Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի հայկական թանգարանը՝ կործանման եզրին


  
դիտումներ: 2163

Արդեն մի քանի ամիս է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է այն մասին, որ Ֆրանսիայի հայկական թանգարանը ոչնչացման եզրին է:

Կայքերից մեկում տպագրվել է հրապարակում, որի միջոցով հեղինակները ահազանգում են խնդրի կարևորության մասին ու մեկնարկում ստորագրահավաք: Աշխարհասփյուռ հայությանը կոչ է արվում՝ հնարավորինս բևեռել ուշադրությունը մշակութային այս կառույցի շուրջ և կանխել ստեղծված իրավիճակը:

Նախ նշենք, որ Ֆրանսիայի հայկական թանգարանը, մասնավոր թանգարան է Փարիզում։ Հավաքածուն ընդգրկում է հայկական մշակութային ժառանգության նմուշներ, այդ թվում` ձեռագրեր, եկեղեցական զարդեր, գեղանկարներ, արձաններ և դրամներ։ Այն հիմնվել է Նուրհան Ֆրինգյանը 1953 թ.։

Թանգարանում պահվում են արվեստի անգին գործեր, որոնցից մի քանիսը ցուցադրվել են Լուվրի թանգարանում։ 1915 թ. Մեծ Եղեռնը վերապրածների ժառանգների ջանքերով կազմվել է թանգարանային հավաքածու և 1978 թ. հանձնվել Ֆրանսիայի պետությանը՝ ճանաչվելով որպես հանրային սեփականություն։

Ֆրանսիայի հայկական թանգարանը (ՖՀՄ) իր գոյության 60 տարիների ընթացքում մշակութային արժեքները ցուցադրել է Փարիզի «Էնների» հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում, որոնք տրամադրվել էին համաձայն 1953 թ. ապրիլի 24-ի նախարարական դեկրետի: Թանգարանի պաշտոնական բացումն իրականացվել է հանրապետության նախագահ պարոն Վենսան Օրիոլի կողմից:

Ցավով պետք է նշենք, որ 2011 թ. օգոստոսին, թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն առաջարկեց հայկական թանգարանի պատասխանատուներին ժամանակավորապես ազատել ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն՝ վստահեցնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թ. մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախկին վայր։ Սակայն, շենքի վերանորոգման ավարտից հետո թանգարանի վերադարձն արգելվեց, մշակույթի նախարարությունը մերժեց ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները։ Հայկական թանգարանը պայքար սկսեց իր տարածքի համար․ ահազանգեց պետական համապատասխան ատյաններին, հորդորեց նախարարությանը կատարել ստանձնած պարտավորությունները, սակայն չստացավ որևէ պատասխան:

Չնայած 2012-ին ցուցանմուշների որոշ մասը վերադարձվել է, սակայն շենքի վերահսկողությունը իրականացնող «Գիմե» թանգարանի ղեկավարության փոխանցմամբ` հայկական թանգարանի տարածքը շատ վատ ու անապահով վիճակում է:

Խնդիրն առավել հասունացավ, երբ երկարատև սպասումներից հետո այս տարեսկզբից շենքում միտումնավոր փոխվեցին փականները։ Ներկա դրությամբ հայկական թանգարան մուտք գործելն անհնար է, և ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել հավաքածուի ներսում մնացած մասը։

Համացանցում տեղադրվել է հայտարարություն, որում մասնավորապես հայ համայնքի ներկայացուցիչները հայտնում են իրենց մտահոգությունը և խնդրում Ֆրանսիայի իշխանություններին վերաբացել հայկական թանգարանը։ Այն հայ Ժողովրդի ճակատագրի վկաներից է։ Վտանգված է մի յուրահատուկ մշակութային ժառանգություն, որն ընդգրկում է 3 000 տարվա պատմություն, շուրջ 1 200 արվեստի գործ:

Այսօր մշակութային ժառանգությունն անհետանում է, որն ի զորու չէ կանխել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: