Հայերեն   English   Русский  

​ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ


  
դիտումներ: 15409

Արշակունիների թագավորության ընթացքում Հայաստանում դարակազմիկ իրադարձություններ կատարվեցին. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, գործածության մեջ դրվեց Մաշտոցյան այբուբենը…

Արշակունիները ծագումով պարթև են: Մ.թ.ա. 247 թ. նրանք գահ բարձրացան Պարթևստանում՝ հիմնելով Հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը:

Առաջին դարում, երբ Մեծ Հայքում կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը, հայ ազնվականությունը հռոմեական տիրակալությունից ազատվելու համար հայացքը հառեց ցեղակից ու բարեկամ պարթևներին՝ Վաղարշ արքայից (52-80) զինական օգնություն խնդրելով: Կնքվում է հայ-պարթևական դաշինք, որի համաձայն Հռոմի դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Վաղարշի եղբայր Տրդատը պետք է թագավորեր Մեծ Հայքում:

Մինչ այդ Արշակունիների տոհմից հայոց գահին բազմել էին Որոդեսն ու Արշակ Առաջինը, սակայն նրանց թագավորությունը կարճ էր տևել:

52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը (52-428): Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ, որն ավարտվեց Եռանդի ճակատամարտում Հռոմի խայտառակ պարտությամբ: Հռոմեական ողջ զորքը՝ Պետոս զորավարի գլխավորությամբ, անցավ անարգանքի լծի տակով, և Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել Արշակունիների իրավունքները Մեծ Հայքում: Տրդատը, հաղթահանդեսով մտնելով Հռոմ, այնտեղ վավերացրեց իր իրավունքները հայոց գահին: Կնքված պայմանագրով այնուհետ Մեծ Հայքի թագավորին պետք է առաջադրեր պարթևաց արքան, հաստատեր՝ Հռոմի կայսրը:

Տրդատ Առաջինին հաջորդեց Սանատրուկ արքան, որ գրավեց և Մեծ Հայքին միացրեց Եդեսիայի թագավորությունը, վերակառուցեց և երկրի մայրաքաղաք հաստատեց Մծուրքը: Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձնավորության։

Սանատրուկին հայոց գահին հաջորդեցին Աշխադար և Պարթամասիր արքաները: Վերջինիս օրոք Հռոմի Տրայանոս կայսրն արշավեց Հայաստան, գահազուրկ արեց հայոց արքային և Հայքը հռչակեց Հռոմի պրովինցիա: Սակայն այս վիճակը երկար չտևեց, և 117 թ. հայոց գահին հաստատվեց Վաղարշ Առաջինը, որը հայոց մայրաքաղաք հաստատեց Վաղարշապատը: Նա կառուցեց Վաղարշակերտ (Ալաշկերտ) և Վաղարշավան քաղաքները:

Սակայն Վաղարշի գահակալությունը խաղաղ չանցավ: 140 թ. Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը հարձակվեց Հայաստանի վրա, գահազուրկ արեց Վաղարշին և գահ բարձրացրեց Սոհեմոսին, որը հայոց Երվանդունի արքաների շառավիղներից էր: Պարթև Արշակունիները օգնության շտապեցին հայերին, և 161-163 թթ. Հայքից փախած Սոհեմոսի փոխարեն գահ է բարձրանում Բակուր Երկրորդը, որ իր կարճատև գահակալման ընթացքում կառուցեց Բակուր (Բաքու) քաղաքը:

Արշակունիներ

Սակայն շուտով հայոց գահին դարձյալ կարճ ժամանակով հաստատվում է Սոհեմոս Երվանդունին: 186 թ. Մեծ Հայքի թագավոր է դառնում Վաղարշ Երկրորդը, որի թագակալումով կտրուկ փոխվեց իրավիճակը Մեծ Հայքում: Նրանից սկսած՝ հայ Արշակունիների գահակալումը դարձավ ժառանգական: Դա Մեծ Հայքի լիարժեք անկախության փաստումն էր: Անգամ Հռոմը որոշ գումար վճարեց հայոց արքային Կովկասյան լեռնանցքների պաշտպանության համար: Հռոմի քաղաքականությունը, սակայն, շուտով փոխվեց, հայոց գահ էր բարձրացել Խոսրով Առաջինը, որը հայոց զորքով անցավ Կովկասյան լեռները՝ պատժելու տեղի վաչկատուն ցեղերին: Շուտով կայսր Կարակալան խարդախությամբ ձերբակալեց Խոսրովին և փորձեց հպատակեցնել Հայաստանը: Սակայն հայերը գահ բարձրացած Տրդատ Երկրորդի գլխավորությամբ ջախջախեցին հռոմեական զորքերը:

224 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջման հետևանքով Արշակունիների տոհմին փոխարինեցին Սասանյանները: Արշակունյաց արքայատոհմում առաջնությունն անցավ հայոց Խոսրով Բ արքային, սրվեցին հայ-պարսկական հարաբերությունները: Խոսրով Բ հայոց բանակով ավերակներ սփռեց Իրանում՝ ձգտելով տապալել Սասանյաններին: Հաջողության դեպքում հայ Արշակունիները կտիրեին Արշակունյաց տարածքները՝ Եփրատից մինչև Հնդկաստան: Տիգրան Մեծի կայսրության վերականգնման տեսլականն իրական էր: Սակայն դավաճան Անակ Պարթևը սպանում է հայոց քաջարի արքային, և Սասանյանները կարողանում են գրավել Հայաստանը՝ նրա գահին բազմեցնելով պարսիկ արքայազններ Որմիզդին, ապա Ներսեհին: Խոսրովի մանկահասակ որդին՝ Տրդատը, խույս է տալիս Հռոմ:

Միայն 297 թ. հայ-հռոմեական զորքերը, Ոսխայի ճակատամարտում ջախջախելով պարսկական բանակը, Մեծ Հայքում վերականգնեցին իրերի նախկին վիճակը, և գահ բարձրացավ Տրդատ Գ (298-331), որը, ցավոք, թուլամորթ ու անկամ գահակալ գտնվեց: Նա փաստորեն, հասակ առնելով Հռոմում, դարձավ հռոմեական դրածոն հայոց գահին: 301 թ. Տրդատի հրամանով Մեծ Հայքում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Նոր վարդապետությունը Հայքում արյամբ հաստատվեց: Կործանվեցին հայոց չքնաղ տաճարները, ազգային ամեն ինչ արգելվեց՝ փոխարինվելով օտար վարդապետությունից բխած մշակույթով:

Նոր ձևավորված Հայ առաքելական եկեղեցին կարճ ժամանակում թալանի և ավարառության շնորհիվ հարստացավ և պետության մեջ դարձավ գործուն ուժ՝ ընդդիմանալով անգամ արքայական իշխանությանը: Հետայսու Արշակունի արքաները ստիպված էին պայքարել ոչ միայն արտաքին ճնշման, այլև եկեղեցու ոտնձգությունների դեմ:

Տրդատ Գ փոխարինած Խոսրով Գ Կոտակն (331-339) իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց կառուցել Դվին մայրաքաղաքը և տնկել Խոսրովի անտառները որպես արքունի որսատեղի: Խոսրովի անտառները մեզ հասած աշխարհի հնագույն արգելոցն են: Խոսրով Գ պատերազմեց մազքութաց ցեղերի դեմ և Այրարատում հաղթանակ տարավ:

Խոսրովին հաջորդած Տիրան արքան (339-350) պայքար ծավալեց հայ եկեղեցու և կենտրոնախույս ուժերի դեմ: Նա անգամ քարկոծելով սպանել տվեց Հուսիկ կաթողիկոսին: Տիրան արքան դարձավ պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքայի կազմակերպած դավադրության զոհը: Վերջինս խաբեությամբ ձերբակալեց հայոց արքային և կուրացրեց:

Գահն անցնում է Արշակ Երկրորդին (350-368): Այս զորեղ տիրակալը ստիպված էր միաժամանակ պայքար մղել թե՛ Պարսկաստանի, թե՛ Հռոմի, թե՛ հայ առաքելական եկեղեցու և թե՛ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: Երկարատև պատերազմի ընթացքում Արշակ արքան աներեր մնաց: Միայն խաբեությամբ հնարավոր եղավ նրան տապալել: Դաշինք կնքելու պատրվակով Շապուհ Բ արքան նրան հրավիրեց իր մոտ և նետեց Անհուշ բերդը, ուր հայոց արքան ինքնասպան եղավ: Արշակ Բ հիմնեց ու շենացրեց Արշակավան մայրաքաղաքը, որն ամենասակավակյացը եղավ հայոց մայրաքաղաքների մեջ:

Հայոց գահն անցնում է 18-ամյա Պապին (370-374): Չնայած պատանի տարիքին՝ այս քաջարի գահակալը Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գլխովին ջախջախեց պարսկական հզոր բանակները: Նա սահմանափակեց հայ եկեղեցու իրավունքները, կենտրոնացրեց երկիրը, հզոր բանակ ստեղծեց և պատրաստվում էր հակահարված հասցնել նաև Հռոմին՝ պահանջելով Մեծ Հայքի բռնագրավված արևմտյան տիրույթները: Սակայն Պապ թագավորը զոհ գնաց Հռոմի և հայ եկեղեցու կազմակերպած դավին և սպանվեց:

Պապին հաջորդած Վարազդատ արքան (374-378) նույնպես դարձավ դավադրության զոհ. Մանվել Մամիկոնյան իշխանը, ապստամբելով արքայի դեմ, նրան վտարեց երկրից՝ հայոց գահին բազմեցնելով Արշակ Գ և Վաղարշակ թագավորներին՝ դառնալով նրանց խնամակալը: Նրանց օրոք էլ՝ 387 թ., Մեծ Հայքը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև: Արշակի մահից հետո հռոմեական մասում հայոց թագավորությունը վերացավ:

Ապա հայոց գահին միմյանց հաջորդեցին Խոսրով Դ, որի օրոք երկրում ժամանակավոր կայունություն եղավ, Վռամշապուհ արքան, որ գործածության մեջ դրեց մաշտոցյան հայոց գրերը:

Արշակունյաց վերջին գահակալը Արտաշես Դ արքան էր, որ դարձավ հայ եկեղեցականների և կենտրոնախույս նախարարների դավադրության զոհը: Պարսից արքունիքը գահազուրկ հայտարարեց հայոց երիտասարդ արքային, և 428 թ. Արշակունիների հարստությունը կործանվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: