Հայերեն   English   Русский  

​Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման պահանջին նոր մոտեցում ցուցաբերվեց


  
դիտումներ: 3004

Կառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ:

Այսպիսով, սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ մյուս գյուղերում` տարբերակված գներով` արժեքի 50 տոկոսի չափով: Կառավարության որոշմամբ` 2013 թ. հարկային տարվա արդյունքներով 30-58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների ներդրման ժամկետ սահմանվեց 2014 թ. օգոստոսի 1-ը, ՀԴՄ արժեքը` 150 հազար դրամ, իսկ 10-30 մլն դրամ հասույթ ունեցողների համար` 2014 թ. հոկտեմբերի 1-ից,ՀԴՄ գինը` 120 հազար դրամ, 5-10 մլն դրամ հասույթ ունեցողների համար` ժամկետը 2015 թ. հունվարի 1-ը, ՀԴՄ գինը` 80 հազար դրամ, և մինչև 5 մլն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար ժամկետը սահմանվեց 2015 թ. հունվարի 11-ը, իսկ ՀԴՄ արժեքը` 60 հազար դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ կարևորեց կառավարության այս ձեռնարկը և հատուկ շեշտեց, որ այս զիջումները շատ թանկ են նստելու կառավարության վրա, քանի որ դրանց հետևանքով առաջացած կորուստների բեռը մնում է բյուջեի վրա: «Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ ընդհանուր 4 մլրդ 380 մլն բեռ է ավելանում կառավարության վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ներին աջակցելու այս գործընթացին»,- ասաց նա:

Սա, ինչ խոսք, կարևոր որոշում էր, քանի որ բազմիցս դժգոհություններ ու մտահոգություններ էին արտահայտվել` կապված ինչպես նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետների, այնպես էլ դրանց արժեքի հետ: Այս որոշումով, փաստորեն, կառավարությունը փորձում է մի քիչ ավելի փոքր ծախս ստեղծել ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, ինչը ողջունելի է:

Ի դեպ, այս որոշումից ընդամենը մի քանի օր առաջ նույն կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պարտադրանքը հանել` ազատելով նրանց լրացուցիչ ծախսերից: Այդ ժամանակ կառավարությունն իր եզրակացության հիմնավորման մեջ նշեց, որ ավելի լավ է օժանդակել ՓՄՁ-ներին` ավելի ուշ ու ավելի մատչելի գներով նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել:

Չկա բարիք` առանց չարիքի

Հասկանալու համար, թե ինչու է կառավարությունը նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջ դրել, արժե դիտարկել մի քանի հանգամանք:

Ինչպես հիշում ենք, կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի փաթեթ, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտարկվելու որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3,5 տոկոսից դարձրեց 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառությունը, բացառությամբ բիզնեսի որոշ տեսակների, ազատեց հարկերից: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր:

Փաստորեն, ՓՄՁ-ների հարկային բեռը թեթևացվում է կամ հանվում` փոխարենը նրանից պահանջելով փաստաթղթավորում, ինչը խոշոր ձեռնարկություններին ստվերից թափանցիկ դաշտ բերելու հնարավորություն պետք է տա: Հիշենք նաև, որ

ՓՄՁ-ների աջակցության առաջին փաթեթի ընդունման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՓՄՁ-ների հարկային բեռի նվազման հետևանքով պետբյուջեի եկամուտները մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: «Բայց մենք այս քայլով, բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան»,- նշեց վարչապետը:

Այս փաթեթի ներդրման ժամանակ, ի դեպ, հայտարարվեց նաև հարկային վարչարարության պարզեցման ու ռիսկերի վրա հիմնված ստուգումների մասին: Իսկ նման պայմաններում պահանջվում է նյութատեխնիկական լուրջ բազա և նորարարական ծրագրեր ու մոտեցումներ: Հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրի ծավալների, շրջանառության վերաբերյալ տեղեկություններն անընդհատ ու պարբերաբար հասնեն տվյալների բազա, ու բավականին արագ ու դինամիկ հսկողության միջոցով պարզեն ռիսկերն ու այդ ռիսկերի «հասցեները»: Հայաստանում ներդրված են հարկային համակարգի աշխարհի ամենաառաջադիմական տեղեկատվական տեխնոլոգիաներ: Պակասում էր միայն նոր սրենդի ՀԴՄ-ների տեղադրումը, որը հնարավորություն կտար անխափան գործելու ամբողջ համակարգին: Ուստի, նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, թերևս, կարևոր որոշումներից է, ու միգուցե դրական արդյունքներ ունենա:

Բայց չմոռանանք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով` 3.85 դրամով թանկանալու է: Այս թանկացումը, ինչպես հուլիսի 4-ին նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, կազդի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա, հետևաբար` փոքր բիզնեսն անկում կապրի:

Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով սպառողական շուկայում գնաճ է տեղի ունենալու: Իսկ թե գնաճը ինչպես կազդի տնտեսության ամենազգայուն հատվածի`ՓՄՁ-ների վրա, դժվար չէ պատկերացնել: Սա նշանակում է, որ պետությունն ավելի շատ հարկեր կհավաքի ու որոշ չափով կթեթևացնի վերոհիշյալ ծրագրերի իրագործման հետևանքով սպասվող ծախսային բեռը:

Ստացվում է, որ կառավարությունը մի ձեռքով տալիս է, մյուսով` վերցնում: Եվ մնում է մխիթարվել, որ գոնե նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու բեռն ամբողջությամբ չընկավ ՓՄՁ-ների ուսերին, չնայած անգամ փոքր ծախսերը նրանց մի մասի համար էական նշանակություն կունենան: Այնպես որ, ինչպես «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքն է կենսունակ, այնպես էլ հակառակը` «չկա բարիք առանց չարիքի» տարբերակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: