Հայերեն   English   Русский  

Թուրքիան փորձում է պահպանել դեմքը, իսկ Ռուսաստանը չի խանգարում. քաղաքագետ


  
դիտումներ: 620

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը բխում էր երկու երկրների շահերից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:

Նրա խոսքով` հասկանալու համար, թե ինչու Թուրքիան մեղա եկավ, պետք է պարզել, թե ինչու ամեն ինչ սկսվեց 7 ամիս առաջ: Բոլորի համար պարզ դարձավ , որ Թուրքիան իր նկատառումները փոխել է և փնտրում է ռեսուրսներ այլ միջոցներով:

Ըստ քաղաքագետի` ադպիսի կտրուկ շրջադարձ իր վաղեմի գործընկեր Ռուսաստանի նկատմամբ նշանակում էր, որ նա ավելի հստակեցրել է իր դիրքորոշումը` նկատի ունենալով իր միջազգային ռեյտինգը և շուրջը եղած հակամարտությունները: Շատ այլ երկրներ նման քաղաքականություն են վարում` միջազգային ռեսուրսներ գտնելով Ռուսաստանին հակադրվելու միջոցով: Դա վերաբերում է Լեհաստանին, Ուկրաինային և Վրաստանին: «Երևի Թուրքիան որոշել էր գնալ այդ ճանապարհով: Միևնույն ժամանակ նա մտածում էր, որ Սիրիայի մասնատումը սարերի ետևում չէ և թխվածքի մեծ պատառը իրեն կհասնի: Երբ էյֆորիան անցավ, թուրքերը հասկացան, որ աշխարհը այդ խայծը կուլ չտվեց»,- ասաց Շուշան Խաթլամաջյանը:

Միջազգային շուկայում ՌԴ-ի դեմ գնալն այդքան էլ մեծ գին չուներ այլևս: Այդ քայլին գնալով` Թուրքիան միաժամանակ մի քանի սխալ թույլ տվեց: Թե՛ Բունդեսթագի որոշումը Հայոց ցեղասպանության վրա, թե՛ Brexit-ը, ինչպես նաև տնտեսական կորուստները իրենց դերակատարությունը ունեցան` ստիպելով Թուրքիային գործել: «Հավանաբար Թուրքիայի ղեկավար շրջաններում լսել են սթափ ձայների այն օղակներից, որոնք հասանելի են Էրդողանին: Եթե Դավութօղլուի ասածների մեջ Էրդողանը միշտ մրցակցություն էր տեսնում, իսկ նախկին վարչապետից ավելի թույլ մարդկանց ասածները ավելի հանգիստ է լսում»:

Շուշան Խաթլամաջյան ը գտնում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիան ոչ մի ձեռքբերում չունեցավ միջազգային ասպարեզում, ավելին` տնտեսական մեծ կորուստներ կրեց: Սա ստիպեց, որ Թուրքիան ներողություն խնդրի: «Ամեն դեպքում դա ոչ թ մեղայի գալ էր, իսկապես ներողություն էր, այլ մի տեքստ էր, որի բովանդակության մասին մենք երբեք ստույգ տեղեկություններ չենք ունենա: Ռուսաստանն արդեն պատրաստ էր ընդունելու այդ ներողությունները: Թուրքիան ցավում է օդաչուի մահվան համար, բայց գործնականում չի ասում , որ սխալ է գործել: Այդպիսի բան ներկայացված տեքստում ես չտեսա: Թուրքիան փորձում է պահպանել դեմքը, իսկ Ռուսաստանը չի խանգարում դա անել: Երկու կողմին էլ հիմա ձեռնտու է վերագտնել իրար: Մեկը մյուսի համար ռեսուրս են»:

Անդրադառնալով այն հարցին, թե այս ամենը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, քաղաքագետը նկատեց` այդ շրջանը շատ լարված անցավ Հայաստանի համար.«Երբ այդ դեպքը տեղի ունեցավ, բոլորը առնվազն էմոցիոնալ առումով զգացին դրա ազդեցությունը: Պարզ էր, որ դա բոլորովին Հայաստանի շահերից չի բխում: Մտավախություն կար, որ երկու երկրներն էլ մեզ կօգտագործեն` թե՛ որպես բուֆեր, թե՛ որպես թիրախ: Ռուսական ամբողջ մամուլը լցված էր հայկական հարցի մասին նյութերով: Ռազմական առումով շատ բան չի փոխվում: Հարաբերությունները կլավանան, սակայն կոնֆրոնտացիոն գործողությունները, պայմանագրերը կմնան: Չեմ կարծում, թե մենք շահեցինք նրանց հարաբերություններում լարվածությունից. դա բավականին նյարդային շրջան էր հայերի համար: Քառօրյա պատերազմը անուղղակիորեն այդ իրադարձությունների հետևանքն էր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: