Հայերեն   English   Русский  

Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան


  
դիտումներ: 2510

Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:

«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:

5«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:

- Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
- Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:

1- Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:

- Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:

2- Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե ...

- Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:

3- Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:

- Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:

- Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:

- Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:

4- Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
- Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:

- Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:

- Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: