, կոռուպցիայի մասին խոսելիս վարչապետը նկատել է, որ Հայաստանում բոլորն ուզում են, որ կոռուպցիան վերանա, բայց երբ հերթը հասնում է իրենց, ապա հաճույքով կաշառում են թե՛ հարկայինին, թե՛ պետավտոտեսուչին: Այս առումով նա կարևորել է ընդհանուր կոռուպցիոն միջավայրը վերացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետի հետ հանդիպումը «Անկախի» հետ զրույցում դրական գնահատեց նաև Հանրային խորհրդի անդամ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը: Նա, որ Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր ուշադրություն է հրավիրում Արարատյան ջրային ռեսուրսների անխնա օգտագործման խնդրի վրա և ներկայացնում ջրերի պահպանման ու արդյունավետ օգտագործման ծրագրեր, տպավորված է այդ հարցի վերաբերյալ վարչապետի վերջին խիստ հանձնարարականով: «Նման կոնկրետ քննարկում, հանձնարարականներ ու հստակ ժամկետներ այդ հարցով ես դեռ չէի տեսել»,- ասաց Ջավադյանը` հիշեցնելով, որ օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ինքը, և վարչապետը հանձնարարեց ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ և ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման կոշտ ծրագիր:

Յուրի Ջավադյանը նույնպես աշխատանքային խմբում է և հավատում է, որ այս անգամ իսկապես խնդրին վերջնական ու համակողմանի լուծում կտրվի:

«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հետ հանդիպմանը, ապա վարչապետը հասկացավ, որ Հանրային խորհուրդը օգտակար ու բանիմաց խորհրդատու է իր համար, և այստեղ նա չի լսի բամբասանքներ, այլ ամեն ոլորտից հավաքված մարդիկ, որոնք լավ գիտեն իրենց բնագավառը, կարող են հստակ տեղեկություններ ու առաջարկներ ներկայացնել»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: