Հայերեն   English   Русский  

Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը. Կարեն Թումանյան


  
դիտումներ: 751

«Մեր երկրում ամենաթողությունը և անկառավարելիությունը հասել են իրենց գագաթնակետին: Վիճակն այնքան լուրջ է, որ շարժումները միայն կարող են հասնել հաջողության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիներին ակտիվացել են քաղաքացիական շարժումները: «Ամեն ինչ կարելի է ասել սկսվեց «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայից, և դա կարծես թե հաղթանակ տարավ քաղաքապետարանի կայացրած հակաժողովրդական որոշման նկատմամբ», – ասաց հրապարակախոսը:

Թումանյանը նաև իր գոհունակությունը արտահայտեց «Դեմ եմ» շարժման գործողություններից. այն անգամ կարողացավ խնդիրը հասցնել Սահմանադրական դատարան, ինչը մի կողմից հաջողություն է, սակայն կառավարությունը, ըստ Թումանյանի, ավելի խորամանկ գտնվեց. «Եկավ մի պահ, որ ասում ենք` կուտակային լիներ, երևի ավելի լավ լիներ, հիմա գրեթե ամբողջ հանրությունն է ընդգրկված այստեղ», – ասաց նա ` նշելով, որ շարժումներից ամեն մեկը պայքարում էր միայն կոնկրետ խնդրի դեմ և այդտեղից է, որ առաջացել է նոր շարժում ստեղծելու գաղափարը. «Մենք հասկացանք` պետք է ստեղծել մի շարժում, որը կարձագանքի նման հակասահմանադրական որոշումներին, մենք պետք է զսպաշապիկ հասցնենք ռոբերտնազարյանական և նմանատիպ դուքյաններին», – հայտարարեց Կարեն Թումանյանը:

Նորաստեղծ շարժման ղեկավարը անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին` ընդգծելով, որ իրենց նպատակներից մեկն է թույլ չտալ նոր թանկացումներ: Նրա խոսքով` ՀԾԿՀ-ի հայտարարությունները, որոնք միտված են հիմնավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, անհիմն են. «Ի՞նչ է նշանակում` մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի, և այն պետք է փակենք մենք, ինչու՞ պիտի նրա վատ կառավարման համար մենք տուժենք: Մենք, աշխատելով հանդերձ, աղքատ ենք, անձամբ ես երկու տեղ եմ աշխատում և հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում: Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը. նա մեզ համար ո՞վ է», – ասաց նա:

Ըստ նրա` սպասելիքները նոր կառավարությունից սին էին, քանի որ այն ոչ մի գնահատական չտվեց նախկինին: «Այս կառավարությունը նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ես հակված չեմ այն մտքին, որ պետք է հարյուր օր հետո գնահատական տալ, ի սկզբանե, ամեն ինչ պարզ էր: Հին կառավարության անդամների 90 տոկոսը մնաց: Ի՞նչ տարբերություն. Գագիկ Բեգլարյանը փոխվե՞ց, սոցապնախարարը փոխվե՞ց. ոնց որ աշխատել էին, այդպես էլ շարունակելու են»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: