Հայերեն   English   Русский  

​Հայկական խոշոր բիզնես, որ սկսվել է «պատահաբար» ու 300 դոլարով


  
դիտումներ: 3351

Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, որոնք, իրար հետևից շարվելով, վերածվում են ճանապարհի: Նույնն էլ բիզնեսի ճանապարհն է, որի յուրաքանչյուր հաջողությանն ու ձեռքբերմանը տասնյակ անհաջողություններ ու ձախողումներ են նախորդում: Ու որպես կանոն՝ բիզնեսում մեծ պատմություններն էլ սկսվում են փոքր ու հետաքրքիր նախապատմություններից: Այդպիսի հետաքրքիր և ուշագրավ պատմություն ունի նաև հայկական կայացած ու հետաքրքիր բիզնեսներից մեկը՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերությունը:

Ար և Ար դիզայն քնսթրաքշն

Մինչև 90-ականները ընկերության հիմնադիր տնօրեն Արա Պետրոսյանը դասախոսում էր պոլիտեխնիկում (ԵրՊԻ): Բայց եղավ մի պահ, երբ պոլիտեխնիկի դասախոսը սկսեց 5 դոլար աշխատավարձ ստանալ, իսկ ընտանիքի ապրուստի համար նվազագույնը 30 դոլար էր պետք: Այսինքն՝ անիմաստ էր դառնում դասախոսելը, չնայած Պետրոսյանը շարունակում էր աշխատել: Պարզ էր, որ ինչ-որ բան պետք է անել, և Պետրոսյանը սկսում է մտածել, թե որ ոլորտում չկան պահանջարկն ու կարիքները գերազանցող արտադրական կուտակումներ, ու որոշում է, որ պետք է ջեռուցման կաթսաներ արտադրել, մանավանդ որ այդ ժամանակ դրանց կարիքը խիստ զգացվում էր:

«Սկսեցինք 1995 թվականին. դա իմ մասնագիտությունը չէր, բայց ես տեսա, որ դրանով զբաղվող չկա: Պատրաստում էինք փոքր առանձնատների համար մինչև 100 կիլովատտ հզորությամբ ջեռուցման պողպատե կաթսաներ: Ոչինչ չգիտեի, ո՛չ մետաղամշակում գիտեի, ո՛չ ջերմատեխնիկա գիտեի, ու ստիպված եղա ամեն ինչ սովորել: 1998 թվականին ստեղծեցի հիմնարկը ու սկսեցինք կաթսա արտադրելուց, հետո կամաց-կամաց բոլոր ինժեներական համակարգերի ոլորտներում փորձ ձեռք բերեցինք, ընդլայնեցինք արտադրության ոլորտները, ներդրեցինք նոր ուղղություններ, մի խոսքով՝ դարձանք տեխնոլոգիական ջերմատեխնիկայի լավագույն ընկերություններից մեկը: Հիմա ինչով ասես զբաղվում ենք»,- ժպիտով հիշում է ընկերության հիմնադիր տնօրեն Արա Պետրոսյանն ու հավելում, որ արդեն տարբեր չափերի արևային էլեկտրակայաններ էլ են նախագծում, ընկերությանն են պատկանում «22օ» խանութները և այլն:

Սկսել են 4-5 հոգով, այդ ժամանակ գործող հատուկենտ գործարաններից մեկում արտադրատարածք վարձակալելով ու սկսել են այն մարդկանց համար կաթսաներ արտադրելով, որոնք սեփական տներ ունեին և ուզում էին վերականգնել ջեռուցման համակարգը: Մեկ այլ հետաքրքիր պատմություն է, թե ինչու է բիզնես ոլորտի ընտրությունը կանգ առել կաթսաների, ջեռուցման համակարգերի արտադրության վրա: Դա, ինչպես նշում է Արա Պետրոսյանը, պատահաբար է եղել:

«Սոված, մութ ու ցուրտ տարիներ էին, և բոլորն ուզում էին ինչ-որ տեղից ինչ-որ գումար աշխատել: Ու այդ ժամանակ, երբ մարդիկ քեզնից հարցնում են, թե ինչ կարող ես անել, դու ասում ես՝ ամեն ինչ: Բայց հենց ասում ես՝ ամեն ինչ, մարդիկ դա ընկալում են որպես ոչինչ: Եվ որպեսզի մարդիկ հասկանան, որ իրոք ամեն ինչ կարող ես անել, պետք է որոշակի բան առաջարկես: Մի խոսքով, մեզ պատահեց ինչ-որ ամերիկյան կազմակերպություն, որին ինչ-որ բաներ էին պետք, հարցրին, թե ինչ անեն, ասացի՝ խնդիր չկա, տվեք, մենք կանենք: Դա լավ ստացվեց, և երբ արդեն հարցնում էին, թե ինչ ենք կարողանում անել, ասում էինք՝ սա ենք կարողանում անել: Այսինքն՝ եթե իմ առաջին պատվիրատուին մեկ այլ բան պետք լիներ, հիմա մենք ուրիշ ոլորտում կաշխատեինք»,- դարձյալ ժպտում է Արա Պետրոսյանը:

Իսկ երբ հարցրինք, թե այդ ամենը ինչպե՞ս կարողացավ սկսել, ի՞նչ ներդրումների հաշվին, հատկապես՝ դժվարին 90-ականներին, պատասխանն ավելի քան հետաքրքիր էր: Նախնական ներդրում պետք չի եղել, առաջին պատվիրատուն 300 դոլար կանխավճար է տվել պատվերի համար, ու այդ փոքրիկ գումարով սկսվել է հայաստանյան հիրավի հաջողակ բիզնեսներից մեկի մեծ պատմությունը: Պատվերն ավարտելուց հետո ստացված գումարն արդեն 4.5 հազար դոլար էր, որ առաջին հաջողությունն էր:

«Ամերիկյան ընկերության համար կաթսա պատրաստեցինք, այրիչը Պարսկաստանից բերեցինք, հավաքեցինք, տարանք տեղադրեցինք, ու գերազանց աշխատեց: Դրանից հետո նրանք էլի մի քանի նման կաթսաներ պատվիրեցին, ու սկսեցինք արդեն հայերին էլ առաջարկել, որ այսպիսի գործ ենք կարողանում անել: Այդպես կամաց-կամաց ոտքի կանգնեցինք ու առաջ գնացինք»,- նշում է Արա Պետրոսյանը:

Հիմա ընկերությունը, բացի կաթսաներից, նախագծում, արտադրում ու տեղադրում է ջեռուցման, հովացման, տաք ջրի ու գոլորշու մատակարարման, արևային էլեկտրակայաններ: Արդեն սկսել է նաև չրեր պատրաստելու չորանոցներ արտադրել: Սկզբնական 4-5 հոգու փոխարեն էլ ընկերությունում, որի կառավարմամբ արդեն զբաղվում է հիմնադիր Արա Պետրոսյանի որդին՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերության փոխտնօրեն Հարություն Պետրոսյանը, աշխատակիցների թիվը հասնում է մոտ 6 տասնյակի: Մինչև Ռուսաստանի տնտեսական անկումը, ընկերությունը նաև պլաստիկի վերամշակմամբ է զբաղվել, որի արտադրանքի հիմնական շուկան եղել է Ռուսաստանի Դաշնությունը, և այդ ժամանակ աշխատակիցների թիվը 100-ից ավելի էր:

Ինչևէ, որդին շարունակում է հոր գործն ու հաստատված բարի ավանդույթներով, նորարարությամբ, նոր ուղղություններ ու ոլորտներ նվաճելով՝ առաջ տանում ընկերության հաջողության պատմությունը: Չորանոցների գաղափարն էլ հենց ընկերության փոխտնօրեն Հարություն Պետրոսյանինն է:

«Չորանոցների արտադրությունը սկսեցինք անցյալ տարի՝ էլեկտրական չորանոցից ու հասկացանք, որ պահանջարկը գազով տարբերակներինն է, որպեսզի շահագործման ծախսերն ավելի ցածր լինեն: Եվ արդեն գազով աշխատող չորանոցի մշակումներն ենք ավարտում, մի քանի օրից պատրաստ կլինի, ու հուսով եմ, որ դա հաջողություն կունենա, պատվերներ կլինեն»,- «Անկախի» հետ զրույցում ասաց Հարություն Պետրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսօր հայկական չրերը մեծ պահանջարկ ունեն, չրերի դեֆիցիտ կա, իսկ արտահանողներն էլ մեկ այլ խնդիր ունեն՝ փոքր ծավալների չրեր են կարողանում արտահանել, այնինչ արտերկրի խոշոր առևտրային ցանցերի համար անընդմեջ մեծ խմբաքանակներ են պետք, ինչը ավանդական եղանակներով դժվար է ստանալ: Ուստի որոշում կայացվեց՝ չորանոցների արտադրություն հիմնել, քանի որ չորանոցներով չրեր պատրաստելիս և՛ ավելի մեծ ծավալներ են ստացվում, և՛ որակն է լավ լինում: Բացի այդ, արևային չորանոցներն արևի էներգիայի խնդիր ունեն, ու եթե եղանակային պայմանները վատ լինեն՝ գործը կտուժի: Հայկական չորանոցների նախատիպը կորեականներն են, որոնք ավելի արդիականացվել ու բարելավվել են «Ար և Ար դիզայն քնսթրաքշն» ընկերությունում և ավելի լավ արտադրանք են թողարկում:

Ար և Ար դիզայն քնսթրաքշն

Ընկերությունը, ցավոք, իր արտադրանքն ու ծառայություններն իրացնում է տեղական շուկայում: Նախկինում, իհարկե, ռուսական շուկայում գործել են, բայց մինչ ՌԴ-ում ռուբլու դեվալվացիան: Դրանից հետո ռուսական ուղղությունը դարձավ անարդյունավետ: Իսկ արևմտյան շուկաներ դուրս գալու համար արգելքները, ինչպես նշում է Արա Պետրոսյանը, խանգարում են:

Հայաստանում բիզնես կազմակերպելու հիմնական խնդիրը, ըստ Արա Պետրոսյանի, այն է, որ որոշակի չափի հիմնարկ պետք է ունենաս, որպեսզի կայուն լինես, բայց շուկան այնքան փոքր է, որ եթե միայն մի տեսակի գործունեությամբ զբաղվես՝ հաջողություն չես ունենա:

«Մենք մեր գործարանում նաև օդամղիչի արտադրությամբ ենք զբաղվում: Օրինակ՝ մեծ շուկայի պարագայում միայն այդ օդամղիչների արտադրության մի ամբողջ գործարան կարող էիր պահել, բայց մեր շուկան այնքան փոքր է, որ պետք է մտածես, այնքան շատ բաներով զբաղվես, որ ամեն մեկից փոքր-փոքր գումարներ գան, որպեսզի անհրաժեշտ ծավալներ ապահովես ու հիմնարկդ կարողանա կայունանալ, թե չէ յուրաքանչյուր «հյուսիսային քամի» կարող է շուռ տալ ու կործանել քեզ: Այսինքն՝ չես կարող ամսական 10 հազար կամ 100 հազար դոլար շրջանառությամբ հիմնարկը կայուն համարել, պետք է միլիոնի հասնի, մի որոշ թվի հասնի, որպեսզի կայուն լինի: Սա է խնդիրը»,- պարզաբանեց Պետրոսյանը և հավելեց, որ եթե դիվերսիֆիկացված է բիզնեսդ, տարբեր անբարենպաստ պայմաններում մի դուռը փակվում է, մեկ այլ դուռ՝ բացվում, իսկ դրա համար պետք է խոշոր լինես: Հայաստանյան չափումներով «Ար և Ար դիզայն քնսթրաքշնը» համարվում է խոշոր բիզնես, որը, հիշեցնենք, սկսել է մոտ 20 տարի առաջ ու ընդամենը 300 դոլարով…

«Ահռելի ինտելեկտուալ ներդրում է պահանջում հայկական բիզնես միջավայրը»,- ասում է Պետրոսյանը: Ըստ նրա՝ ինտելեկուալ ներդրումն է հենց մեր և ուրիշների գլխավոր տարբերությունը, օրինակ՝ մեր և Չինաստանի, որտեղ կարող են միլիարդ քանակով ինչ-որ ապրանք արտադրել ու վաճառել՝ միայն մեկ անգամ ինտելեկտուալ ներդրում անելով: Իսկ փոքր շուկաներում, եթե ուզում ես միլիարդ հատ ինչ-որ ապրանք վաճառել՝ անընդհատ պետք է կատարելագործես, նոր բաներ մտածես, որ ամեն նորույթի դեպքում հարյուր հազարով վաճառելով՝ հասնես միլիարդ ցուցանիշի:

«Բիզնեսում հաջողություն ունենալու համար պետք է խելք, կրթություն և համառություն,- նշում է Արա Պետրոսյանն ու շտապում ընդգծել,- փողն ընդհանրապես այս պարագայում, որպես սկզբնական կապիտալ, չորրորդ տեղում է: Շատ կարևոր է, որ մարդ դրսից կարողանա տեսնել իրեն, որովհետև օբյեկտիվությունը շատ կարևոր բան է: Մենք սովորաբար մեր բոլոր անհաջողությունների մեջ, որպեսզի չգժվենք, անպայման մի հարևան, ընկեր, բարեկամ, մի հեռավոր մարդ, կառավարություն, վարչապետ, չգիտեմ՝ միլպետ, մեկնումեկին գտնում ենք, նրան «նշանակում» մեր անհաջողության գլխավոր մեղավոր ու հանգստանում: Դա մարդկանց բնորոշ հատկություն է: Կյանքում անհաջողությունները շատ ավելին են, քան հաջողությունները, մեկ հաջող պրոյեկտին 10-15 անհաջող պրոյեկտներ են նախորդել, իսկ հաջողության հասած մարդիկ այնքան համարձակություն ու խիզախություն ունեն, որ փնտրում ու իրենց ներսում են գտնում իրենց անհաջողության պատճառները: Դրա համար իսկապես խիզախություն է պետք, որովհետև ավելի հեշտ է դրսում գտնել անհաջողության պատճառը, ու այդ դեպքում ենթագիտակցությունդ միանգամից արդարացնում է քեզ սեփական աչքում, թե այսինչը որ հաջողության հասավ, այսինչի կամ մյուսի բարեկամն է, ընկերն է, էլի ուրիշ բացատրություններ ես տալիս ու հանգստանում: Իսկ եթե ուզում ես հաջողության հասնել՝ պետք է քո անհաջողություններին օբյեկտիվ նայես ու անձամբ պատասխանատվություն ստանձնես: Հենց դրա համար է խիզախություն պետք, և հենց դրա համար են հաջողակները շատ քիչ՝ ընդհանուրի մոտ 5 տոկոսը: Սրանք էլ, բացի հանճարներից, որոնք եզակի են, պետք է անհաջողությունների մեջ կոփվելով հասնեն իրենց հաջողությանը: Իսկ մնացած 95 տոկոսն այդպես էլ մնում է անհաջողության դաշտում ու ընկնում նախանձի գիրկը: Այդ նախանձը շատ դժվար բան է»:

Պատրաստեց Գևորգ Ավչյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: