Հայերեն   English   Русский  

​Գյումրեցի բոլոր հերոսները մեկ տեղում էին՝ տանկիստ Տիգրան Աբգարյանի ընտանիքում


  
դիտումներ: 10381

Գյումրեցի Տիգրանը, 19-ամյա տանկիստն էր, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի անակնկալ հարձակմանն ընդառաջ գնաց…

Տիգրան Աբգարյան

Ապրիլի 3-ի երեկոյան հեռախոսով զրուցել էր և ծնողների և ընկերների հետ, հայտնել, որ պատերազմական գործողոթյուններն իրենց դիրքերից հեռու են, դրությունը հանգիստ է, ահանգստանալու կարիք չկա: Այնինչ, Տիգրան այդ գիշեր կատաղի մարտերի էր բռնվելու հակառակորդի հետ: Թշնամու անակնկալ հարձակումից Տիգրան Աբգարյանն իր անձնակազմի հետ թեժ կռիների մեջ է հայտնվում, նրանց հաջողվում է ճեղքել թշնամու 8 տանկերի կրակահերթը, առաջ շարժվել և խոցել 3 տանկ:

Ադրբեջանական հրամանատարությունը հրաման է տալիս՝ ՛՛բերել այդ տանկը՛՛, հակառակորդի կողմից չլռող հակատանկային համազարկերի արդյունքում խոցվում է գյումրեցի հերոսի տանը, իր հետ վերակետ դնելով Տիգրան Աբգարյանի ու նրա անձնակազմի կյանքերին:

Տիգրանի բազում երազանքներ անկատար մնացին, նպատակները՝ դարձան հարազատների ու ընկերների սրբագույն պարտքը: Տիգրանի հայրական տան բակում, ճիշտ այն տեղում, որտեղ սիրում էր ժամանակ անցկացնել տանկիստ Աբգարյանը, բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաքար:

Մինչև բանակ զորակոչվելը, Տիգրան Աբգարյանը գունավոր քարեր էր հավաքում, ցանկություն ուներ տան դիմաց հանգստի մի փոքրիկ տաղավար ունենալ… Տիգրանի ցանկությունը ճիշտ նույնությամբ կյանքի կոչվեց ընտանիքի անդամների կողմից, բայց մի տարբերությամբ՝ ոչ թե հանգստի, այլ գլուխ խոնարհելու համար:

Իսկ Աբգարյանների տան պատին հուշատախտակ բացվեց՝ ՛՛Այս տանն ապրել է քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Արամի Աբգարյանը՛՛ գրությամբ: Հիշատակի արարողություններին մասնակից էր ամբողջ Գյումրին՝ քառօրյայում զոհված գյումրեցի հայորդիների հարազատները, փառքով վերադարձած զինակիցները, քառօրյա պատերազմի հերոսներ՝ Շուլի Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, Գյումրիի հպարտությունները՝ աշխարհի ու օլիմպիական չեմպիոնները, քաղաքական գործիչներ: Գյումրի էին ժամանել նաև Ջաբրայիլի՝ Տիգրան Աբգարյանի զորամասի զինվորներն ու հրամանատարը, Տիգրանի դպրոցական ընկերներն ու ուսուցիչները:

Իր ավագ անվանակցի հիշատակին ծաղիկներ խոնարհելու էր եկել նաև Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղի բնակիչներ Խաչատրյանների ընտանիքում ապրիլի 10-ին ծնված Տիգրանը: Նրան ծնողներն անվանակոչել են հենց հերոս տանկիստի պատվին: Մոտ հինգ ամսական Տիգրանն այսօր չգիտի ինչու էր Տիգրան Աբգարյանի մայրն իրեն սեղմել կրծքին ու լալիս, բայց տարիներ հետո նաև կհպարտանա՝ հերոսի մայրն իր ուսին է լացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: