Հայերեն   English   Русский  

Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից. Արտակ Մովսիսյան


  
դիտումներ: 4087

Վերջերս կայացավ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Անկախը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:

- Պարոն Մովսիսյան, երբ մարդիկ լսում են «10 հայ ականավոր թագուհիներ», սովորաբար հաջորդում է հարցը` ի՞նչ է, մենք այնքան թագուհի ունեցե՞լ ենք, որ դրանց թվում էլ ականավորներ լինեն: Ձեր գիրքն այս հարցին ի՞նչ պատասխան է տալիս:

- Իսկապես, անգամ պատահել է, որ պատմության ֆակուլտետն ավարտած մարդիկ, որ թվում է, թե պետք է իրազեկ լինեն, նման հարց են տվել: Ցավոք սրտի, թագուհիների թեման մեզ մոտ անարդարացիորեն վատ է ներկայացված: Մեզ անվանապես հայտնի է 65 թագուհի: Գրքի վերջում ամբողջական ցանկը ներկայացված է:
Իհարկե, ունենք նաև տեղեկություններ այլ թագուհիների մասին, որոնց անունները չեն պահպանվել: Օրինակ` գիտենք, որ Արտավազդ Երկրորդի կինը նրա հետ գերի տարվեց Եգիպտոս, ամուսնու հետ վեհանձն պահվածք դրսևորեց, և միասին էլ մահապատժի ենթարկվեցին: Սակայն նրա անունը հայտնի չէ:
Սա մեր ազգային, պետական, հասարակական անփույթ վերաբերմունքն է անցյալի նկատմամբ: Հայ կնոջ կերպարը պատմության մեջ շատ վատ է ներկայացված:
Այսօր երկու ծայրահեղությունների առաջ ենք կանգնած. մի կողմից` արևելյան, չադրայավոր, ազատությունից զուրկ կնոջ կերպարը և մյուս կողմից` արևմտյան, բարոյական սահմաններից դուրս ազատություններով կնոջ կերպարը: Մարդիկ մտածում են այս երկուսի միջև ընտրելու մասին, այն դեպքում, երբ ունենք մերը` ազատ, պարկեշտ, առաքինի և հասարակությունում ու ընտանիքում իր տեղն ունեցող կնոջ կերպարը: Մեզ պետք է այդ կնոջ կերպարը վերականգնել, և այդ առումով թագուհիների կերպարները կարևոր նշանակություն կարող են ունենալ:

- Ի՞նչ դեր է ունեցել հայ կինը պատմության և հայ իրականության մեջ:

- Կնոջ դերը հայ իրականությունում միշտ մեծ է եղել` նախաքրիստոնեական ժամանակներից սկսած: Ապացույցը մեր դիցարանն է, որտեղ բոլոր աստվածուհիներն այնքան սիրված են եղել, որ նրանց պաշտամունքը շարունակվել է անգամ քրիստոնեության օրոք: Օրինակ` Վարդավառը, որ Աստղիկ դիցուհու տոնն է եղել:
Եթե փորձենք ընդհանուր հայացք գցել մեր պատմության վրա, կտեսնենք, որ մինչև XIV դարը ներառյալ, երբ թագավորություններ ու իշխանություններ ենք ունեցել և օտար տիրապետությունների ազդեցությունը չկա, կնոջ դերը մեծ է: Այս առումով բոլորին խորհուրդ կտամ կարդալ Վարդան Հացունու «Հայուհին պատմության առջև» գիրքը:
Ստրկացված, չադրայով կնոջ կերպարն աղերս չունի հայ կնոջ կերպարի հետ: Որպես ապացույց ուսումնասիրեք մանրանկարները, բոլոր տեղերում կանայք պայծառ կերպարներ են` դեմքը բաց, որոշ տեղերում` նաև թևերը բաց:

գիրք- Պարոն Մովսիսյան, կներկայացնե՞ք, թե ինչպես առաջացավ նման աշխատություն ստեղծելու մտահղացումը:

- Դեռ ուսանողական տարիներից նման միտք եղել է: Երբ ուզում ես որպես կատարելատիպ ներկայացնել անցյալի քաղաքական գործիչներին, ո՞ւմ պետք է ընտրես: Այս մատենաշարի իմ նախորդ գրքում` «10 հայ ականավոր արքաներ», ես առանձնացրել և հրատարակել եմ 10 ականավոր թագավորների: Բնականաբար, այդ ժամանակ մտածում ես նաև թագուհիների` պետության մեջ բարձրագույն դիրք զբաղեցնող կնոջ մասին:
2009-ին «Զանգակ» հրատարակչության հետ սկսեցինք գիտահանրամատչելի հայագիտական հրատարակությունների շարք: Առաջինը «10 հայ ականավոր արքաներ» գիրքն էր, որը բավականին մեծ հաջողություն ունեցավ և այնքան լավ արձագանքներ, որ հրատարակչության նախաձեռնությամբ 2012-ին այն հրատարակվեց հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այդ շարքից 2011-ին հրատարակվել էր «Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրեր» գիրքը:
Քանի որ արքաների գիրքն այդքան լավ արձագանք գտավ, որոշեցի իրականացնել դեռ ուսանողական տարիներից եղած մտադրությունս ու անդրադառնալ թագուհիներին: Ընտրվեց տասը թագուհի, բայց որպեսզի մյուս թագուհիների մասին էլ հնարավորինս շատ տեղեկություններ լինեին, այսպես կառուցեցինք գիրքը. ամեն բաժին մի թագուհու անուն է կրում, բայց ներկայացված են նյութեր այդ թագուհուց առաջ և հետո եղած տվյալ արքայատոհմի բոլոր հայտնի թագուհիների մասին:
Գրքի նպատակն է հանրությանն ավելի լայնորեն ծանոթացնել մեր թագուհիներին, նաև թագուհիների թեման մտցնել շրջանառության մեջ: Սա առիթ կլինի, որ նրանց վերաբերյալ ավելի շատ ուսումնասիրություններ և քննարկումներ լինեն, դրանով իսկ սա կարևոր քայլ կլինի հայ կնոջ պատմական կերպարի վերականգնման ճանապարհին:

- Ընթերցողը գրքից ի՞նչ դաս կքաղի:

- Նախ` կծանոթանա մեր թագուհիների սքանչելի կերպարներին, կհասկանա, թե ինչպիսին է եղել հայոց թագուհին (գրքի վերջում մեկտեղված են մատենագրության մեջ հայոց թագուհիներին տրված գնահատականները): Ինչ էլ քաղի` մեծ օգուտ է, քանի որ հպարտության արժանի թագուհիներ ենք ունեցել: Ամեն հայ աղջկա մեջ մեր թագուհիների կերպարից ինչ էլ մտնի` ազգովին շահելու ենք:

- Ինչո՞վ կպայմանավորեք, որ նման ականավոր թագուհիներ ունենք, սակայն թե՛ դպրոցական դասագրքերում, թե՛ առօրյայում նրանք անտեսված են:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

- Մեր անփութության պատճառով է: Միայն թագուհիների մասին չէ, մենք ունենք շատ-շատ մեծ արժեքներ, որոնք չենք գնահատում: Ընդհանրապես մենք տառապում ենք թերարժեքության և գերարժեքության բարդույթներով, որոնք հավասարապես վնաս են պատճառում. եղած արժեքներին տեր չենք կանգնում և ընկնում երկու ծայրահեղության մեջ: Շատ եմ առիթ ունեցել ասելու` մենք ունեցել ենք թագուհիներ, որպիսիք ամեն երկիր պատիվ կհամարեր ունենալ: Օրինակ` Զաբել թագուհին` Լևոն Երկրորդի դուստրը: Սիրված ու պաշտամունքի հասցված անձնավորություն է: Իր միջոցներով հիմնած և ժողովրդի համար անվճար գործող հիվանդանոցում ինքն էր խնամում անտեր հիվանդներին: Եթե այսօրվա որևէ զարգացած երկիր նման թագուհի ունեցած լիներ, տասնյակ գրքեր կհրապարակեին նրա մասին, ֆիլմեր կնկարեին, գիտաժողովներ կկազմակերպեին: Իսկ մեզ մոտ այդ թագուհու մասին գրեթե ոչինչ չգիտենք:
Մեկ այլ օրինակ. դասագրքերում էլ գրվում է, որ Հաղպատն ու Սանահինը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` Աշոտ Երրորդ Ողորմածի կինը, Հաղպատ գնացող ամեն անձ կարող է անցնել Խոսրովանույշի քանդակի կողքով ու չիմանալ, որ դա թագուհու քանդակն է, գոնե մի վահանակ չկա դրված:
Ոչ մի բան չի խանգարում, որ դասագրքերում փոքրիկ հատվածներ ներառենք նաև թագուհիների արած գործերի մասին:
Սա բոլորիս մեղքն է: Մենք թերանում ենք, հետո դժգոհում հայի բախտից:

- Շնորհանդեսի ժամանակ կարծիք հնչեց, որ տղամադիկ են գրել պատմությունը և կանանց դուրս են թողել պատմությունից: Նման պայմաններում դժվար չէ՞ր նյութեր հավաքել գրքի համար` նվիրված միայն կանանց:

- Ժողովրդական խոսքն էլ ասում է`տղամարդը տան դրսի պատն է, կինը` ներսի: Երբ տանը դրսից ես նայում, դրսի պատն է երևում, բայց, անշուշտ, եթե ներսի պատերը չլինեն` տունը տուն չի լինի: Պատմիչները վկայություններ են թողել երկրի կարևորագույն դեպքերի մասին, որոնք միշտ կապվել են թագավորի անվան հետ: Այն դեպքում, երբ թագավորը չկա` թագուհին է դառնում երկրի առաջին դեմքը: Օրինակ, երբ Արշակ Երկրորդը գերվեց, Փառանձեմ թագուհին դարձավ առաջին դեմքը, և նրա մասին բազմաթիվ վկայություններ կան:
Անշուշտ, դժվարություններ ունեցել ենք նյութի հետ կապված, քանի որ այն շատ չէ, բայց քիչ էլ չէ: Պարզապես եղած նյութը պետք է հավաքել և ճիշտ մատուցել:

- Ինչպիսի՞ն է եղել հանրության արձագանքը գրքին:

- Օր չի լինում, որ մի քանի ջերմ արձագանք չլինի. դրսում են մոտենում, ծանոթները զանգում են, համացանցում եղան շատ բուռն արձագանքներ: Դեռ բացասական արձագանք չի եղել: Եղել են հետաքրքիր դիտարկումներ, թե օրինակ` այս թագուհու մասին այս առումով կարելի էր ավելի մանրամասն գրել:
Գիրքը նաև հարուստ պատկերազարդված է, տեղադրվել են բարձրաշխարհիկ հայ տիկնանց զարդերի պատկերները` գտնված Հայկական բարձրավանդակից: Նպատակս էր նաև նպաստել ոսկերչական մշակույթի վերականգնմանը: Սա ևս դիտարժան է դարձնում գիրքը:

- Գիրքն այլ լեզուներով հրատարկվելո՞ւ է:

- Կարծում եմ` այո: Հրատարակչության տնօրենն էլ տպավորված է արձագանքներով: Կարծում եմ, որ սա էլ «10 հայ ականավոր արքաների» նման եռալեզու հրատարակություն կունենա:

- Հաջորդիվ ընթերցողին ի՞նչ եք ներկայացնելու, շարքը շարունակվելո՞ւ է:

- Հաջորդ նպատակը հայկական 10 արքայատոհմերը ներկայացնելն է:
20 տարուց ավելի է, հռչակել ենք անկախություն, բայց մեր պետությունը շատ առումներով կայացած չէ: Կայացած պետություն ստեղծելու համար պիտի պատրաստ սերունդ ունենալ: Եթե աճող սերնդին ճիշտ գաղափարներով չսնենք` վաղը մեր պետությունն ավելի անկատար կլինի: Ճիշտ արժեհամակարգով դաստիարակված հայ մարդը երբեք իր ազգային արժեքները չի ստորադասի: Շարքը` թագուհիներ, թագավորներ, արքայատոհմեր, նպաստում են պետականության գաղափարն ամրապնդելուն:
Տխուր վիճակագրություն ունենք. 1990-ականներին, երբ երկրի վիճակը վատացավ, 3 մլն-ից մեկ մլն-ը լքեց երկիրը: Մի՞թե ծնողներիդ թողնում ու հեռանում ես, եթե նրանց վիճակը վատ է: Մեղադրանք չէ սա, քավ լիցի: Սա ուղղակի տխուր փաստ է: Աստված չանի, եթե վաղն էլի վատանա, հարց է, թե եղած բնակչության որ մասը ևս կթողնի կհեռանա: Հասկանում եմ, սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ կան, բայց կա նաև անհատի խնդիրը, եթե անհատը որոշակի արժեհամակարգի կրող է, կարող է դիմակայել ծանր պայմաններին: Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից: Ճիշտ արժեհամակարգով դաստիարակված անձն այդպես կմտածի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: