Հայերեն   English   Русский  

ՀՊՃՀ-ի աշխատակիցը մեղադրում է աշխատակազմի ղեկավարին իր իրավունքները ոտնահարելու մեջ


  
դիտումներ: 3023

«Պոլիտեխնիկում ռեկտորի հովանավորությամբ գործում է աշխատակազմի նոր ղեկավար, ով բացարձակ նոր է կրթական համակարգում. նախկին ոստիկան է, գնդապետ: Նա ոստիկանին հատուկ ճնշումներ է գործադրում է համալսարանի աշխատակիցների վրա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը:

Նա ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ նման գործելակերպը ստեղծագործական մոտեցում պահանջող վարչության նկատմամբ կործանարար հետևանքներ կարող է ունենալ: Վարչության պետն ասաց, որ ռեկտորի վերաբերմունքը վերջին շրջանում իր վարչության նկատմամբ սարսափելի փոխվել է դեպի բացասական կողմը. ստուգումներ են իրականացվում նկատողություններ են արվում:

Խոյեցյանը նշեց, որ աշխատակազմի ղեկավարը` Սամսոն Զատիկյանը գիշերները մտնում է աշխատասենյակներ և ստուգումներ անցկացնում. «Սա մեր անվտանգությանն է արդեն վերաբերում: Դա ոչ միայն էթիկապես ճիշտ չէ, այլև իրավական հետևանք կարող է ունենալ: Պատկերացնում ե՞ք` նա իմ համակարգչից ինչ-որ բան իրականացնի», - նշեց նա:

Խոյեցյանը պատմեց, որ իր դժգոհությունից հետո պարզվել է, որ ստուգումները հանձնարարականով են իրականացվում, որ նպատակն է ստուգել, թե արդյոք լույսերը միացված են եղել, թե` ոչ:

Խոյեցյանի խոսքով` այս ընթացքում Սամսոն Զատիկյանը շարունակում է անհարիր խոսքերով և հայհոյանքներով խոսել համալսարանի աշխատակիցների հետ:

Ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետն ընդգծեց, որ թեև միայն ինքն է բարձրաձայնում, սակայն շատերն են դժգոհ աշխատակազմի ղեկավարի գործողություններից. պարզապես բոլորը չեն, որ համարձակվում են իրենց ձայն բարձրացնել

Վլադիմիր Խոյեցյանն արդեն դիմել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին միջամտելու կոչով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: