Հայերեն   English   Русский  

Գյումրին նշեց ծննդյան տարեդարձը


  
դիտումներ: 1756

Գյումրին այսօր 11-րդ անգամ տոնեց ՙքաղաքի օրը՚: Միջոցառումները բազմազան էին ու օրը հագեցած էր տարբեր իրադարձություններով. քաղաքի մի ծայրում բացվեց ասֆալտապատված երկրորդական փողոց, մյուսում՝ խաղահրապարակ: Ինչպես արդեն հայտնել էինք, այս անգամ գյումրեցիներին տոնական համերգ հրապարակում չէր սպասվում, փոխարենը որոշել էին համերգային փոքրիկ հատվածներ ապահովել քաղաքի տարբեր մասերում: Կենտրոնական հրապարակում թևածում էր ռետրո տրամադրությունը, այստեղ կազմակերպվել էր ռետրո մեքենաների ցուցադրություն: Հրապարակից քիչ հեռու՝ Ռիժկովի ճեմափողոցում ՙԱրհեստագործական ավանդույթների ներկայացում՚ փառատոնն էր: Գյումրու և Շիրակի մարզի տարբեր արհեստագործական կառույցներ ներկայացնում էին իրենց աշխատանքները:

Գյումրին նշեց ծննդյան տարեդարձը

Հավելենք, որի հանրապետության երկրորդ քաղաքի տոնին իրենց մասնակցությունն էին բերել մի քանի բարձրաստիճան պաշտոնյա. մասնավորապես մասնակցում էին սպորտի նախարարը, մշակույթի փոխնախարարը, Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանը պետը, Վանաձորի քաղաքապետը և պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Գյումրին նշեց ծննդյան տարեդարձը

Ինչու քաղաքն իր ծննդյան տոնին պաշտոնական հյուրեր չունի, հարցին քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. ՙԱյսօր տոնը Գյումրու և գյումրեցիների համար ենք անում՚: Արվեստի ու արհեստի քաղաքում, որքան էլ զարմանալի է, մինչ օրս չկար հանճարեղ Հովհաննես Շիրազի անունը կրող փողոց: Այսօր նաև Շիրազի անվամբ կոչվեց այն փողոցը, որտեղով սիրում էր անցնել Շիրազը: Տեղի ունեցավ նաև Շիրազի ՙԹոնդրակեցիներ՚ գրքի շնորհանդեսը:
Բանաստեղծի դուստրը՝ Աստղիկ Շիրազը, գրքի մասին նշում է. ՙՊոեմում Շիրազը գրաբարով ուսումնասիրել է մեր պատմագիրներին, նրանց հաղորդած տեղեկություններով պարզել է, որ կրոնական այդ շարժումը հովանավորվել է դրսից: Նրանց շարժումն ուղղված էր հայոց պետականության, մասնավորապես՝ Բագրատունիների թագավորության դեմ, հայ եկեղեցու և հայոց ընտանեկան սրբության դեմ՚: Այսինքն, պոեմում արծարծվում է աղանդավորության թեման:
Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի ունեցավ Հրանտ Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: