Հայերեն   English   Русский  

Մարուքյանն առաջարկում է սահմանամերձ բնակավայրերի գործարարների համար արտոնություններ սահմանել 20 տարով


  
դիտումներ: 1241

ԱԺ-ն քննարկում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը: Օրենքն առաջարկում է 26-47 սահմանամերձ համայնքների գործարարներին ազատել բոլոր տեսակի հարկերից:

«Կարծում եմ, որ չպետք է սպասեինք դիվերսիաներ տեղի ունենային, նոր քննարկեինք օրենքի նախագիծը: Ավելի շուտ պետք է քննարկեինք, որ այդ գյուղերում հիմա ավելի շատ մարդ լիներ: Բայց լավ է ուշ, քան երբեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը`խոսելով նախագծի մասին:

Նա, մեկնաբանելով նախագծի նպատակը, նշեց, որ պետությունն ուզում է քաղաքականություն մշակել մարդկանց սահմանամերձ բնակավայրերում պահելու համար, որ մարդիկ իրենց ապագան գյուղում տեսնեն, որպեսզի իրենց կյանքի որակն այնքան էլ չտարբերվի մյուս համայնքների բնակիչների կյանքից:

«Որպեսզի մարդիկ նաև զինվորի թիկունք պահեն, քանի որ մի բան է, որ զինվորը գիտի`իր թիկունիքին կան մարդիկ, որոնք հարկ եղած դեպքում կարող են զինվել ու իր հետ պայքարել, և այլ բան է զինվորը, որի թիկունքում կիլոմետրերով բնակավայր չկա»,- ասաց նա:

Մարուքյանը, խոսելով նախագծի մասին, ասաց, որ բացակայում է օրենքի իրավական կանխատեսելիության բաղադրիչը:

«Գրեթե ամեն շաբաթ հարկային օրենսդրություն ենք փոխում: Իրավական կանխատեսելիության բաղադրիչը բացակայում է: Մարդը պետք է կարողանա կանխատեսել իր գործողությունները, օրինակ, եթե 1 մլն դոլար ներդրում է կատարում, քանի՞ տարի իր ներդրումները պաշտպանված կլինեն»,- ասաց նա:

Որպես օրինակ ասաց, գուցե մի ընկերություն ներդրում է կատարում ու սահմանամերձ բնակավայրում պահածոների գործարան է հիմնում: Եթե մի քանի տարի անց օրենքը փոփոխվի և արտոնությունները վերացվեն, կտուժի թե ներդրում կատարած գործարարը, թե համայնքը:

Մարուքյանն առաջարկում է օրենքի նախագծում լրացում կատարել և նշել, որ անկախ հետագա օրենսդրական փոփոխություններից արտոնություններն ուժի մեջ կլինեն 20 տարի:

«Հակառակ դեպքում կստացվի որ խոսեցինք լավ բաների մասին, բայց իրական կյանքում բան չփոխվեց»,- նշեց Մարուքյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ այս օրենքով Կառավարությունը չի կատարում սահմանամերձ համայնքների բնակիչներին տրված խոստումը`սոցիալական արտոնություններ տալու մասին: Նրա խոսքով`ինչպես է պետությունը հոգ տանում զորակոչված զինծառայողների մասին, այդպես էլ պետք է հոգա սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մասին, որոնք կրակոցների տակ սահման են պահում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: