Հայերեն   English   Русский  

​«Երանգներ` Հայաստան և անդին». գունազարդ աշխարհը Հարություն Արմենյանի վրձնով


  
դիտումներ: 2592

Մինչև նոյեմբերի 7-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ագեան» ցուցասրահում կընթանա Հարություն Արմենյանի «Երանգներ` Հայաստան և անդին» նկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալով` Բեյրութի «Նոյյան տապան» միջազգային ցուցասրահի տնօրեն Մովսես Հերկելյանը նշեց, որ միայն ջրաներկով նկարող նկարիչներ շատ քիչ կան, Արմենյանն այդ եզակիներից մեկն է: «Ջրաներկը դժվար արտահայտչամիջոց է: Յուղաներկն ավելի դյուրությամբ կենթարկվի

Հարություն Արմենյանի ցուցահանդեսը

արվեստագետի ստեղծագործական քմայքին, քան ջրաներկը: Ջրաներկը ես կնմանեցնեմ 16-17 տարեկան գեղեցկուհիի մը, որ գիտե իր գեղեցկությունը, քմայքոտ է և դյուրությամբ չի ենթարկվիր: Դոկտոր Արմենյանը սիրահարված է այդ աղջկան և իր կյանքի ամբողջ ընթացքին կաշխատի ջրաներկով: Բայց կարևորն այն է, որ ամեն անգամ կհայտնաբերե նոր միջոցներ, որպեսզի առավելագույն չափով ենթարկե իր ստեղծագործական քմայքին և պաստառին հանձնե այն, ինչ որ ինքը կուզե: Որովհետև ջրաներկի պարագային սխալվելը արգելված է: Արվեստագետը պետք է կարողանա ճիշտ երանգը ճիշտ վրձնահարվածով ճիշտ տեղը դնել»:

Հերկելյանի խոսքով` Արմենյանը սկսել է որպես սիրող նկարիչ, բայց այսօր արդեն երկու մասնագիտություն ունի` միջազգային չափանիշներով բժիշկ-գիտնական է և միջազգային մակարդակով մրցունակ նկարիչ:
Հարություն Արմենյանը ծնվել է Բեյրութում, այստեղ ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան, ապա կրթությունը շարունակել է ԱՄՆ Բալթիմորի Ջոն Հոփքինս համալսարանում: Նա 14 տարի ղեկավարել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, նաև Ջոն Հոփքինս համալսարանի հանրային առողջապահության մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը: Այժմ Լոս

Հարություն Արմենյանի ցուցահանդեսը

Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի պրոֆեսոր է:
2001-ին Արմենյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2007-ին կաթողիկոսը նրան շնորհել է Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանը:
Հարություն Արմենյանը նկարել սկսել է Բեյրութում, 1976 թ.` Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին: Առաջին նկարից հետո այլևս կանգ չի առել: Տարիներ շարունակ, ուր էլ որ գնա, իր հետ է տանում ջրաներկերի և վրձնի տուփը, որպեսզի հավերժացնի իրեն ոգեշնչած տեսարանները:

Հարություն Արմենյանի ցուցահանդեսը

«Երանգներ` Հայաստան և անդին» ցուցահանդեսն Արմենյանի հինգերորդ անհատականն է, նախկինում նա ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Լոս Անջելեսում և Երևանում: Նաև երեք գրքերի հեղինակ է` «Երանգներ և խոսքեր», «Կյանքը ջրաներկերով» և «Կյանքն այդտեղ դեռ չի հալչեր»: Նա հեղինակել է նաև գիտական աշխատություններ` 15 մենագրություն և 74 հոդված, ևս 18 գրքի համահեղինակ է:
«Անկախը»կարճ զրույց է ունեցել Հարություն Արմենյանի հետ:
- Պարոն Արմենյան, ինչպե՞ս եք կարողանում համատեղել գրականությունը, նկարչությունը և բժշկությունը:
- Կյանքի ուղիներուն մեջ լավագույնն այն է, որ առիթն օգտագործես, չըսես, որ չեմ կրնա: Ինձի համար քանի մը աստիճան զգայական հաճույքներ կան, բայց բարձրագույն հաճույքը ստեղծագործականն է, ըլլա ադիկա գիտական աշխարհի մեջ թե արվեստի զանազան ճյուղերուն մեջ: Ինձի համար հաճույքներ են ասոնք:
- Ձեր հարցազրույցներում միշտ նշում եք, որ սիրող նկարիչ եք, բայց սա Ձեր 5-րդ անհատական ցուցահանդեսն է, մեծ համբավ ունեք: Ի՞նչ է պետք, որ Ձեզ պրոֆեսիոնալ նկարիչ համարեք:
- Ես չեմ ուզեր սիրողական մթնոլորտեն դուրս լինել: Փոլ Կիրակոսյանը (լիբանանահայ գեղանկարիչ) մի անգամ ինձ ըսավ, թե դուն կիրակնօրյա, սիրողական նկարիչ ես, դուն մեկուն բան մը տալիք չունիս, մենք` պրոֆեսիոնալ նկարիչներս, հաճախորդի մասին կմտածենք: Այս նկարները ստեղծված են այդ ազատության մթնոլորտին մեջ: Անոր համար շատ կզգուշանամ, երբ ցուցահանդես պիտի ըլլա, որ այդ ցուցահանդեսի արդյունքները վրաս չազդեն, իմ սիրողական ազատության վրա չազդեն:

Հարություն Արմենյանի ցուցահանդեսը

- Առաջին անգամ նկարել եք պատահաբար, երկրորդ անգամ ի՞նչը ստիպեց, որ վրձինը նորից Ձեր ձեռքը վերցնեք:
- Տեսա, որ հոգիին հանդարտություն տվող միակ բանը նկարչությունն է: Այնքան դժվար օրեր էին, երբ անընդհատ կմտածես ինչ պիտի ըլլա մեր ապագան, այսպես ժամ մը, երկու կհեռանաս այդ ամենեն:
- Իսկ գրականության ոլորտ ինչպե՞ս մուտք գործեցիք:
- Գրականության ոլորտում ավելի հին եմ, ուսանողական օրերեն հրատարակած եմ:
- Նշեցիք, որ գրականությունն էլ, կերպարվեստն էլ, գիտությունն էլ հաճույք են Ձեզ համար: Իսկ յուրաքանչյուր տրամադրությունն ի՞նչ է թելադրում:
- Հաճույքը նույնն է: Եթե նստիմ գրելու, կզգամ, որ այդ մթնոլորտի մեջն եմ: Նկարելն ավելի արագ կըլլա, գրելն ավելի շատ կենտրոնացում կպահանջե, բայց երբ կսկսես գրել, գրիչն ինքը կգրե: Պիտի կարենաս ամենուր քո հաճույքը ճանաչել: Ասիկա կնմանե մահմեդական մարդու, որ տասը կին ունի:
- Ձեր նկարներում վառ գույներ են: Գույների ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:
- Գույներու ընտրությունը թելադրում է, նախ, տեղի մթնոլորտը: Անիկա կպարտադրե քեզ: Բնության մեջ այս բոլոր գույները ներկա են, աչք պետք է ունենաս տեսնելու, անբնական բան չկա:
- Իսկ ի՞նչ ուղերձ եք հղում նկարը դիտողին:
- Վայելեք:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: